ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ
POLITICSԱշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:
Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Չեխիայի Սենատի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, կարևորվել են փոխայցելությունները և գործնական սերտ շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը նշել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չեխիայի և Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ և առաջ Ադրբեջանի համար: «Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Կողմերը կարևորել են ՀՀ-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Զդենեկ Շկրոմախին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:



