Վարչապետ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ
POLITICSՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, ով ավարտում է իր գործունեությունը Հայաստանում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Դևիդ Դոուլի գործունեությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև իրականացվել և այժմ էլ շարունակվում են մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման, Մ6` Վ անաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Դոուլին կատարած աշխատանքի և ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դևիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին համագործակցության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում գործադիրի անդամների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում երկկողմ համագործակցության ուղղությամբ արձանագրվել են մեծ ձեռքբերումներ: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության լավագույն օրինակներից է Հյուսիս-հարավ ճանապար հի կառուցման ծրագիրը, որն այս տարի նոր թափով կշարունակվի: Դևիդ Դոուլը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի և ԱԶԲ-ի ամուր փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Դևիդ Դոուլին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով և նրան մաղթել նորանոր հաջողություններ:



