Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


«Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ են մեր քաղաքացիները որոշում Ամանորի տոնական օրերն անցկացնել արտերկրում, ամենամոտ տարբերակը հարևան Վրաստանն է, իսկ եթե վիզա ունես, տարբերակներ գտնելու շրջանակն ընդլայնվում է: Նման որոշման համար որպես առաջին ու հիմնական պատճառ նշվում են «հարմար» գները՝ ի տարբերություն Հայաստանի: Այս կերպ, փաստացի, բավականին շոշափելի գումար դուրս է գալիս երկրից, դանդաղում է ներքին տուրիզմի զարգացումը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է՝ մշտապես չի համաձայնում, երբ համեմատվում ենք Վրաստանի հետ և ասում՝ այնտեղ ավելի մատչելի է, իսկ մեզ մոտ թանկ, և դրա համար ենք նախընտրում հանգիստ անցկացնել այնտեղ:

«Շատ ժամանակ մեր համեմատությունը ճիշտ չենք կատարում, չենք համեմատում համեմատելի մեծություններ: Սա և՛ ամանորյա, և՛ ամառային հանգստի փաթեթներին է վերաբերում: Ամառային շրջանում, օրինակ՝ ասում են, թե՝ տեսեք, Բաթումիում և Քոբուլեթիում ավելի մատչելի գներ են, քան Հայաստանում, օրինակ՝ Ծաղկաձորում: Հարց՝ կարելի՞ է Բաթումին և Ծաղկաձորը համեմատել իրար հետ: Դրանք լրիվ տարբեր պրոդուկտներ են, առաջինը ծովային հանգիստ է ենթադրում, երկրորդը՝ տրամագծորեն այլ զբոսաշրջային արդյունք է: Եթե համեմատվում ենք Վրաստանի հետ, գուցե տեղին է մեր Ծաղկաձորը համեմատել համանման պրոդուկտի, օրինակ՝ Բակուրիանիի, Գուդաուրիի հետ: Ձմեռային հանգստի, լեռնադահուկային սպորտաձևերով զբաղվելու լավագույն տարբերակ են երկուսն էլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Համեմատականներ տանելու ֆոնին առաջարկում է երկու երկրների մայրաքաղաքներն իրար հետ համեմատել՝ Երևանն ու Թբիլիսին: «Շատ դեպքերում նաև մեր քաղաքացիները վերցնում են հայաստանյան բարձրակարգ հյուրանոցների գները և համեմատում Վրաստանում գտնվող մի հյուրատան արժեքի հետ, ընդ որում՝ տարբերակներից մեկում, ասենք, տանտերը նույն տանն է բնակվում հյուրերի հետ, սանհանգույցը կարող է տան մեջ չլինել և այլն, և գնի առումով այն ավելի մատչելի է: Սա որպես օրինակ են բերում և ասում՝ Վրաստանում էժան է, իսկ մեզ մոտ թանկ»,-նշում է մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ եթե համեմատենք համեմատելի մեծությունները մեր և հարևան երկրի միջև, կտեսնենք, որ Հայաստանում գներն ավելի թանկ չեն:

Առաջարկում է համաշխարհային առցանց ամրագրման հայտնի համակարգում՝ Booking.com-ում դիտարկել հայկական և վրացական հանգստավայրերը և համեմատել գները, բայց իր՝ արդեն իսկ նախանշած սկզբունքով. երկու հանգստավայրերը պետք է համեմատելի լինեն: Մարդիկ շեշտադրում են՝ Հայաստանում հունվարի 1-ին և հետագա տոնական ու ոչ աշխատանքային օրերին նաև հիմնականում փակ են ժամանցային օբյեկտները, զվարճանքի վայրերը, թանգարանները և այլն, իսկ հետո ավելացնում՝ իսկ արտասահմանում այդպես չէ: «Մենք այդ խնդիրն առաջ էլ ունեինք, հիմա էլ ունենք: Բայց հիմա համեմատած մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջվա հետ, խնդիրը քիչ-քիչ լուծվում է դրական առումով: Հայաստանը գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար նաև ամանորյա տուրիզմի համար, և եթե առաջ անգամ ռեստորաններն ու հանրային սննդի օբյեկտները հունվարի 1-ին հիմնականում փակ էին, ապա հիմա թեկուզ ոչ բոլորը, բայց շատերն աշխատում են: Զվարճանքի ծրագրեր ու միջոցառումներ են անցկացվում, ճիշտ է, քիչ են, բայց կա: Ի պատիվ մեր մասնավոր հատվածի, երբ նա տեսնում է, որ պահանջարկը կա, սկսում է դանդաղորեն, բայց առաջարկ ձևավորել:

Այնպես որ, այո, օրակարգում դեռ ունենք այս խնդիրը, բայց ավելի լավ վիճակում ենք, քան մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջ, զարգացում ունենք: Մեկ օրինակ էլ, ընդ որում՝ ոչ միայն տոնական օրերի մասով: Մեր թանգարանների համար կիրակին և երկուշաբթին հանգստյան օրեր են: Միշտ բարձրացնում ենք այդ հարցը, ինչո՞ւ բոլոր թանգարանները նույն օրը պետք է փակ լինեն: Չենք կարո՞ղ արդյոք մի քիչ ճկուն լինել այս առումով, օրինակ՝ մի քանի թանգարանի դեպքում հանգստյան լինեն կիրակի և երկուշաբթի, մյուսների համար՝ ուրբաթ և շաբաթ օրերը: Նույն օրերին բոլոր թանգարանները փակ չլինեն, որ տուրիստական ընկերությունները փաթեթներ մշակելիս կարողանան բավարարել զբոսաշրջիկների պահանջարկը»,-շեշտում է Ապրեսյանը:

Փորձագետը, վերադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին, ասում է՝ այո, պետք է քայլեր անել, որ մեր երկրում այն էլ ավելի զարգանա: «Դրա համար պետք են նաև օրենսդրական խթաններ, որ մեր քաղաքացիները նախընտրեն Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել: Մեր առաջարկները գրավոր, որպես օրենսդրական նախաձեռնություն, ներկայացրել ենք: Այն նպատակ ունի խրախուսել մեր հայրենակիցներին՝ հանգիստն անցկացնել Հայաստանում: Ունենք սոցփաթեթ, որը բավականին նպաստել է մեր երկրում ներքին տուրիզմի զարգացմանը: Ընդհանուր ներքին տուրիստական այցելությունների մեջ սոցփաթեթը կազմում է 10-ից 15 տոկոս, բայց այն դրական ազդեցություն է ունեցել ողջ այցելությունների վրա, առնվազն գոնե տեղեկատվական իմաստով: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում կարող եք տեսնել տվյալները, որ 60-ից ավելի ընկերություններից յուրաքանչյուրը, որոնք ներգրավված են սոցփաթեթում, կարգի համաձայն, հանդես են գալիս մոտ 30 փաթեթ-առաջարկներով: Սա լուրջ տեղեկատվական բազա է: Իսկ մեր խնդիրներից մեկը ներքին տուրիզմի զարգացման համար տեղեկատվության պակասն է:Կորոնավիրուսի տարիներին այս առումով զգալի առաջընթաց ունեցանք, երբ միջազգային տուրիզմն ամբողջ աշխարհում «կանգնած» էր, ներքին տուրիզմը զբոսաշրջության պահպանման և վերականգնման գլխավոր միջոցն ու առաջին քայլն էր: Այդ ժամանակ նաև սկսեցինք մեր երկիրն ավելի լավ ճանաչել»,-ընդգծում է փորձագետը՝ հավելելով, որ տեղեկատվական բացը, միևնույնն է, կա, և սա է ներքին տուրիզմի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը: Ապրեսյանն ասում է՝ սոցփաթեթի միջոցով պետությունն իր աշխատողներին հանգստի հնարավորություն է տալիս:

«Պետությունը պետական ծախս է ավելացնում, դրանով պահանջարկ է ձևավորում և քաղաքացիներին ուղղորդում հանգստանալ Հայաստանում: Եթե պետությունը սա կարող է անել իր աշխատողների համար, ինչո՞ւ նույնը չեն կարող անել նաև մասնավոր ընկերություններն իրենց աշխատողների համար՝ որպես նաև խրախուսման միջոց: Այստեղ ունենք խանգարող հանգամանք: Եթե մասնավոր ընկերությունն իր միջոցներից գումար հատկացնի իր աշխատակիցների հանգստի համար, դա, ցավոք, չի դիտարկվում որպես ծախս հարկման տեսանկյունից: Եթե շահութահարկով հարկվող ընկերություն է, աշխատավարձը դիտարկվում է որպես ծախս, համախառն եկամտից դա նվազեցնում են և այլն: Առաջարկում ենք, որպեսզի աշխատակիցների հանգստի համար ծախսվող միջոցները ևս որպես ծախս դիտարկվեն և «Հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարվեն: Առաջարկում ենք նաև շահագրգռել մեր քաղաքացիներին անձնապես:

Պետությունը քաղաքացուն կասի՝ եթե որոշեք անձնական միջոցներով ձեր հանգիստը կազմակերպել Հայաստանում, տարվա մեջ մեկ անգամ ձեզ նման հնարավորություն կտանք: Օրինակ՝ մեկ անձի եկամտային հարկը հաշվարկելիս համախառն եկամտից 200 հազար դրամի չափով Հայաստանում հանգստանալու համար ծախսած միջոցները նույնպես կնվազեցնենք: Քաղաքացին իր եկամտից հարկ է վճարում մոտ 23 տոկոս: Կոպիտ հաշվարկով՝ եթե քաղաքացուն 200 հազար դրամի սահմաններում նվազեցում են անում, դրա 23 տոկոսը կազմում է մոտ 46 հազար դրամ, այդքանով քաղաքացու փաթեթի արժեքը նվազեց: Սա բյուջեի եկամուտների վրա էական բացասական ազդեցություն չի ունենա: Այստեղ նվազեցնում են ձեր եկամուտը, բայց երբ, օրինակ՝ Կապանում կամ Ջերմուկում հյուրանոցի համար վճարում եք, այնտեղ եկամուտներ են առաջանում, հարկեր են վճարվելու:

Առաջին մեկ-երկու տարին գուցե քիչ ազդեցություն ունենա բյուջեի վրա, բայց հաջորդ տարիներին սա մուլտիպլիկատիվ էֆեկտով հանգեցնելու է բյուջեի եկամուտների ավելացման: Հարկման բազան ընդլայնվելու է, մեր ներքին տուրիզմը զարգանալու է, սպառումը մեծանալու է, եթե հանգստացողների թիվն ավելանա, կարիք է լինելու հավել յալ աշխատակիցների ներգրավման, արդյունքում նրանք էլ են հարկեր վճարելու և այսպես շարունակ: Սա նպաստելու է նաև նրան, որ հարկման բազան ավելի թափանցիկ է դառնալու, որովհետև եթե քաղաքացին ցանկանա պետության ընձեռած այս հնարավորություններից օգտվել, ուրեմն պետք է աշխատի սպիտակ դաշտում, եկամուտներ թաքցնելով՝ չես կարող այս արտոնություններից օգտվել: Նման առաջարկներ արել ենք, հուսանք, որ առաջիկայում դրանք կքննարկվեն: Եթե վիճակագրությանը հետևեք, ներքին տուրիզմը արտագնայի զարգացման պատճառով չի տուժում, այն աճ ունենում է, բայց կարող ենք ավելի մեծ աճ գրանցել նաև իմ նշած առաջարկներն ընդունվելու դեպքում»,-ասում է նա:

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք որոշում կայացվեց Ամանորի հանգստյան օրերը կրճատել, հիմա արդեն հունվարի 3-ին սկսվում է աշխատանքային նոր տարին: Բայց հանգստյան փաթեթները թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս նախատեսում են հանգիստ հիմնականում մինչև հունվարի 4-ը ներառյալ:Ապրեսյանն այս հարցին արձագանքում է տուրիզմի ոլորտի օգտակարության տեսանկյունից: «Որքան երկար են հանգստյան օրերը, այնքան տուրիստական պրոդուկտի սպառումն ավելի մեծ է: Տուրիզմը նպատակ ունի նպաստել երկրի տնտեսական կայուն զարգացմանը: Եթե հանգստյան օրերը երկար են, ի՞նչ ազդեցություն է դա ունենում ընդհանուր տնտեսության վրա: Հաշվարկել՝ երկար հանգստյան օրերն ինչ-որ բացասական ազդեցություն են ունենո՞ւմ տնտեսության վրա, բայց մյուս կողմից հասկանալ՝ տուրիստական առումով սա ի՞նչ դրական ազդեցություն է ունենում: Հաշվարկների միջոցով է պետք հասկանալ, թե որն է որին ծածկում:

Ցավոք, այդ հաշվարկը չենք տեսել: Հանգստյան օրերի թիվը կրճատելու նախաձեռնության հիմնավորումն այն էր, որ դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա: Հաշվի առնելով նախորդ տարիներին կորոնավիրուսը, պատերազմը, գուցե հաշվարկները հակասական լինեն, բայց, օրինակ՝ այս տարվանից սկսած կարելի է հաշվարկներ անել, տեսնելու՝ եթե հանգստյան օրերը կրճատելու արդյունքը դրական է, ուրեմն շատ լավ է, եթե տեսնում ենք, որ տուրիզմի տեսանկյունից ավելի ճիշտ էր, որ հանգստյան օրերը երկար լինեին, ապա կարող ենք կրկին փոփոխություն կատարել, բայց ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.