Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Սուրենը երազներում պատվիրել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի. փորձում եմ այդպես ապրել». Սուրեն Եսայանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբեք իր վրա չեմ բարկացել: Շատ հետաքրքրասեր էր: Ամեն լավ բանի համար ուրախանում էր, ամեն վատ բանից տխրում, բայց երբեք չէր արտահայտվում: Երբ փորձում էի հարցերի միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, Աստծու անունն էր տալիս: Փոքր տարիքում տերունական աղոթքը սովորեց: Ամեն օր քնելուց առաջ ձեռքերը բարձրացնում էր դեպի երկինք, աղոթում, խաչակնքվում և քնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սուրենի մայրիկը՝ տիկին Նարինեն:

Հինգուկես տարեկանում Սուրենը սկսել է դպրոց հաճախել: Մայրիկն ասում է՝ տղան անընդհատ դրսում խաղում էր, իրեն մի կերպ էր համոզում տուն գալ ու կարծում էր, որ դպրոց գնալու համար այդ տարիքը վաղ է, բայց ուսումնառության առաջին կիսամյակից հետո բոլոր կասկածները ցրվեցին: Սուրենը սովորել է Տաթև դպրոցում, ապա Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում, բայց ավարտել է մայրաքաղաքի ավագ դպրոցներից մեկը: Կալկաթայում երեք տարի ուսանելուց հետո չի դիմացել կարոտին ու վերադարձել է հայրենիք: «Ընկերն ու ինքը որոշեցին ուսումը շարունակել Կալկաթայում: Համոզում էր մեզ, այնքան շատ էր ուզում գնալ, որ նկարագրելու չէ: 12 տարեկան էր, հարցազրույցի մասնակցեց: Մաթեմատիկական խնդիրն անթերի լուծեց, հետո հոգեբանը հարցրեց՝ Սուրե՛ն ջան, քեզ ե՞րբ երջանիկ կզգայիր: «Կլինեմ երջանիկ, երբ ինձ հարազատ ու սիրելի մարդիկ լինեն երջանիկ: Իսկ կտխրեի, երբ լիներ դրա հակառակը»: Մեկնեց, սովորում էր, բայց ուսումը կիսատ թողեց և վերադարձավ: Ինչպես համառորեն ուզում էր գնալ, նույն կերպ համառորեն ուզում էր վերադառնալ. «Մամա՛ ջան, չեմ ուզում ձեզանից ու իմ հայրենիքից հեռու լինել, իմ ամեն քարին ու թփին կարոտել եմ»:

Երբ իր մոտ պետք է մեկնեի, հետը խոսելիս հարցրեցի Սուրենին, թե ինչ տանեմ իրեն, նկատի ունեի՝ քաղցրավենիք, ուտելիք և այլն: «Մա՛մ, ինչ կբերես, դու գիտես, բայց մեր պատուհանի տակ մի բարդի կա, դրա տակից ինձ մի բուռ հող բեր ու մեր ծորակից ջուր»: Տարա, ընկերներն ասում էին, որ հողը սուրբ մասունքի պես պահում էր: Այնտեղ էլ էր լավ սովորում, իրենից բոլորը գոհ էին: Սուրենը փաթաթվում էր ինձ ու ասում՝ մեծ մարդ եմ դառնալու, որ դու ու պապաս միշտ հպարտանաք ինձանով: Ինքն էլ իր ապարանյան արմատներով էր հպարտանում»: Սուրենը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվել է Ֆրանսիական համալսարանի «Կառավարում» բաժինը:

Հասցրել է մեկ տարի ուսանող լինել: «Երբ փոքր էր, ասում էր՝ պապայիս նման ճարտարապետ եմ դառնալու, շենքեր կառուցեմ: Բայց հասուն տարիքում որոշումը փոխվեց՝ մա՛մ ջան, շենացնելու եմ երկիրս»: Սուրենը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. հուլիսի 23-ին: Ծառայում էր Ջրականում: Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում ծնողները մեկ անգամ կարողացան Սուրենի մոտ մեկնել, երկու օր մնալ նրա հետ: «Մեկ գիշեր մնաց մեզ հետ, երկրորդ գիշերն էլ կարող էր, բայց հարցրեց ինձ՝ մա՛մ, շա՞տ կնեղվես, որ գնամ, զորամասս կարոտել եմ: Գնաց, ինձ ասաց՝ մա՛մ, գերազանց եմ ավարտելու ծառայությունս. «Նախ՝ վարձս հիսուն տոկոսով կզեղչվի, բայց ամենակարևորը՝ գերազանց ծառայությունն ինձ համար նպատակ է»:

2019 թ.-ին մեկնել էր աղջկաս մոտ Շվեյցարիա, իրեն համոզել էին, որ մնա, ասել էին, որ ուսումը կարող է այնտեղ շարունակել, բոլոր տվյալներն ունի, հինգ լեզու գիտեր, իսկ Սուրենը պատասխանել էր՝ ամեն եկող որ մնա, բա իմ հայրենիքին ո՞վ է տեր կանգնելու»: Պատերազմի սկսվելու պահից ընտանիքն ամեն օր խոսել է Սուրենի հետ: «Վախենալով, որ իր գտնվելու վայրը կարող են որոշել և թիրախավորել՝ միշտ ասում էի՝ ուղղակի մեկ րոպե խոսիր, ձայնդ լսենք, որ իմանանք՝ քեզ հետ ամեն ինչ կարգին է, կամ ուղղակի հաղորդագրություն ուղարկիր: Սուրենը մեզ հավաստիացնում էր, որ ապահով տեղում է: Հոկտեմբերի 4-ից 5-ն իրենց տեղափոխել են Հադրութ: Զանգեց հայրիկին, խնդրեց առանձնանալ բոլորից. «Ամեն մեկը մի ուղղությամբ փախչում է, հրամանատար չկա, չգիտենք, թե որ կողմ գնանք»:

Հայրիկն ասել էր, որ կզանգի իր հրամանատարին, որոշ ժամանակ անց արդեն Սուրենը զանգեց հրամանատարի հեռախոսից, ասաց, որ միասին են, հանգիստ լինենք»: Սուրենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, ամեն դեպքում այդ օրն է եղել Սուրենի վերջին զանգն իր ընտանիքին: «Մի տղա կա՝ Էրիկը, որը հետո հայտնվել է գերության մեջ, պատմում է, որ Հադրութում սկսված խառնաշփոթի պահին, երբ բոլորն սկսել են այս ու այն կողմ վազել, Սուրենն ասել է՝ վայ, ինձ էլ կպավ, Էրիկը ցանկացել է օգնության հասնել, Սուրենն ասել է՝ չես հասցնի, փախի: Ոչ ոք Սուրենին զոհված չի տեսել: Այդ է պատճառը, որ մինչ օրս չեմ հավատում, որ մեզ տրված մարմինն իմ որդունն է:

Չորս անգամ ԴՆԹ հետազոտություն արեցին, երեք անգամ հերքվեց, որ Սուրենի մարմինն է: Երբ երրորդ անգամ արված հետազոտությունից հետո ասացին, որ ինձ հետ առհասարակ համընկնում չկա, անասելի բարկացա, տհաճ զրույց ունեցանք հիմնարկի տնօրենի հետ: Երևի որոշեցին ազատվել մեզանից, երկու օր հետո զանգ ա հ ար եցին ու հայտ ն եցին՝ համընկնում ունեք, կարող եք գալ ձեր տղայի մարմնի հետևից: 2020 թ. դեկտեմբերի 1-ին զանգ ստացանք, որ իր փաստաթղթերով մարմին են գտել: Այդ օրվանից սպասման մեջ ենք եղել մինչև հունվարի 3-ը, երբ հայտնեցին, որ համընկնում կա: Մինչ օրս ամուսինս խունկ չի ծխում, տապանաքարի վրա մահվան ամսաթիվը ջնջել է տվել, Սուրենը դիպուկահարների դասակում էր, դիպուկահար է նկարել տվել: Չենք հավատում, որ Սուրենն այնտեղ է»: Ապրելու ուժ գտնելու մասին: Երբ այս հարցն էի տալիս տիկին Նարինեին, աչքերիս առաջ բարձրահասակ, հաղթանդամ, բաց գույնի աչքերով ժպտադեմ Սուրենն էր:

Չնայած այս օրերին իր ֆիզիկական բացակայությանը, նա բոլորիցս ավելի ողջ է ու ներկա: «Քանի հոգի ինձ պատմել է, որ Սուրենին տեսել է իր երազում, նա էլ ասել է՝ մորս ասեք, թող մեջքն ուղղի, թող լաց չլինի: Պատկերացնում եմ, որ դա հաստատ իր սրտով չէր լինի: Բոլորս ապրում ենք այնպես, ինչպես Սուրենը կուզեր, որ ապրեինք: Նա զոհվել է, եթե, իհարկե, զոհվել է, հանուն նրա, որ մենք ապրենք: Փորձում եմ այնպես ապրել, որ արժանի լինեմ տղայիս հետ հանդիպմանը: Փորձում եմ ուժեղ լինել ու իմ ուժը փոխանցել աղջիկներիս, որ իրենք էլ կարողանան լիարժեք ապրել: Ուղղակի ուզում եմ մտածել, որ Սուրենն ինձանից հեռու է ապրում, հակառակ դեպքում այս իրականությունից կարելի է խելագարվել»:

Սուրենի տապանաքարի վրա նրա իսկ խոսքերն են, որոնք մարգարեության պես են հնչում. «Մարդ կա՝ ծնվում է ապրելու համար, մարդ կա՝ մեռնում է հավերժ ապրելու համար»: 2020 թ. հուլիսի 20-ին, նախքան Հայկական բանակ զորակոչվելը, Սուրենը հագել է հայրիկի ընկերոջ նվիրած զինվորական համազգեստը, կանգնել հայելու առաջ, նկարվել, սոցիալական ցանցի իր էջում տեղադրել նկարը ու գրել. «Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։ Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական այս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»…

Հ. Գ. - Սուրեն Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Երրորդ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.