Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Նա դեպի թատրոն էր գնում, իսկ ես փողոցն անցնում էի հակառակ կողմից. Հովհաննես Բաբախանյանի և Մարի Մսրյանի ընտանիքը 23 տարեկան է

LIFE

Aysor.am-ը գրում է.

Սերն այն է, երբ երկուսը նայում են միևնույն ուղղությամբ: Կայուն ընտանիքն այն է, որտեղ չկան գաղտնիքներ, անշտկելի իրավիճակներ ու իրենցից ոչինչ չներկայացնող բայց հարաբերությունները քայքայող ինտրիգներ: Aysor.am-ի «Եվ գլխավորը սերն է» խորագրի հերթական «կայուն սիրահարները» Հովհաննես Բաբախանյան և Մարի Մսրյան ամուսնական զույգն է:

Բարև, երջանկություն

Հովհաննես. Մարիին առաջին անգամ տեսել եմ դրսում՝ Նաիրի կինոթատրոնի դիմաց: Նա դեպի թատրոն էր գնում, իսկ ես փողոցն անցնում էի հակառակ կողմից: Այդ պահին մեր ընդհանուր ընկերներից մեկը ծանոթացրեց մեզ: Ես իր հետ անցա փողոցն ու շարունակեցի խոսել ինչ-որ բանի մասին: Պատկերացրեք, որ հիմա չեմ էլ հիշում, թե ինչ թեմայով էր մեր զրույցը, քանի որ ամբողջ ընթացքում մտածում էի՝ ի՜նչ գեղեցիկ է Մարին: Ավելի ուշ հասկացա՝ նա աշխարհի ամենագեղեցիկ կինն է: 

Մարի. Ես էլ ճիշտ նրա պես շփոթմունք ու հրճվանք էի ապրում: Եթե Հովիկը չի հիշում, թե ինչի մասին էինք խոսում, ապա ես ավելին՝ չեմ հիշում, որ երբևիցե որևէ տղամարդու հանդեպ զգացած լինեմ նույն ջերմությունը: Այդքա՜ն գերվեմ նրա դրական և ուժեղ էներգիայով (ժպտում է):

Սեր առաջին հայացքից

Հովհաննես. Որքան էլ ռոմանտիկ հնչի՝ միևնույն է, ձևակերպումն այս է. այո՛, դա սեր էր առաջին հայացքից: 

Մարի. Վստահ կարող եմ ասել, որ դա առաջին հայացքից սեր էր:

Արի Ամուսնանանք

Հովհաննես. Դա մեր կյանքում տեղի ունեցած ամենաունիկալ երևույթն էր (ծիծաղում է)… Թեև ծանոթանալուց հետո մենք սկսեցինք նույն թատրոնում աշխատել, բայց առաջին սիրո խոստովանությունն արել եմ դրանից երկու տարի անց՝ իրեն առաջին անգամ տուն ճանապարհելիս (ժպտում է): Պատկերացրեք, սիրո խոստովանություն անելուց հետո անմիջապես անցա ամուսնության առաջարկին (ծիծաղում է): Մարիս ապշած լսեց ու իր «մետաքսե» բնավորության համաձայն՝ լուռ ժպտաց ու գնաց տուն: Հավանաբար, մտածեց՝ ափսոս, լուրջ մարդու տպավորություն էր թողնում, ինչպե՞ս կարելի է առաջին հանդիպմանը, ժամադրությանը ամուսնության առաջարկ անել (ծիծաղում է):

Մարի. Շատ լավ եմ հիշում. 1992 թվականի նոյեմբերի 7-ն էր, ձյուն էր տեղում: Շուրջն այնքա՜ն գեղեցիկ էր, իսկ սիրո խոստովանությունն ամբողջացրեց գեղեցիկ պատկերը: Սակայն ամուսնության առաջարկն ինձ անլուրջ թվաց (ժպտում է): Անակնկալի եկա: Բայց ավելի ուշ հասկացա, որ գործ ունեմ ամենակայուն ու հաստատուն տղամարդու հետ: Մարդ, ով ունակ է հասնել իր նպատակին՝ նախընտրելով միայն աստվածային մաքրությունը, նվիրվածությունն ու ընտանեկան հավատարմությունը:

Սեր

Հովհաննես. Հանդիպել սկսեցինք 1992 թվականի նոյեմբերին, 1993 թվականի մարտի 25-ին նշանադրվեցինք, ապրիլի 18-ին՝ ամուսնացանք: Հայաստանաբնակներն, անշուշտ, հիշում են 1992-93 թվականի դաժան ձմեռը… 5 ամիս շարունակ ամեն առավոտ մոտ 10 կանգառ քայլում էի մինչև Մարիենց տուն, այնուհետև միասին քայլելով գնում էինք մեր տուն… Երեկոյան նորից նույն ճանապարհով Մարիին իրենց տուն էի ուղեկցում ու ուշ գիշերին վերադառնում մեր տուն, որտեղ մոմի լույսի տակ նստած՝ կիսարթուն աչքերով ինձ էր սպասում աստվածային մայրս:

«Ձախողված» ժամադրություն

Հովհաննես. Այս միջադեպն իմ մեջ շատ է տպավորվել. բարձրացա տանիք՝ ծխնելույզը մաքրելու, արդյունքում՝ մրսեցի ու հիվանդացա: Օրվա ընթացքում չկարողացա գնալ Մարիի մոտ, անգամ՝ չկարողացա զանգահարել, քանի որ հոսանքի անջատման պատճառով անջատվում էր նաև հեռախոսակապը: Հնարավորության առաջին իսկ պահին զանգահարեցի Մարիին ու ասացի, որ այդ օրը չենք կարող հանդիպել: Մարին երկար լռեց, ապա պատասխանեց. «Կարող ենք ընդհանրապես չհանդիպել»… Այ քեզ բա՜ն, նա ինձ չի հավատում: Առավոտից ինձ էր սպասել ու Աստված գիտի, թե որքան էր անհանգստացել ու ինչեր էին մտքով անցել:

Գլխավորը սերն էր

Հովհաննես. Որոշեցի տաք հագնվել ու գնալ իրենց տուն, որպեսզի Մարին տեսնի ու համոզվի, որ իսկապես հիվանդ եմ: Գոլֆի մական հիշեցնող փայտս վերցրեցի, քանի որ թափառող շներից պաշտպանվելու իմ միակ զենքն էր, ու ճանապարհ ընկա դեպի գեղեցկուհուս պալատ (ժպտում է):

Մարի. Երևի գիշերվա ժամը 1-ն էր՝ դռան թակոց լսեցի: Դուռը բացեցի ու տեսա Հովիկի ժպտացող, լուսավոր աչքերն ու մի մեծ փունջ ճերմակ քրիզանթեմ: Նա բարձր ջերմություն ուներ, բայց փորձում էր թաքցնել: Աստված իմ, ես իսկապես չէի պատկերացնում, որ նա այդ ժամին կգա: Չէ՞ որ Երևանում պարետային ժամ էր հայտարարված, ժամը 20:00-ից հետո արգելվում էր տանից դուրս գալ (հուզվում է)… Միասին թեյեցինք, այնուհետև իմ ասպետն ուղևորվեց իր դղյակ՝ ինձ թողնելով իր տաք շունչն ու ճերմակ քրիզանթեմների փունջը: Մինչև հիմա, երբ հիշում եմ, չեմ կարողանում ինձ ներել… Այդ քայլով Հովիկն ապացուցեց, որ իր համար միևնույն չէ, թե ես ինչ եմ մտածում իր մասին, վստահո՞ւմ եմ իրեն, թե՞ ոչ: Հասկացա, որ իմ կարծիքը թանկ է իր համար:

Հարսանիք

Հովհաննես. Ամեն ինչ անցավ գեղեցիկ, մտածված, ճաշակով ու չափի մեջ: Քանի որ հյուրերի քանակը սահմանափակ էր, որոշեցինք մեր ուրախությունն ավելի ուշ նաև թատրոնում նշել: Ասեմ, որ ամուսնությունից հետո ես դարձա ավելի պատասխանատու, նախ՝ որպես ամուսին, ապա՝ որպես հայր:

Խնամիներ

Հովհաննես. Ի ուրախություն մեզ՝ մեր ծնողներն առաջին իսկ օրից միմյանց հետ փայլուն փոխհարաբերություններ ստեղծեցին ու պահպանեցին:

Սիրո պտուղներ

Հովհաննես. Երեք զավակ ունենք՝ Լիա, Էլլա, Գոռ: Նրանք որքան տարբեր, այնքան էլ նման են միմյանց: Տարբերությունը նրանից է գալիս, որ բոլոր հարցերում անհատական մոտեցում ենք ցուցաբերել, փորձել հականալ: Սիրելուց բացի նաև հարգել ենք յուրաքանչյուրի կարծիքն ու անհատականությունը: Այս մոտեցումը կարևոր է հատկապես այն ընտանիքներում, որտեղ երկու և ավելի երեխաներ կան: Գիտեք, երբ պարբերաբար պարտադրում ես նույնը հագնել, ուտել ու հաշվի չես նստում նրանց խնդիրների ու ցանկությունների հետ, նրանք դառնում են անկառավարելի, դժվար մարդիկ:

Մարի. Այո, երբեմն շատ սիրելով մեր երեխաներին՝ մոռանում ենք նրանց հարգել որպես ինքնություն, անհատ այս կյանքում: Նրանցից յուրաքանչյուրն անհատական վերաբերմունքի կարիք ունի և եթե ընտանիքում նման վերաբերմունքի է արժանանում, հասարակության մեջ սահուն կերպով ինքնահաստատվում է: Երիցս մայրանալն Աստծո ամենամեծ պարգևն էր ինձ, քանզի նրանք երեքն էլ սիրո պտուղներ են:

Խանդ

Հովհաննես. Խանդը համեմատաբար շատ չէր, քանի որ նույն թատրոնում էինք աշխատում, ամբողջ օրը միասին էինք: Իսկ հետո, ժամանակի ընթացքում Մարին ճանաչեց ինձ և այդ թեմայի շուրջ բոլոր դատարկ խոսակցություններն իսպառ հոդս ցնդեցին: Իսկ ինչ վերաբերում է ինձ, առհասարակ, չեմ ապրի մի կնոջ հետ, ում կասկածում կամ խանդում եմ: Բայց և ասեմ, որ տղամարդու զգուշությունը մշտապես պահանջում է առավել արթուն ու զգոն լինել՝ չվստահելով շրջապատին և հանգամանքներին, այլ ոչ թե կնոջդ: Այս առումով, իհարկե, հիվանդագին խիստ եմ: Բայց ես նախընտրում եմ խաղաղ, փոխադարձ վստահության վրա հիմնված ամուսնական կյանքը: Այնպես որ, մեր փոխհարաբերությունները կայուն են ու հավասարակշռված:

Մարի. Միշտ սիրված ու նկատված լինելով ամուսնուս կողմից՝ երբեք կարիք չեմ ունենում նրան խանդի առիթ տալու: Թեև, եթե անգամ կատակով փորձեմ նման բան անել, գիտեմ, որ դա իրեն հունից կհանի: Այ այդ դեպքում, չգիտեմ, թե ինչ կկատարվի (ծիծաղում է): Նա չի սիրում, երբ իրեն կասկածում կամ հակառակվում եմ: Հովիկն այն տղամարդն է, ում պետք է շատ սիրել, անմնացորդ նվիրվել ու լուռ հետևել իր քայլերին: Այս դեպքում դու, որպես կին, շատ սիրված ու գնահատված կլինես: Ես շատ եմ սիրում ու վստահում ամուսնուս: Նա շատ ջերմ անձնավորություն է, շրջապատում բավականին համարձակ ու ազատ շփվելով հանդերձ՝ փայլուն կերպով կարողանում է վերահսկել չափի զգացումը՝ ամեն անգամ ինձ ապացուցելով, որ իսկապես անփոխարինելի եմ իր համար: Ըստ իս, պետք է մի փոքր ավելի զգույշ լինել միմյանց նկատմամբ, որպեսզի փոխհարաբերությունները չդառնան սովորական, կրկնվող ու անհետաքրքիր:

Ց՛տեսություն, Հայաստան

Հովհաննես. Հայաստանից մեկնեցինք, քանի որ փայլուն առաջարկ ստացա, որն ինձ համար ճանապարհ է հարթում դեպի Հոլիվուդ: Սովորաբար, հաճախ ենք Հայաստան գալիս, բայց նախորդ տարի զբաղվածությունս թույլ չտվեց: Հուսամ, որ մոտ ապագայում լավ առիթով նորից կտեսնվենք:

Մարի. Միացյալ Նահանգներ մեկնելու առաջարկը Հովիկինն էր, իսկ որոշումը բոլորս միասին կայացրեցինք՝ քննարկելով ու հաշվի առնելով բոլոր հնարավոր սխալները, որոնք կարող էին ճակատագրական դառնալ մեր ընտանիքի համար: Բայց, փառք Աստծո, այսօր Լիան և Էլլան արդեն «Woodbur»-ի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհիներ են, բժշկական հոգեբանություն են ուսումնասիրում: Որդիս՝ Գոռը, ավագ դպրոցում սովորելու հետ մեկտեղ խաղում է ամերիկյան թատերական ներկայացումներում, երբեմն էլ Հովիկի հետ նկարահանվում է ֆիլմերում:

Տարիները զուր չեն անցել

Մարի. Այս 23 տարիների համատեղ կյանքն ասես նույնացրել է մեզ: Ամեն անգամ ապշում ու հիացած անակնկալի եմ գալիս, թե ինչպես կարող է ամուսինս ինձանից լավ իմանալ՝ ես ինչ եմ ուզում: Ըստ իս, նրա բոլոր քայլերը միշտ ճիշտ են, դրանից էլ առաջացել է նրան կուրորեն վստահելու իմ սկզբունքը:

Հովհաննես. Նախկինում մենք շատ էինք խոսում, երբեմն մեր ընկերներն ու հարազատներն ասում էին՝ դուք տանն իրար չե՞ք տեսնում (ծիծաղում է): Բայց հիմա լուռ ենք խոսում, երբեմն՝ առանց բառերի: Արդեն միմյանց աչքերի մեջ նայելով ամեն ինչ հասկանում ենք:

Այր ու կին՝ մեկ մարմին

Մարի և Հովհաննես. Տարիների հետ հարաբերություններն առավել կայուն ու հաստատուն են դառնում: Այժմ մեր ընտանիքում բոլորս կարծես նույն տարիքի լինենք. հասուն մարդիկ ենք ու գրեթե բոլոր հարցերը քննարկվում և լուծում են ստանում բոլորիս համատեղ կայացրած որոշումներով:

Նելլի Մարգարյան



Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds