Yerevan, 28.October.2025,
00
:
00
BREAKING


«Այս կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տնտեսական աճի տեմպերի կամ դրանց նվազման մասին խոսելիս դեռևս պետք է հիմնվել 2023 թ.-ի ցուցանիշների վրա` սպասելով 2024 թ.-ի տվյալներին»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Ընդգծում է՝ նախորդ տարեվերջին սկսեց արձանագրվել աճման տեմպի նվազում:

«Որոշակի ոլորտներում մի քանի շարունակական ամիսներում ունենք անկում, օրինակ՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, խմիչքների արտադրության ոլորտներում: Սա բացատրվում է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գրավիչ չէ բիզնեսի ու ներդրումների համար, ինչպես նաև մեր երկրում սպառումն աստիճանաբար կրճատվում է: Եթե 2023 թ.- ին սպառումը կարողացանք պահել ռելոկանտների և տուրիզմի հաշվին, ապա այս պահի դրությամբ դեպի Հայաստան տուրիստների այցերը բավականին դանդաղել են` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Անցած տարի ունեցել ենք մոտավորապես 2 մլն տուրիստական այց Հայաստանի Հանրապետություն, որի ուղիղ կեսը Ռուսաստանից էին, այս տարի Ռուսաստանից և այլ շուկաներից՝ Չինաստանից, Թայվանից, եվրոպական ուղղություններից այցերը կրճատվել են:

Հետևաբար, Հայաստանում սպառումը պետք է նվազի: 2023 թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ապահովվում էր հիմնականում հյուրանոցային, սրճարանային և ռեստորանային սեկտորի հաշվին, ինչպես նաև որոշակի ռեէքսպորտի, այսինքն՝ մեծածախ վերաարտահանման: Տուրիստների քանակի կրճատմանը զուգահեռ՝ հյուրանոցային և ռեստորանասրճարանային համակարգը նույնպես կունենա ցուցանիշների նվազում: Հայաստանում վերաարտահանման մեջ կարևորագույն ծավալ էր կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերում-վերաարտահանումը, որը օրենսդրական փոփոխություններով ավելի կրճատվեց, ինչը ևս տնտեսական աճի ցուցանիշի վրա էական ազդեցություն կթողնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում ևս ցուցանիշների նվազում է սպասվում, հատկապես, երբ 2025 թ.-ի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում, իսկ երկրում հիմնական «շինհրապարակը» մայրաքաղաքն է:

«Շինարարության ծավալները միանշանակ նվազելու են, ավելին՝ արդեն իսկ սկսել են նվազել: Վերջին ամիսներին բնակարանային առք ու վաճառքի գործարքները նվազել են մոտավորապես 30 տոկոսով: Շուկայում արդեն արձանագրվում է գնանկում և լճացում: Շինարարության հսկայական ծավալների պատճառները մի քանիսն էին. եկամտահարկի վերադարձն արագացրեց բնակարանի ձեռքբերումը, արցախահայության տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն, ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում մեր և ոչ միայն մեր հայրենակիցների կողմից բնակարանների ձեռքբերման պահանջարկը Հայաստանում և մշակութային փոփոխությունները՝ երիտասարդները ցանկանում էին առանձին բնակվել իրենց ծնողներից: Այս պատճառներից երեքը նվազում են կամ վերանում՝ ռելոկանտները կամ մեր հայրենակիցները այլևս հետաքրքրված չեն Հայաստանում բնակարանի ձեռքբերմամբ, եկամտային հարկի վերադարձն այս տարեվերջին ավարտին կհասցվի:

Զուգահեռ բարձրանում է բնակարանի սակագինը, բայց արդեն ոչ հիմնավորված: Պահանջարկի նվազման ֆոնին պետք է որ առաջին հայացքից տեղի ունենա գնանկում, որովհետև պահանջարկի բացակայությունը տանում է առաջարկի նվազման, որը հանգեցնելու է գնանկման: Բայց շինարարությունը տեղի է ունենում բավականին թանկ գներով, այսինքն՝ նյութերի ձեռքբերման համար բավականին թանկ են վճարում, աշխատուժի համար թանկ էին վճարում, ինչը փոխարինվեց հնդիկ բանվորներով և աշխատակազմով, բայց նրանք ևս արդեն սակագներ են բարձրացնում: Այդ աշխատուժի տրամադ րու մը ևս դար ձավ «businessoutstaffing», որը նորից բերելու է գների բարձրացման:

Զուգահեռ, եթե տեղական տուրքերն են բարձրացնում, վարկերի տոկոսադրույքներն արդեն իսկ բարձրացած են, շինարարական վաճառքների նորմայից շեղման դեպքում արդեն իսկ ավելի թանկացնում են, որովհետև տոկոսադրույքները մեկ կամ երկու տարվա փոխարեն երեք, չորս կամ հինգ տարի են նրանց վրա աշխատելու, բնականաբար, կազմակերպություններն այլընտրանք չունեն, քան գինը բարձրացնել: Այդ գների բարձրացման ֆոնին առավել ևս Հայաստանի վճարունակ բնակչությունը կդառնա անվճարունակ, ավելի կոնկրետ՝ մեր հայրենակիցների մի հատվածը, որովհետև մեր հայրենակիցների մի մասն էր ընդամենը կարողանում տուն ձեռք բերել հիփոթեքային այդ վարկերով: Քաղաքացիները չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, ինչը հանգեցնելու է շինարարության ծավալների նվազման: Այն արդեն նկատելի է շուկայում, տարեվերջին դրա ականատեսը կլինենք»,- նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունները բարձրացնում են նաև հարկերը և տեղական տուրքերը: «Հարկային բեռը սովորաբար կարելի է բարձրացնել, երբ տնտեսությունը գտնվում է իր զարգացման պիկին, այսինքն՝ տնտեսությունն այնպիսի արագ տեմպերով է զարգանում, որ պետք է հարկադրույքները բարձրացնել հետագայում կայուն աճն ապահովելու նպատակով: Հակառակը՝ երբ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է ընկնում, պարտադիր չէ այս հրապարակած փուչիկ թվերով ընկնի, հասկացողները գիտեն, թե նույնիսկ այդ դրական թվերով տնտեսությունն ինչպես է ընկնում ռեցեսիայի մեջ, նման դեպքերում կառավարությունը պետք է վարի խթանիչ քաղաքականություն, ինչը նշանակում է, որ պետք է գնա հարկերի կրճատման, հարկադրույքների նվազեցման, հարկման բազաների, սուբյեկտների կրճատման ճանապարհով:

Այնինչ, տեսնում ենք հակառակը՝ կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով: Ամենասկզբից, երբ բյուջեի ծախսերն ավելացնում էին 350 մլրդ դրամով, և մարդիկ դրա համար ծափահարում էին այս կառավարությանը, այն ժամանակ հայտարարեցինք, որ բյուջեի ավելացումից պետք է վախենալ, ոչ թե ուրախանալ: Դրան հաջորդեց կառավարության նիստի ընթացքում վարչապետի ելույթը, որ ջրի սակագինը պետք է բարձրացնել, անմիջապես հաջորդեցին ծանուցումները արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին, որ նրանց եկամուտները ևս պետք է հարկվեն: Հաջորդեցին դրան շինարարության մասով տեղական տուրքերի, կարմիր գծերի բարձրացումները, տրանսպորտի սակագնի բարձրացման խոսակցությունը, շուտով կհաջորդեն էլէներգիայի, գազի և բենզինի սակագների բարձրացումները, և այդպես կփորձեն իրենց պլանավորած բյուջեն կատարել: Դա աղքատացնելու է Հայաստանի Հանրապետության բնակչությանը: Այն իր մեջ ևս մեկ լրջագույն վտանգ է պարունակում՝ «խոպանչիները» ոչ թե փողը կուղարկեն Հայաստան իրենց ընտանիքի անդամներին, այլ ընտանիքը կտեղափոխեն Ռուսաստան: Սրանով խթանում են նաև արտագաղթի ավելացմանը»,- շեշտում է փորձագետը:

Անդրադառնում ենք էկոնոմիայի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալին: Նաիրի Սարգսյանը կարծում է, որ այդ «բացահայտումները» մի քանի նպատակ են հետապնդում: «Առաջինը շոուն է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ չի բացառվում, որ այս իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, և սա քարոզարշավի նպատակ է հետապնդում: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերում 19 հազար դրամով ծառեր, որոնց շուկայական արժեքն ընդամենը մի քանի հազար դրամ է: Դպրոցաշինության ծրագրերի մեջ կառավարության ղեկավարը «դուշեր» է փորձարկում, որոնք գնման առարկայի բնութագրում նշված են 79 հազար դրամ, այնինչ Հայաստանի շինարարական շուկաներում դրանք վաճառվում են 500-ից 1000 դրամով:

Նվազագույնը 79 անգամ ավելի ձեռքբերում է: Սրանք բոլորը կոռուպցիայի դրսևորումներ են: Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պաշտոնազրկմանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու վարույթ նախաձեռնելուն, ապա գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է: Կցանկանամ մի համեմատական տանել: Այս խումբը եկավ իշխանության՝ մերժելով նախկին կոռումպացված համակարգը: Իրենց լոզունգների կամ ծրագրերի մեջ ի՞նչն էր ամենաշատը չարչրկվում՝ «մերժել Սերժին, մերժել կոռուպցիան, մերժել դղյակները» և այլն: Իրենց լեզվով ասած՝ նախորդ իշխանությունը համարվում էր «ամենակոռումպացված» իշխանությունը:

Գնահատական չեմ տալիս՝ ճիշտ էր, թե սխալ, իրենց լեզվով փաստերն եմ արձանագրում: Բայց իրենց ասած «ամենակոռումպացված իշխանության ղեկավարը» իշխանափոխությունից հետո այս վեց տարվա ընթացքում մեղադրվում է... մեկ միլիոն դոլարի համար: Խնդիրը նույնիսկ այն չէ՝ մեղադրանքը հիմնավոր է, թե անհիման: Մենք արձանագրում ենք փաստը: Իսկ միայն իրենց էկոնոմիկայի նախարարը և անձնակազմի ևս ութ անդամ դատվում են 2,5 միլիոն դոլարի համար: Եթե արձանագրում ենք, որ նախորդների ժամանակ կոռուպցիա չկար, ինչին շատ դեմ եմ, իհարկե, կար, հետևաբար միայն մեկ նախարարության կոռուպցիոն սկանդալը նախորդ՝ «կոռուպցիոն» իշխանության ղեկավարի հետ կապված գործից կրկնակի շատ է պետությանը վնաս տալիս: Սա կոռուպցիայի ավելացման մասին խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship