Բրյուսելում մեկնարկել է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի 16-րդ նիստը
POLITICSԲրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը, որին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նիստի օրակարգում են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները Արեւելյան գործընկերության եւ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում, ԵՄ-Հայաստան ապագա հարաբերությունների իրավական նոր հիմունքները, մուտքի արտոնագրի պարզեցումը, տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը:
Բացի դրանից՝ ԵՄ-Հայաստան խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են քաղաքական հարցեր՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային խնդիրների, մամուլի ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, քաղաքական երկխոսության ու բարեփոխումներին առնչվող հարցեր:



