Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը պատրաստ է ոչնչացնել և՛ ճշմարտությունը, և՛ հայ ժողովրդի համար սուրբ պատմական արժեք. Լևոն Զուրաբյան

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լևոն Զուրաբյանը գրում է․ 
 
1991 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՅՔԱՐԵՑ, ԶՈՀԵՐ ՏՎԵՑ ԵՒ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ
 
«…Էդ ե՞րբ է եղել, որ Հայաստանը պայքարել է անկախության համար…Ե՜ւ 1918֊ին մենք անկախության համար կռիվ չենք տվել, ե՜ւ 1991 թվականին…1991 թվականի՞ն ենք մենք պայքարել անկախության համար…երբ ամեն ինչ սրբացվում ա, ես դա չեմ ընդունում, ե՜ւ 1918 թվականին մենք էդքան անկախության համար կռիվ չենք տվել, ե՜ւ 1991 թվականին»։
 
Այսպես է ասել է հայտնի լրագրող եւ հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանին վերջերս տրված հարցազրույցում։ Թաթուլին ես վաղուցվանից հարգանքի արժանի եմ համարել թեկուզեւ հենց այն բանի համար, որ Հայաստանի պատմության ինստիտուցիոնալ հիշողությունը ամրապնդելու գործում նա հսկայական աշխատանք է կատարել, ինչի վկայությունն է իր կողմից ստեղծված՝ Հայաստանի պատմության ճակատագրական պահերին եւ որոշումներին վերաբերող փաստաթղթերի aniarc.org արժեքավոր շտեմարանը։
Այս իսկ պատճառով առավել ցավալի է հենց Թաթուլ Հակոբյանի շուրթերից լսել մեր պատմությունը աղավաղող եւ հայ ժողովրդի գաղափարականությունն ու հերոսական պատմական կամքը նսեմացնող նման պնդումները եւ ես չեմ կարող դա անարձագանք թողնել։
 
Իրականում.
1. Հայոց Համազգային Շարժումը, որը «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդությամբ 1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից դարձել էր հայ ժողովրդի քաղաքական կամքի եւ ձգտումների անվիճելի եւ բացառիկ արտահայտիչը, դեռեւս 1989 թվականի ամռանը, Գլխավոր փոստատան դիմացի (ներկայումս Կարեն Դեմիրճյանի պողոտայի) տարածքում անցկացված հանրահավաքում հայտարարություն էր հրապարակել, որում հռչակել էր, որ Հայաստանի անկախության ձեռքբերումը դառնում է Շարժման գլխավոր ծրագրային նպատակներից մեկը։ Այդ ժամանակ Հայոց Համազգային Շարժման ղեկավարության մոտ հասունացել էր եւ լայն հանրային ըմբռնում էր ստացել այն համոզմունքը, որ անկախ պետականության վերականգնման խնդիրը առաջնային հարց է, որի լուծումից ածանցելի են բոլոր այլ, այդ թվում՝ Ղարաբաղի խնդիրների լուծումը։ Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ այդ ժամանակ, թեեւ հայ ժողովրդի եւ միջազգային ճնշման ներքո Խորհրդային Միության իշխանությունները ստիպված էին մոսկովյան բանտերից ազատել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, այնուամենայնիվ Խորհրդային Միության ռեպրեսիվ ապարատը դեռ պահպանում էր իր ուժը եւ շարունակում էր ուժային ճմշումներ իրականացնել։ Մասնավորապես, արգելված էին հանրահավաքները, ոստիկանական եւ զինվորական վերահսկողության տակ էին վերցրած Ազատության եւ Մատենադարանի ավանդական հանրահավաքային հրապարակները, ուստի «Ղարաբաղ» կոմիտեն իշխանությունների համար անակնկալ որոշում էր ընդունել չարտոնված հանրահավաք անցկացնել Գլխավոր փոստատան դիմացի այգու տարածքում։
 
2. Հետագայում Ժողովրդի հանրահավաքային ճնշմամբ Հայոց Համազգային Շարժումը պարտադրել էր իշխանություններին Շարժումը պաշտոնապես գրանցել որպես օրինական կազմակերպություն եւ 1989 թվականի նոյեմբերի 1֊ին անցկացրեց իր առաջին համագումարը։ Համագումարում ընդունվեց Հայոց Համազգային Շարժման Ծրագիրը, որում հռչակվեց, որ «Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ առաջնային քաղաքական խնդիր է» (Աշոտ Սարգսյան, «Հայաստանի անկախության վերականգնումը», Անտարես հրատարակչություն, 2020, էջ 105)։
 
3. 1990 թվականի մայիսի 13-ին, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության Գերագույն Խորհդրի մայիսի 20֊ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ, ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթում հրապարակվեց Շարժման ծրագիրը, որում աներկբա հայտարարվեց, որ «Հայոց Համազգային Շարժման նախընտրական ծրագրի հիմնադրույթները բխում են Շարժման քաղաքական սկզբունքներից եւ նպտակներից, որոնցից կարեւորագույներն են՝ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, համակեցության միջազգային օրենքների վրա հիմնավորված ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը, ազգի հզորացումը»։
4. Կոմունիստական Կրեմլի համար պարզ էր, որ Հայաստանում իշխանության համար պայքարելու են երկու ուժ՝ Խորհրդային Միության եւ կոմունիստական կարգերի պահպանման ջատագով կոմունիստները եւ անկախության ու ժողովրդավարական կարգերի հաստատման աջակից ՀՀՇ֊ն։ Երբ մայիսի 20֊ին տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ուրվագծվեց անկախականների հաղթանակը, անհանգստացած Կրեմլը մայիս 27-ին կազմակերպեց խորհրդային բանակի մասնակցությամբ Կայարանի հայտնի արյունալի սադրանքը, որի արդյունքում զոհվեցին 26 եւ վիրավորվեցին 80 քաղաքացիներ։ Կրեմլի հաշվարկով՝ տեղի ունեցածը պետք վախեցներ մեր հասարակությանը, բայց կատարվեց հակառակը։ Հուլիսի 3-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում ժողովուրդն ավելի վճռականորեն քվեարկեց Հայոց Համազգային Շարժման օգտին, ապահովելով նրա շռնդալից հաղթանակը։ Ի պատասխան անցանկալի զարգացումներին հուլիսի 25-ին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը ստորագրեց «Հայկական եւ Ադրբեջանական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություններում ապօրինի ռազմական միավորումների զինաթափման մասին» հրամանագիրը, որի նպատակն էր՝ Արցախում եւ Հայաստանում գործող ՀՀՇ֊ի եւ այլ կազմակերպությունների ինքնապաշտպանական ջոկատների զինաթափման պատրվակով Հայաստանում հաղթանակած նոր իշխանության բռնի տապալումը։
 
5. Օգոստոսի 4-ին, ժողովրդի աջակցությամբ խորհրդարանում երկարատեւ պայքարից հետո Լեւոն Տեր֊Պետրոսյանին ընտրելով Գերագույն Խորհրդի Նախագահ, Հայոց Համազգային Շարժումը ձեւավորեց Հայաստանի նոր իշխանություն, որի առաջին ակտերից մեկը դարձավ օգոստոսի 23-ին Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ։ Նոր իշխանության երկրորդ կարեւոր քայլն էր Հայաստանի տարածքում գործող բոլոր ոչ֊պետական ռազմական միավորումների լուծարման եւ Ներքին գործերի նախարարության կազմում Հատուկ գնդի ընդգրկման մասին որոշումների ընդունումը (անկախության հռչակումից հետո 1992 թվականի հունվարին Հատուկ գունդը փոխանցվեց նորաստեղծ Պաշտպանության նախարարության ենթակայությանը), ինչը մի կողմից սկսեց կամավորական ազատամարտիկների ներգրավումը պետական ուժային կառույցների մեջ, եւ, մյուս կողմից, զրկեց Գորբաչովին Հայաստանում միութենական ուժային կառույցների կողմից որեւէ բռնի գործողություն անցկացնելու իրավական հիմքերից։
 
6. Ի կատարումն Անկախության Հռչակագրի՝ ընդունվեցին եւս մի քանի իրավական ակտեր, որոնք, գործնականորեն հաստատելով Հայաստանի պետական հաստատությունների անկախությունը Խորհրդաին Միությունից եւ զարկ տալով արմատական ազատական֊ժողովրդավարական բարեփոխումներին, առաջացրեցին կոմունիստական Կրեմլի աճող եւ անթաքույց զայրույթը։ Սեպտեմբերի 10-ին ընդունվեց «Հայաստանի պետական սեփականության» մասին օրենքը, որով Հայաստանի կառավարության տնօրինմանն անցավ Հանրապետության տարածքում գտնվող եւ մինչ այդ միութենական ենթակայության տակ եղած բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը։ Հոկտեմբերի 31-ին ընդունելով «Հայաստանի Հանրությունում սեփականության մասին» օրենքը, Հայաստանը դարձավ Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որ օրինականացրեց մասնավոր սեփականությունը եւ սկսեց սեփականաշնորհման գործընթացը։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի դատախազությունը հանվեց Խորհրդային Միության ենթակայությունից եւ ենթարկեցվեց Հայաստանի Գերագույն խորհրդին։ 1991 թվականի հունվարի 22-ին ընդունվեց «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքը, որի հիման վրա արդեն փետրվար֊մարտին իրականացվեց հողի սեփականաշնորհման հեղափոխական գործընթացը։
 
7. Հայաստանում, Բալթյան հանրապետություններում, ինչպես նաեւ Վրաստանում եւ Մոլոդովայում թափ հավաքող եւ Խորհրդային Միության գոյությանը սպառնացող անկախական շարժումներին Կրեմլը հակադրեց իր քայլերը։ Դեռ 1990 թվականի ապրիլի 3֊ին ընդունվեց «ԽՍՀՄ֊ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը, որը գործնականորեն գրեթե անհնար էր դարձնում անկախության գործընթացը հատկապես այն հանրապետությունների համար, որոնք իրենց կազմում ունեին ինքնավար միավորներ։ Հայաստանի եւ Բալթյան հանրապետությունների համար այդ խոչընդոտը գոյություն չուներ։ 1990 թվականի դեկտեմբերի 24֊ին խորհրդային իշխանությունները որոշեցին 1991 թվականի մարտի 17֊ին անցկացնել ԽՍՀՄ պահպանման համամիութենական հանրաքվե։ Հայաստանը վճռականորեն մերժեց Հայաստանում նման հանրաքվեի անցկացման գաղափարը, փոխարենը որոշելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին վերոհիշյալ օրենքի հիման վրա անցկացնել Հայաստանի անկախության հանրաքվե։
 
8. Անկախության գործընթացը եւ ազատական֊ժողովրդավարական բարեփոխումները թափ էին հավաքում եւ ստանում ժողովրդի անվերապահ ռւ ակտիվ աջակցությունը։ 1991 թվականի ապրիլի 13֊ին Հանրապետության հրապարակում ապամոնտաժվեց Լենինի արձանը։ Ապրիլի 17֊ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշում ընդունեց «Հայաստանի Կոմունիստական կուսակցության եւ նախկին Հայաստանի լենինյան երիտասարդական միության ունեցվածքը ազգայնացնելու մասին» որոշումը։ «Ռայկոմների» շենքերում այլեւս տեղավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ Գերագույն Խորհուրդը տեղափոխվեց իր այսօրվա վայրը՝ Կոմունիստական կուսակցության Կենտկոմի շենք։
 
9. Անկախության հանրաքվեի անցկացման որոշումը եւ հատկապես կոմունիստական կուսակցության դեմ քայլերը Կրեմլի ղեկավար կոմունիստները ընդունեցին որպես գաղափարախոսական ճակատում նրանց հասցված նվաստացուցիչ հարված։ Նրանց համբերության բաժակը լցվել էր։ Գորբաչովը տեսնում էր, որ բացառիկ ժողովրդավարություն վայելող նոր իշխանության ներքին քաղաքական դիրքերը ոչ մի կերպ չի կարողանում սասանել։ Արեւմուտքի հետ մերձեցման եւ «պերեստրոյկայի» քաղաքականության պայմաններում նա չէր կարող նաեւ բացահայտ բռնի հեղաշրջում կատարել Հայաստանում, քանի որ շատ լավ էր գիտակցում նոր իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության չափը, հետեւաբար, գիտակցում էր, որ իշխանափոխությունը կարող է կայանալ միայն մեծ արյունահեղության գնով։ Հարվածը, հետեւաբար, հասցվեց Հայաստանից դուրս, հայաստանյան իշխանությունների համար ամենախոցելի տեղում՝ Ղարաբաղում եւ հայ֊ադրբեջանական սահմանում։
 
10. Ապրիլի 30֊ից մայիսի15 խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՈՆ֊ի աջակցությամբ իրականացրեց տխրահռչակ «Կոլցո» գործողությունը եւ ամբողջությամբ հայաթափ արեց Լեռնային Ղարաբաղի հայաբնակ 24 գյուղ, որի ընթացքում սպանվեցին 100-ից ավելի եւ տեղահան արվեցին 10 հազար մարդ։ Մայիսի 5-ին նույն ուժերը, ներխուժելով Ոսկեպար գյուղը, իսկական կոտորած գործեցին հայ ոստիկանների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի հետեւանքով ունեցանք 14 սպանված եւ 57 վիրավոր, իսկ 45 ոստիկաններ տարվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ ենթարկվեցին կտտանքների։
 
11. Գորբաչովի հաշվարկները սխալ դուրս եկան։ Հայ ժողովուրդը չընկրկեց խորհրդային կայսրության կողմից անկախության գործընթացին հասցրած հարվածների առջեւ եւ ավելի ամուր համախմբվեց երկիրը դեպի անկախություն եւ ազատություն առաջնորդող Հայոց Համազգային Շարժման եւ նրա ղեկավարների շուրջ։ Կրեմլի բռնաճնշումներին դիմագրավելու գործում ռազմավարական նշանակություն ունեցավ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 29-ին իշխանության եկած Ելցինի ղեկավարած ուժի հետ ժողովրդավարական համատեղ ճակատի ստեղծումը։ Անկախության ձեռքբերման գործընթացում Հայաստանի ղեկավարները եւ մեր հանրության բացարձակ մեծամասնությունը հանդես եկան որպես միասնական օրգանիզմ, որը դույզն ինչ անգամ չշեղվեց իր բռնած կուրսից՝ ո՜չ ГКЧП֊ի պուտչից առաջ, ո՜չ պուտչի օրերին, ոչ է՜լ, առավելեւս, պուտչիստների անփառունակ ձախողումից հետո։ Խորհրդային միության պահպանման հանրաքվեն դրական արդյունք ապահովեց խորհրդային 9 հանրապետություններում (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան եւ Թաջիկստան), բայց անկախության համար հայ, վրացի, մոլդովացի եւ բալթյան ժողովրդների համառ պայքարը թուլացող կայսրության պայմաններում տվեց իր արդյունքը, նրա ներսում առաջացնելով կառավարման ճգնաժամ։
 
12. Պուտչից հետո, երբ արդեն պարզ էր, որ Գորբաչովը դե ֆակտո կորցրել է իշխանությունը եւ Խորհրդային Միությունը դատապարտված է կազմալուծման, Հայաստանի իշխանությունը չենթակվեց հայաստանյան բազմազան քաղաքական ուժերի կոչերին՝ անմիջապես, առանց սպասելու սեպտեմբերի 21֊ին նշանակված հանրաքվեի արդյունքներին, հռչակել անկախությունը։ Եթե այն հանրապետությունների համար, որոնք քվեարկել էին Խորհրդային Միության պահպանման համար, անկախությունը իսկապես ընկել էր գլխին երկնքից, ապա Հայաստանի իշխանությունները, միակը պահպանելով Խորհրդային Միության կազմից դուրս գալու խորհրդային բոլոր իրավական նորմերը եւ ընթացակարգերը, ընդգծում էին դրանով, որ Հայաստանի ժողովրդի համար անկախության ձեռքբերումը ոչ թե երկնքից ընկած ընծա է եւ բարենպաստ կոնյունկտուրայի ազդեցության տակ կատարվող քայլ, այլ հայ ժողովրդի կողմից հիմնավոր եւ գիտակցական ընտրություն, որի համար նա հետեւողականորեն պայքարել է, զոհեր տվել եւ զրկանքներ կրել։
 
Այսպիսով, 1989-1991 թվականներին հայ ժողովուրդը, որպես իր ժողովրդավարական կամքի արտահայտիչ քաղաքական ուժ ստեղծելով Հայոց Համազգային Շարժումը, վերջինիս քաղաքական առաջնորդությամբ որդեգրեց անկախ ժողովրդավարական Հայաստանի ստեղծումը որպես Շարժման գերագույն նպատակ եւ ամբողջատիրական Խորհրդային Միության կատաղի դիմադրությունն ու բռնաճնշումները հաղթահարելով, հերոսական հետեւողականությամբ եւ վճռականությամբ հասավ այդ ծրագրի լիակատար իրականացմանը։ Արդ, այս ճշմարտությունը մերժելու բոլոր փորձերը ուղղակի անընդունելի են։
Որեւէ կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքում Հայաստանի այսօրվա տխրահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձելու է վարկաբեկել այդ պատմական գործընթացը, ասելով, որ այդ տարիներին մենք չենք ստացել իրական անկախություն, քանի որ այն իբր թե կառուցված չի եղել «իրական» Հայաստանի հայեցակարգի հիման վրա, եւ որ «իրական» Հայաստանի «իրական» անկախությունը դեռ պետք է ձեռք բերվի իր իմաստուն կառավարման ներքո, ինչի համար պետք է մեր մեջ հաղթահարենք «հայրենասիրության կայսերական մոդելը»։
Այս ամենի տակ, սակայն, թաքնված է ընդամենը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա իր իսկ ձեռքերով բերած աղետների համար պատմական պատասխանատվության սարսափը, որից խուսափելու համար Փաշինյանը պատրաստ է ոչնչացնել ե՜ւ ճշմարտությունը, ե՜ւ հայ ժողովրդի համար սուրբ պատմական, մշակութային կամ գաղափարական որեւէ արժեք, հերոսական որեւէ նվաճում, բարոյականության կամ պետականության որեւէ ակունք։
 
Իհարկե, այդ գործը կատարելու համար նա տիրապետում է մանիպուլյացիոն կեղծման աննման կարողությունների եւ պետական համատարած պրոպագանդայի կիրառումով կարող է որոշ ժամանակավոր հաջողությունների հասնել, բայց ես նրա համար մի վատ նորություն ունեմ. Ճշմարտությունը մի փիս խասյաթ ունի՝ վերջում այն միշտ ճիշտ է դուրս գալիս։ Հետեւաբար, Անկախության գալիք տոնի կապակցությամբ շնորհավորում եմ մեր ժողովրդին անկախության ակունքների տարիներին կատարված պետականաստեղծ սխրագործության համար, որից հայոց ապագա սերունդները ընդմիշտ օրինակ են վերցնելու։
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App