Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Ալիևի նպատակն է, որ հայ ժողովուրդը, Հայաստանը դադարեն գործոն լինել տարածաշրջանում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության հաստատման վերաբերյալ», «Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, Հայաստանը կատարում է դրանք»: Այս և նմանատիպ կարծիքներ են հնչում հանրային քննարկման տիրույթում, բայց, ի վերջո, բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով, Ադրբեջանը փորձում է ստանալ առավելագույնը:

«Մի կողմից՝ օգտվում է միջազգային հարմար իրավիճակից՝ Արևմուտքը և Ռուսաստանը զբաղված են, չեն կարող խանգարել իր ծրագրերին, պատրաստ չեն լրջորեն միջամտել տարածաշրջանի գործերին, մյուս կողմից՝ օգտվում է նրանից, որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստ են ցանկացած զիջման: Նույնիսկ այն պահանջներին, որոնք այս պահին Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն գնալ, Ադրբեջանը կարծում է, որ թեթևակի ուժային ճնշումից հետո կարող են գնալ նաև այդպիսի զիջումների: Շատ կարևոր է հասկանալ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Արցախի պատճառով չէր, Արցախը դրա դրսևորումներից մեկն էր: Հիմա համոզվում ենք, որ նույնիսկ Արցախը գրավելուց հետո Բաքուն և Անկարան չեն գնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, չնայած ստացել են ավելին, ինչը նախկինում որպես նախապայման դնում էին հարաբերությունները կարգավորելու համար: Նրանց գլխավոր նպատակը եղել է և կա տարածաշրջանում հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը: Այդ պատճառով էլ Ալիևը խոսում է Ադրբեջանի «պատմական տարածքների» մասին՝ պահանջների հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, ընդ որում, նախապատրաստելով և՛ իր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը, որ այսպիսի խնդիր էլ կա: Ու չկարծեք, որ կարգավորումից հետո բոլոր խնդիրները վերջանում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Միմյանց առաջարկների փոխանցումը, հեռախոսազանգերը կամ գուցե այլ տարբերակներով կապի պահպանումը կարելի՞ է բանակցություն կոչել: «Ֆորմալ առումով կարող ենք սա բանակցություն կոչել, բայց այլ հարց է, թե ի՞նչ են ակնկալում կողմերը: Խնդիրն այն է, որ այս պահին Ադրբեջանին «Խաղաղության պայմանագիր» պետք չէ, որովհետև անընդհատ նոր, հայկական կողմի համար մեկը մյուսից ծանր պայմաններ է դնում, անընդունելի, ստորացուցիչ, ինչպիսին Սահմանադրության հետ կապված պահանջն է և այլն: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից ցանկանում են խաղաղություն ցանկացած գնով, մյուս կողմից՝ կարծում են, որ դա թույլ կտա որոշակի ժամանակ շահել: Բաքուն ևս սա շատ լավ հասկանում է և դա ներկայացնում միջազգային հանրությանը այսպես՝ Հայաստանը չի ուզում խաղաղություն կնքել, ձգձգում է: Թվում է, թե Հայաստանի իշխանությունները որոշ բաներ իրենց սխալների վրա պետք է սովորած լինեին, բայց տեսնում ենք, որ սխալը սխալի հետևից է թույլ տրվում: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն «անկլավներն» արդեն ճանաչել է ադրբեջանական, չի բացառվում, որ Բաքուն ցանկության դեպքում կարող է օգտագործել դա որպես հիմք Հայաստանի նկատմամբ էսկալացիայի կամ ագրեսիայի համար, և միջազգային հանրությանը ասել՝ տեսեք, նույնիսկ Հայաստանի իշխանություններն են դա ճանաչել իմ տարածք, չէին ցանկանում վերադարձնել, ուժով վերցրեցի: Հայաստանի իշխանություններին թվում է, որ ժամանակ են շահում, բայց իրականում իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ Բաքուն իրենց իսկ մարտավարությունը բանակցություններում օգտագործելու է Հայաստանի դեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բանակցությունների, նաև «Խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքման փուլում միջազգային խաղացողները՝ Ռուսաստանը, Արևմուտքը, տարածաշրջանային երկրները և այլք, փորձում են իրենց ներդրումն ունենալ: Իսկ դեպի ո՞ւր են հակվում Հայաստանի իշխանությունները, որոնք մինչև վերջերս արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին հայտարարություններ էին հնչեցնում: «Հայաստանի իշխանությունները նախընտրում են Արևմուտքի միջնորդությունը, հենց նրա միջնորդությամբ փաստացի Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս: Բայց Արևմուտքի միջնորդությունը չի տալիս այն արդյունքները, որոնք Հայաստանում ակնկալում էին: Հիշեցնեմ Իլհամ Ալիևի մարտավարությունը: 2022 թ.-ի գարնանը Շուշիում փորձագետների հետ հանդիպմանը նա նշում էր՝ կարծում են, որ Բրյուսելն անկողմնակալ միջնորդ է՝ ակնարկելով, որ Մոսկվան կողմնակալ միջնորդ է, այդ պատճառով նախապատվությունը տալիս են Բրյուսելին: Նախապատվությունը տալով Բրյուսելում և Վաշինգտոնում բանակցություններին՝ Իլհամ Ալիևը գործը հասցրեց Պրահա, որտեղ Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս:

Հայաստանի իշխանություններն ակնկալում էին, որ հանձնելով Արցախը՝ Արևմուտքի միջնորդությամբ կկարողանան Ադրբեջանից ստանալ գոնե «Խաղաղության պայմանագիր» և Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում: Բայց դա չեղավ, Արևմուտքը չկարողացավ Ադրբեջանին պարտադրել այդ քայլերը: Ներկայում Արևմուտքը դեռ դեկլարատիվ հայտարարությունների մակարդակով Բաքվի վրա որոշակի ճնշում է գործադրում, Ալիևը բացահայտ սպառնում է Արևմուտքին՝ եթե շարունակեք ճնշումը, ապա կնախընտրենք, օրինակ՝ բանակցությունների ռուսական հարթակը: Իրականում Ալիևին և իր հետևում կանգնած Էրդողանին պետք չէ ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի միջնորդությունը: Ալիևը և Ադրբեջանի փորձագետները բազմիցս ասել են, որ նախընտրում են հայկական կողմի հետ երկկողմ բանակցություններ, նրանք դա ստացան, հիմա փաստացի երկկողմ ձևաչափով բանակցություններ են: Ալիևը հասկանում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները չեն կարող իր հետ հավասարը հավասարի նման բանակցություններ վարել, դրա արդյունքները տեսնում ենք: Ցավոք, բանակցային այս գործընթացը հիմնականում ընթանում է դեռ ադրբեջանական կողմի ցանկություններով: Նա շատ հմուտ մանևրում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ստանալով իր ուզածը, բայց հիմնական նպատակը երկկողմ բանակցությունների հասնելն էր, որտեղ որևէ մեկը չի կարող իր համար խոչընդոտ լինել կամ պայմաններ դնել: Փաստացի հասել է դրան, հիմա տեսնենք, թե սա, ի վերջո, ուր է տանելու»,-հավելում է նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին՝ ընդգծում է՝ նույնիսկ միտումներ չի տեսնում, որ հայկական կողմից ցանկություն կա հարաբերությունները կարգավորելու: «Ռուսական կողմը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի առկայությամբ: Հայաստանի իշխանությունները հստակ քաղաքականություն են վարում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու առումով: Վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրում էր Հայաստանի իշխանություններին, որ նրանք օգնում են Արևմուտքին՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում: Այս պահին Ռուսաստանը որևէ կտրուկ պատասխան քայլի չի գնում, Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունները և հենց ժողովուրդը հասկանում են, թե ինչ գին է ունենալու Հայաստանի համար այս քաղաքականությունը, եթե Նիկոլ Փաշինյանը և իր թիմը տրամաբանական ավարտին բերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը:

Չնայած Երևանից հնչող տարբեր մեղադրանքներին, Ռուսաստանը փորձում է դեռ չգնալ պատասխան քայլերի, որպեսզի Հայաստանի իշխանությունները չկարողանան երկու երկրների միջև պառակտումը հայ ժողովրդին ներկայացնել որպես Ռուսաստանի նախաձեռնություն, այլ Հայաստանի իշխանությունները դրա պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն: Մոսկվայում այս պահին մեծ սպասելիքներ չկան, հասկանում են, թե ուր է ամեն ինչ տանում Նիկոլ Փաշինյանը, բայց նաև հույս ունեն, որ եթե Ուկրաինայում պատերազմում լուրջ հաջողություններ ունենան, այսինքն՝ պատերազմն ավարտվի իրենց հաղթանակով կամ իրենց համար նախընտրելի արդյունքով, թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ստիպված են լինելու լրիվ այլ կերպ մոտենալ Ռուսաստանից հնչող առաջարկներին, նախաձեռնություններին և հորդորներին»,-կարծիք է հայտնում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսկ վերջում՝ Սահմանադրության փոփոխության մասին: Եթե շաբաթներ առաջ ենթադրվում էր, որ սա արվում է Ադրբեջանի պահանջով, ապա օրերս այդ երկրի նախագահն իր խոսքում հստակ ձևակերպեց, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Պե՞տք է, արդյոք, փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և սա կարո՞ղ է լինել Ադրբեջանին տրված մեր վերջին «երաշխիքը», որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: «Սահմանադրական փոփոխություն պետք է, բայց ոչ այն տարբերակով, ինչ Նիկոլ Փաշինյանն է առաջարկում: Իմ կարծիքով, մեզ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին, որն ավելի օպտիմալ տարբերակ է Հայաստանի համար և ավելի արդյունավետ է: Նիկոլ Փաշինյանը դա չի ուզում: 2021 թ.-ի ընտրություններից առաջ մի պահ ակնարկեց այդ մասին, առհասարակ, նախքան իշխանության գալը կամ դրա առաջին ամիսներին նա սուպերվարչապետական համակարգի սուր քննադատն էր: Հետո հասկացանք, որ այդ «կոստյումն» իր դուրը շատ եկավ, և նա որոշել է պահպանել այն: Եթե Իլհամ Ալիևը շահագրգռված լիներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ապա այսպիսի ճնշում չէին գործադրի, նման հայտարարություն չէին անի, որպեսզի չխանգարեն Նիկոլ Փաշինյանին՝ գնալ, իր կարծիքով, խաղաղության ճանապարհով: Իլհամ Ալիևը, հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ չունի, ուզում է ամբողջական կոտրել և ստորացնել հայ ժողովրդին, ցույց տալ, որ «դուք նույնիսկ պետք է Սահմանադրությունը փոխեք միայն այն պատճառով, որ ես եմ դա ցանկանում»:

Իր նպատակն է ամբողջական հաղթանակի հասնել հայ ժողովրդի նկատմամբ: Նպատակն է, որ հայ ժողովուրդը, Հայաստանը դադարեն գործոն լինել տարածաշրջանում, դրա համար պետք է ամբողջապես քարուքանդ անել Հայաստանը: Այն տարբերակը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, նշանակում է հրաժարվել մեր պատմական հիշողությունից, ազգային ինքնությունից: Նպատակն է, որ երբ հետո իշխանափոխություն լինի, և Նիկոլ Փաշինյանին այլ ուժեր փոխարինեն, նրանք չկարողանան վերականգնել այն կորուստները, որ այս իշխանության օրոք հասցվել են Հայաստանին և հայ ժողովրդին: Որ ուշ լինի վերականգնվելու և պայքարելու համար, նպատակը դա է»,-եզրափակում է Հայկ Խալաթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member