Բիզնեսմենը սպանել է հղի կնոջն ու երեխաներին, հետո ինքնասպան եղել (տեսանյութ)
VIDEOՌԴ Կրասնոդարի շրջանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Բիզնեսմենը սպանել է հղության 7-րդ ամսում գտնվող կնոջը, 17 տարեկան որդուն, 9 տարեկան դստերը, ապա ինքնասպան է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել նրանց առանձնատանը։ Մահացածների մարմինները հայտնաբերել է կնոջ՝ Ելենայի զարմուհին, ով նրանց հյուր էր եկել։
Պարզվել է, որ 36-ամյա բիզնեսմենը սպանել է ընտանիքի անդամներին, երբ վերջինները քնած էին։ Իսկ նման դաժան արարքի պատճառ է դարձել այն, որ նա մեծ պարտքեր է ունեցել։ Նա ավելի վաղ մի քանի անգամ ասել է, որ դրանց պատճառով ինքնասպան է լինելու, սակայն ընտանիքի անդամները նրա խոսքերին լուրջ չեն վերաբերվել։ Պարզվել է նաեւ, որ պարտքատերերը սպառնացել են տղամարդուն, ասել, որ կխլեն երեխաներին, ինչից հետո էլ նա նման ծայրահեղ քայլի է դիմել։ Ընտանիքի բարեկամներն ասում են, որ նրանք բոլորը հավասարակշռված, կիրթ մարդիկ էին։
Ելենան երկար տարիներ աշխատել է դպրոցում՝ ուսմասվար, Նիկիտան՝ որդին, տարված է եղել քիմիայով, ցանկացել է այդ ուղղությամբ մասնագետ դառնալ, իսկ 9-ամյա Յանան երգել է տեղի Մշակույթի տանը, մի քանի մրցույթների է մասնակցել ու անգամ հաղթել։



