Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն 7 ուղղություններով
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանն իր խոսքում նշել է, որ արդեն 13-րդ անգամ Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն է իրականացնելու ծրագիրը: Ընտրվել են լավագույն պրոֆեսորադասախոսական կազմը, հրավիրյալ մասնագետներ սփյուռքից եւ այլ ուսումնական հաստատություններից:
Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց դպրոցների խնդիրները, կարիքները, առաջարկներն ու մտահոգությունները:
Նրանք տարբեր հարցեր են ուղղել ԿԳՄՍ նախարարին՝ մասնավորապես անդրադառնալով սփյուռքում տարբեր ուսուցման ծրագրեր ունենալու, ուսումնական նյութերով, դասագրքերով ապահովելու, ինչպես նաեւ առցանց ռեսուրսների համալրման խնդիրներին: Մասնավորապես՝ Ռուսաստանում դասավանդող ուսուցիչներից մեկն առաջարկել է օտար լեզուներով հայոց պատմության, մշակույթի, գրականության վերաբերյալ աուդիո գրքեր ստեղծել՝ դրանք հասանելի դարձնելով սփյուռքի կրթօջախներին: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ համավարակի շրջանում թվային գործիքներ են ստեղծվել, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. նախարարությունը խթանում է դրանց համակարգված գործածումը: Կարեւորվել է նաեւ վերապատրաստումներն ըստ մակարդակների եւ շարունակաբար իրականացնելու հանգամանքը:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են մինչեւ հուլիսի 26-ը՝ հետեւյալ 7 ծրագրով. 1. ուսուցում մանկապարտեզում, 2. ուսուցում մեկօրյա դպրոցում, 3. տարրական ուսուցում, 4. հայոց լեզվի եւ գրականության դասավանդում, 5. հայոց պատմություն եւ մշակույթի պատմություն, 6. պարարվեստ, 7. տնօրենների վերապատրաստում:




















































