Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Ագաթանգեղոսի «Պատմության» գաղտնիքը

CULTURE

Մեզանում տարիներ ի վեր հաստատված սովորության համաձայն մենք խոսում և ներկայացնում ենք պատմական հայտնի դրվագները ընդհանուր կամ մեր կարծիքով հիմնական գծերով: Այդ կարծրատիպին հետևում են կրթական ոլորտի շատ աշխատողներ, մեր դպրոցներում, հաճախ նաև բուհերում կրկնվում են նույն փաստերը, ներկայացվում են նույն դրվագներն ու տեսարանները, ասվում են նույն խոսքերը: Այսպես առաջացավ մեր իսկ պատմության իմացության մի փակ շրջան կամ կարծրատիպ, որ կրկնվում է տարեցտարի` տպավորություն ստեղծելով, թե անհրաժեշտ գիտելիքները փոխանցել ենք մատաղ սերնդին, բայց իրականում դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ սահմանափակ ու կրկնվող պատմությունների մի շարան, որ արդեն իսկ հոգնեցրել է մեր երիտասարդներին:

ՄԻՆՉԴԵՌ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԸ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐՆ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԵՎ ՆՈՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության մեջ կա մի մեծ գաղտնիք, որ փնտրում է իր բացահայտողին, կա մի առեղծված, որ մեկնաբանություն է ուզում: Այսօր մեզ հուզող ցավոտ հարցերը դարեր շարունակ հուզել են նաև մեր նախնիներին, հուզել են հին դարերում, ծանր մտորումների տեղիք են տվել նաև նոր ժամանակներում, բայց կորել, անհետացել և մոռացվել են` այդպես էլ լուծում չգտնելով: Հայ միտքը մշտապես եղել է տառապանքի մեջ, տանջվել, տոչորվել է` չգտնելով հայոց հարցի կամ մեր պատմության ողբերգության պատճառները:

Եվ հիմա նորից կենդանացած, չլուծված, բայց չմոռացված, կորած, բայց դեռ կենդանի, անտեսված, բայց և կարևոր, հին մատյաններում արձանագրված, մեր պատմիչների շուրթերով հնչեցված այդ ցավոտ հարցերը նորից եկել ու պատել են մեր հոգին:

Իրոք, համաշխարհային քաղաքակրթության մեջ կարևորագույն դեր կատարած մեր ժողովրդին ինչո՞ւ են մշտապես կեղեքել դարերն ու ժամանակները, ինչո՞ւ ենք ունեցել այդչափ թշնամիներ։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՅԴՔԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՏՎԵԼ ԵՎ ՏԱԼԻՍ ԵՆՔ

Տարօրինակ է, բայց այդ հարցի պատասխանը կա մեր պատմության մեջ, որ չուզեցինք ճանաչել և չկարողացանք մեկնել: Այդպես է, քանի որ ամեն անգամ, նույնիսկ մեծագույն աղետից ու կորուստներից հետո կրկնել ենք նույն խոսքերը, միշտ պատասխանատու ենք հռչակել օտարին, համարձակություն չենք ունեցել պատասխանատվությունը մեզ վրա վերցնելու: Եվ դարեր շարունակ քայլել ենք նույն աղետալի ճանապարհներով, կրկնելով նույն սխալները: Հայոց պատմության դասը երբեք դասագիրք չմտավ, չուսուցանվեց երիտասարդ սերնդին, չբացապարզվեց հայ հոգու առաջ, չմեկանաբանվեց մեր լսարաններում:

Ոսկեդարի հայ գրականության մեծագույն դեմքերից մեկը Ագաթանգեղոսն է, որի «Հայոց պատմությունը» նույնպես գիտենք այնքանով, որքանով... Եվ գրքից գիրք, տպագիր բազում հրապարակումներով կրկնվում են նույն մտքերը` ստեղծելով կեղծ իմացության պատրանք: Ասվել է և ճիշտ է ասվել, որ 5-րդ դարի մեծագույն պատմիչն է նա` «Պատմություն հայոց» կամ «Գիրք Ս. Գրիգորիսի», կամ »Պատմություն և վարք Ս. Գրիգորիսի» երկի հեղինակը: Ագաթանգեղոս նշանակում է բարի հրեշտակ, ավետաբեր` տիրոջ կողմից ուղարկված կամ բարի լրաբեր: Նա պաշտոն է ունեցել Տրդատ Մեծի արքունիքում, եղել է հայոց արքայի քարտուղարը, ականատեսն է այն արյունալի իրադարձությունների, որ կատարվել են Հայաստանում` քրիստոնեության տարածման տարիներին: Եվ Տրդատ արքայի հանձնարարությամբ էլ գրել է իր դարաշրջանի «Հայոց պատմությունը»:

Ասվել և կրկնվել է բազմիցս, որ Ագաթանգեղոսի պատմության նյութը չորրորդ դարի դեպքերն են, քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ արքայի պայքարը նրանց դեմ: Հետո նույն Տրդատ արքան հրաշքով հավատափոխ եղավ և 301 թվականին արյունով ու հրով քրիստոնեությունը հռչակեց Հայաստանում պետական կրոն: Ասվել և կրկնվել է, որ Ագաթանգեղոսի պատմության առաջմղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն է: Այդպես Աստծո միջամտությամբ պատժվում է Տրդատ արքան, թափառում խոզակերպ և նրան այդ վիճակում տեսնելով` ընկճվում են հայ իշխանները և փրկություն որոնում նոր հավատի մեջ:

Ա՞ՅՍ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ԱՍԵԼԻՔԸ

Ուշադիր եթե ընթերցենք այս հանճարեղ մատյանը, այնքա~ն գտնելիք կգտնենք, կհայտնվենք իմացության անմահ մի գանձարանում, կգտնենք հայ հոգու կերպար-նշաններ, որ հավերժորեն ապրել են մեր հոգում և գրականության մեջ:

Առաջինը, որով հիացնում է Ագաթանգեղոսը, դա իր զարմանալի հայերենն է, լեզվական հրաշքը, որով ոսկեդարյան հայերենը լավագույն գիտնականների կողմից ճանաչվեց ու գնահատվեց իբրև աշխարհի լավագույն լեզուներից մեկը: Ահա թե ինչպես է սկսում իր պատմությունը այս տաղանդավոր գրողը.

«Նավարկողների բուռն և բաղձալի իղձն է խաղաղությամբ հասնել նավահանգիստ»: Հետո խոսում է մարդկության մասին, որ նավարկում են կյանքի ծովում` «սրտերը լի կասկածով ու երկյուղով, ձիարձակ արշավում են կապույտ դաշտում, անքայլ երթով և չընթացող ոտքերով թռչում են ծովի կուտակադեզ ալիքների ու ջրերի հորձանքների վրա: Ուր բարկացայտ ալիքները կուտակվում են լեռնաձև, խոնարհվում ելևէջներով, ըստ քանքարավոր քնարահար Դավթի երգի` «Ելնում են, լեռնանում և իջնում են – դաշտանում»:

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ՀՐԱՇՔ ԷՋԵՐԻ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ Է ՄԵՐ ՀԻՆ ՆԱԽՆԻՆ` ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԱՇԽԱՐՀԻՑ ԶԱՏՎՈՂ, ԻՐ ԽՈՀԵՐՈՎ ՀԱՆՃԱՐԵՂ, ԵՐԿՆՔԻ ՀԵՏ ԽՈՍՈՂ ՀԱՅ ՀՈԳԻՆ

Նա, որ պիտի պատմիչ լիներ, տարեգրի պարտաճանաչությամբ շարադրեր դեպքերը և ներկայացներ իր ժամանակի նշանավոր դեմքերին, ահա այս նույն պատմիչը իր պատմության առաջին իսկ էջերում խոսակցություն է բացում հոգևոր արժեքների վեհության մասին, որ «աստվածասերների համար մեծություն է, որ նման է թանկագին մարգարտի, նուրբ բոլորակաձև, լուսավոր, հազվագյուտ, որը չունի բիծ կամ արատ իր ճաճանչավոր փայլի մեջ, այլ առատորեն զարդարում է թագավորների վայելուչ թագերը»:

Ագաթանգեղոսը զավակն է մի ժողովրդի, որ լույսի ծնունդ է, լուսատենչ ու արևապաշտ: Ահա ինչու ամեն առիթով կամ էլ անառիթ նա խոսակցություն է բացում հոգևոր արժեքների մասին, ոգու լույսի մասին, որ իր ժողովրդի էությունն է: Լույսի ճաճանչը, շարունակում է Ագաթանգեղոսը, «ոչ միայն թագավորի գլուխն է զարդարում, ի տես այլոց, այլև ամենքին է զարդարում, լուսավորում, ճոխացնում, ամենքին է գոհացնում, մխիթարում, բժշկում, թագավորներին շքեղացնում է... աղքատներին ճոխացնում է, թոթափում, բարձրացնում աղբակույտից և հավասարեցնում իշխաններին, ինչպես նաև երկրները լցնում է օրհնությամբ, իսկ տարին բոլոր` քաղցրությամբ»:

ԻՐ ԴԱՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏԸ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Նրանք՝ այդ լուսավոր անձերը «չարչարվածներին հանգիստ են բերում, առատ դարման են տալիս` լի ամենայն բարիքներով, նրանք կարող են բժշկություն տալ առանց դեղերի, խունկերի արմատների. շենություն կարող են շնորհել քաղաքներին իրենց տիրոջ մարդասիրությամբ... և ցույց տալ երկնային ճանապարհների ելքը` առ Աստված բարձրանալու համար: Ուղեցույց են Աստծո արքայության ճանապարհների: Նրանք են, որ իրենց տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան և իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին: Կյանք են նրանք ու փրկություն նրանց համար, որոնք մեղքերով են աղքատացած, նրանք երկնավոր արքայի մեծության գանձ են` երկրում ծածկված, իրենց հավատքով խնդացնում և ուրախացնում են», հագցնում են մերկերին, հագեցնում են քաղցածներին, որոնք անգիտության մեղքերի պատճառով սովյալ են, ծարավներին արբեցնում են առաքինության բաժակով և երկնային գանձը տալիս են նրանց, որոնք առավելագույնն ունեն, քանզի «ով որ ունի, կտրվի նրան և կավելացվի»:

Մեր նախնիները հավատացե՞լ են կատարելության: Այո, հավատացել են և այն էլ ինչպես, և Ագաթանգեղոսը կերտում է մարդու իդեալական մի կերպար, նրան անվանելով կյանքի զարդ, կյանքի հրաշք ու մարգարիտ. «Այսպիսի մարգարիտը ոչ միայն հոգիների, այլև մարմինների զարդ ու պայծառություն է: Նման մարդկանց բարեխոսությամբ է, որ Աստված աշխարհին շենություն է պարգևում, քանզի Աստվածային գութը նրանց վրա իջնելով` ողորմություն և քավություն է շնորհում աշխարհին»:

Այո, մեր դպրոցներում պիտի կարդանք Ագաթանգեղոս, պիտի կարդանք իբրև ուղեցույց մատյան` ինչպես սիրել հայերենը: Որտե՞ղ, ո՞ր դարում և ո՞ր երկրում է մարդկային լեզուն հասել այսպիսի կատարելության, հոգին այսպիսի բարձրության, սիրտը այսպիսի նրբության, և մարդն այսպիսի Աստվածային մեծության:

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է` ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՄԵՐ ՀԶՈՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ, ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Որտե՞ղ փնտրենք Ագաթանգեղոսի մատյանի գաղտնիքը: Մեծ գրող է նա` մարդու կատարելության հավատքով ապրող հոգի: Եվ իր մատյանի գաղտնիքն էլ իր կերտած կերպարներն են, որ անձեր լինելով հանդերձ` խորհրդանշեցին դեռևս չորրորդ դարում գոյությունը ԵՐԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ:

Ագաթանգեղոսի կերտած այդ հակընդդեմ կերպարներից մեկը նոր Հայաստանն է: Ահա վաղ առավոտյան, ինչպես նկարագրում է պատմիչը, թագավորական պալատ մտավ արքայական դահճապետը առնելու համար սուրբ Գայանեի սպանման հրամանը: Եվ մինչդեռ դահիճները պատրաստվում էին տանջելով սպանել սուրբ Գայանեին` նա սկսեց խոսել իր ընկերների հետ ու դիմեց Աստծուն. «Գոհանում ենք քեզանից, Տեր, որ մեզ արժանի դարձրեցիր քո մեծ անվան համար մեռնելու... Հիշիր. Տեր, որ քո անվան համար մեռնում ենք ամեն օր, իբրև ոչխար, որ մորթվելու է տարվում»:

Սուրբ կույսը երջանկանում էր մահվամբ և մահվամբ էր իրեն արժանի համարում աստվածությանը: Եվ իր երանությունն էր, որ ինքն էլ մասնակից դարձավ Հռիփսիմեի և նրա ընկերների մահվանը: Նա շտապում և փափագում էր հասնել տանջամահ արվածներին ու սպանվածներին: Մահն այնքան փափագելի էր այդ նոր աշխարհայացքի տեսանկյունից, որ կույսը խնդրում էԱստծուց չմերժել իրեն և թույլ տալ գնալու մահվան ճանապարհով:

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՆԿԱԼՈՒՄ ԷՐ ՍԱ, ՈՐ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՇԽԵՑ ՀԱՅ ՀՈԳԻՆԵՐԻՆ` ՏԿԱՐԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՐՏՆՉՈՂ ԲԱԶՈՒԿՆ ՈՒ ԿՈՐՈՎԸ ԴԱՐԵՐ ՈՒ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ

Սակայն Ագաթանգեղոսի նույն այս մատյանում մենք տեսնում ենք հին Հայաստանը` իր սկզբնական աշխարհայացքով: Ահա Խոսրով արքան, որ Պարսից տերության մեջ երկրորդն էր, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը, և օգտվում էր ամեն հնարավորությունից Հայաստանն անկախ դարձնելու: Նա էր` Հայոց Խոսրով թագավորը, որ Պարսից տերությունը տկարացած տեսնելով` սկսեց բանակ կազմել և զորք գումարել, ասպատակ սփռեց պարսից երկրում և արշավեց Ասորեստանի կողմերը` մինչև Տիզբոն: Մեծ ավար առավ Հայոց արքան, ավերեց թշնամական քաղաքներն ու ավանները, նրանց ողջ երկիրը թափուր ու ավերակ դարձրեց: Իր ցեղի վրեժն էր լուծում` «ապավինելով իր զորքի բազմությանը և հույսը դնելով նրա քաջության վրա»:  Եվ քանի որ քաջ մարդու համբավ ուներ, ձեռք բերեց նաև բազում դաշնակիցներ, որոնք փութաջանորեն և մեծ բազմությամբ եկան միանալու Հայոց Խոսրով արքային: Ովքեր դիմադրում էին Հայոց արքային, արժանանում էին դաժան պատժի: Քաջակորով Հայոց արքան կոտորեց պարսից ամբողջ զորքը` դաշտերի ու ճանապարհների վրա նրանց դիաթավալ սփռելով և ապա ցնծալի ուրախությամբ, մեծ հաղթությամբ և բազում ավարով վերադարձավ Հայոց կողմերը:

Ագաթանգեղոսի պատմության մեջ այսպես էր ներկայացվում հին Հայաստանը` մեր քաջ նախնիների երկիրը: Եվ պատմիչը մտահոգ գրչով ներկայացրեց և պատմության համար հիշատակ թողեց նոր Հայաստանի աշխարհընկալումը` նշանավորված մահվան երկրպագությամբ, պայքարի մերժումով, թշնամու առջև խոնարհ ու վիզը ծուռ և մորթվելու պատրաստ նոր կերպարներով: Ահա այն գաղտնիքը կամ առեղծվածը, որ մեզ համար իբրև պատգամ թողեց Ագաթանգեղոս պատմիչը: Եվ մենք ենք, որ պիտի ընտրություն կատարենք` հին և նոր Հայաստանի միջև:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia