Սահմանադրական փոփոխություններին համապատասխան մի շարք օրենքների ընդունման ժամանակացույցը. պարզաբանում է իրավաբան Տիգրան Սարգսյանը
POLITICSՍահմանադրական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բազմաթիվ օրենսդրական ակտեր համապատասխանեցնել Սահմանադրությանը: Առաջիկայում Ազգային ժողովը մեծ անելիքներ ունի: Այս հանգամանքը հաշվի առնելով` Past.am-ը փաստաբան Տիգրան Սարգսյանից ճշտեց հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող օրենքների ընդունման ժամանակացույցը:
Ըստ Սարգսյանի` Սահմանադրության 210-րդ հոդվածի համաձայն` ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից: ««Ազգային ժողովի կանոնակարգը», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: «Դատախազության», «Հեռուստատեսության և ռադիոյի», «Հաշվեքննիչ պալատի» և «Կենտրոնական բանկի մասին» օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Լևոն Փանոսյան



