ՀՀԿ-ն Արմեն Սանթրոսյանին այլընտրանք չի տեսնում
POLITICSԴիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն առաջադրվել է փետրվարի 14-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում: Հաղթանակի դեպքում նա ղեկավարելու է միանգամից 7 բնակավայր, որոնք խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակներում միավորվում են որպես մեկ համայնք: Դիլիջան համայնքի ապագա ղեկավարը կղեկավարի Դիլիջանը, Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնի համար առայժմ առաջադրվել է միայն Սանթրոսյանը: Նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն նաեւ Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան համայնքներում: Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը միանում են եւ վերակազմակերպվում որպես Տաթեւ համայնք, իսկ Լոռու մարզի Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միացվում են Թումանյան համայնքին: Այս պահի դրությամբ կամ եւս մեկ առաջադրում: Առաջադրվել է նաեւ Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանը: Նրան նույնպես առաջադրել է ՀՀԿ-ն: Փետրվարի 14-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու վերջնաժամկետը հունվարի 24-ն է:
Գագիկ Աղբալյան



