Նալբանդյանը Բրյուսելում ներկայացրել է ԼՂ բանակցային գործընթացը եւ Ադրբեջանի սադրիչ գործողությունները
POLITICSԱնցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ: Այս մասին, հունվարի 18-ին, Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական եւ սադրիչ գործողությունների հետեւանքով Արցախի հետ շփման գծում եւ Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:
«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում եւ սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
Խորհրդի նիստի օրակարգում էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։



