Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Արցախը լուրջ գործոն դառնալու ճանապարհին է, առնվազն շանսերն ու հնարավորությունները կան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ լարված է իրավիճակը և՛ Արցախի շուրջ, և՛ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հավաստում է նաև «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը: Ուժի գործադրման սպառնալիքի իրական վտա՞նգ, թե՞ հոգեբանական ճնշում:

«Ադրբեջանը մի քանի խնդիր է փորձում լուծել: Սա ունի հոգեբանական ճնշման էլեմենտներ, նույնի համատեքստում նաև շրջափակումն է: Բաքվի նպատակը շարունակում է լինել ուժի կիրառման, ցուցադրման միջոցով հարկադրանքի քաղաքականություն իրականացնելը հայ ժողովրդի նկատմամբ: Վերջին շրջանում սահմանային իրավիճակը թույլ է տալիս եզրակացություններ անել, որ գուցե պլաններում շատ ավելին է, քան զուտ հոգեբանական ճնշումը հայկական կողմերի նկատմամբ: Ադրբեջանական զորքի՝ սահմաններում կուտակվող ծավալներն ու ինտենսիվությունը վկայում են այն մասին, որ իրենց պլաններում ունեն նաև (և երբևէ այդ կետը Բաքվի քաղաքականությունից դուրս չի եկել) ռազմական ճանապարհով հարցերը լուծելու ուղին: Այստեղ շատ բաղադրիչներ են միավորվում՝ Թուրքիայի աջակցությունը Բաքվին, միջազգային հանրության բավական ոչ հասցեական և մեղմ մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ: Այս ամենից օգտվելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ է ռազմական ճանապարհով վերցնել այն, ինչի մասին խոսվել և բանակցվել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ Ադրբեջանը միջազգային հանրության հետ իր քայլերը բացատրելու պրոցեսում շատ ուղղակիորեն և հաճախ հղում է անում Հայաստանի իշխանությունների արածին ու չարածին: «Տրամաբանությունն այսպիսին է՝ եղել է բանակցային գործընթաց, դրա շրջանակում տրվել են խոստումներ: Ադրբեջանի իշխանություններն, այս գործոնն առաջ քաշելով, պնդում են՝ հայկական կողմը, մասնավորապես Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում ստանձնած պարտավորությունները, որոնք միջնորդների հարթակներում և միջնորդությամբ ձեռք են բերվել, հետևաբար պատրաստվում են իրենց ձևով ստանալու այդ խոստումները: Սա դեռևս չսկսված ռազմական գործողությունները մարսեցնելու քաղաքականություն է, որն այսօր Ադրբեջանն իրականացնում է: Սրա բավականին հաջող փորձն իրենք ունեն: Եթե նայենք 44-օրյա պատերազմին և հաջորդած զարգացումներին, ամեն ինչ հուշում էր, որ միջազգային հանրությունից պիտի լինեին հասցեական գնահատականներ, բայց չեղան՝ մի շարք գործոններ հաշվի առնելով, որոնց մեջ երկուսը էական էին՝ Բաքվի հղումը Հայաստանի իշխանություններին՝ չիրականացված խոստումների և «ապակառուցողականության» մասով, և Հայաստանի իշխանությունների կեցվածքը պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ ընձեռված որևէ հնարավորություն չիրացվեց»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպե՞ս կարձագանքեն Հայաստանի հարևանները՝ Իրանը և Ռուսաստանը, ռազմական գործողությունների վերսկսման պարագայում: Մխիթարյանն ասում է՝ պետք է նախ հասկանանք, թե իրենցից ինչ է ակնկալում Հայաստանը, այս դեպքում՝ իշխանությունը: «Նորմալ պարագայում, եթե ունենայինք ազգային-պետական շահերով առաջնորդվող իշխանություն, պատասխանի տարբերակները հստակ կլինեին: Այսօր այդ երկրները բացառապես իրենց շահերով են սահմանափակվում: Որտե՞ղ դրանք կհատվեն մեր շահերին, լուրջ հարց է: Այս լարվածության փուլում և իրավիճակում պետության շահերով առաջնորդվող իշխանության առաջին քայլը պետք է լիներ բոլոր այն մայրաքաղաքների հետ օրակարգերի ու գործողությունների հստակեցումը, որոնց հետ կան նման շանսեր: Տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանն են, որոնք ունեն իրենց շահերը, և մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ ունեն նաև շահեր, որոնք որոշ կետերով մշտապես համադրվել են Հայաստանի ու Արցախի շահերի հետ: Ռազմավարական դաշնակիցներ, բարեկամ ժողովուրդներ ասվածը հենց այնպես չէ»,-ընդգծում է Մխիթարյանը:

Հավելում է՝ այսօր մի իրավիճակում ենք հայտնվել, երբ շահերի և այդ հատման կետից Հայաստանի իշխանությունները ճիշտ հակառակ ուղղությամբ են գնում: «Արվում են հակառուսական քայլեր, ամենօրյա կտրվածքով և ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, գործողություններ, իսկ Իրանի ուղղությամբ որևէ քայլ անգամ չի նշմարվում, ընդամենը հեռախոսազրույցները հարցը չեն լուծում: Այն դեպքում, երբ Ադրբեջանի աշխատանքն առավել ակնհայտ է: Իրանի հակաադրբեջանականությունը որոշ ժամանակ առաջ հզոր ալիքի վրա էր, դա Հայաստանի համար նորմալ իրավիճակում պետք է լավագույն ազդակը լիներ աշխատելու Թեհրանի հետ, հիմա տեսնում ենք Ադրբեջանի աշխատանքի արդյունքները: Իրենք աշխատում են բոլոր ուղղություններով՝ Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի հետ՝ ունենալով Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու սատարումը:

Արկածախնդրությունից բացի ուրիշ բառ երևի թե դժվար է գտնել ներկայում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության մասին խոսելիս: Այսօր ամենժամյա կտրվածքով պետք է աշխատանք տարվեր Մոսկվայի, Թեհրանի հետ, կապերը հստակ գործեին եվրոպական այն բոլոր մայրաքաղաքների հետ, որտեղից Հայաստանը մշտապես ունեցել է աջակցություն, ԱՄՆ-ի հետ՝ մեր համայնքի գործոնը և կապերը հաշվի առնելով, Ֆրանսիայի հետ, որը պատերազմի ժամանակ, դրա ավարտից հետո և անգամ այս օրերին ցույց է տալիս իր աջակցությունը հայ ժողովրդին, և այլն: Բայց ոչինչ չի արվում, այն, ինչ իրականացվում է այսօր Հայաստանի իշխանությունների կողմից, ոչ թե քաղաքականություն է՝ միտված մեր ազգային-պետական շահերի, մեր անվտանգության ապահովմանը, այլ քաղաքականություն է՝ միտված սպասարկելու բացառապես Արևմուտքի շահերը, որն էլ այսօր ուրվագծվում է հակառուսականության, այս աշխարհաքաղաքական խաղի ներքո: Արևմուտքի հակառուսականության սատարողն ենք դարձել: Սա առավել քան վտանգավոր իրավիճակ է մեզ համար»,-շեշտում է փորձագետը:

Բերձորի միջանցքի հարցը շարունակում է չլուծված մնալ: «Արցախում հումանիտար աղետն իր վերջնակետին է հասնում: Բառացիորեն արդեն օրվա հացի խնդիր ունեն շատ ընտանիքներ: Մյուս կողմից՝ տարբերվող իրավիճակ է ստեղծվել իշխանափոխությամբ, ինչը կարող է էապես փոխել Արցախի դերն ընթացող զարգացումների ներքո: Արայիկ Հարությունյանի հրաժարականը և նոր նախագահի ընտրությունը տալիս է հնարավորություն Արցախին որպես գործոն ներկայանալու ու զարգանալու: Առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից: Հայաստանի վարչապետն իր վերջին հարցազրույցներից մեկում բաց տեքստով նշում էր, որ Արցախի հետ քաղաքական հարցերի հետ կապված որևէ առնչություն չեն ունենալու: Սա իրենց դիրքորոշումն է, բայց Արցախի շուրջ կան զարգացումներ, որոնք չեն կարող հայկական կողմի ներգրավվածություն չպահանջել: Ակնայով բեռնատարի անցումն արդյունք էր բանակցությունների, որոնց լիարժեք մասնակցել է արցախյան կողմը: Սա փաստ է արդեն, որ Արցախը որպես գործոն է ներկայանում: Շատ բան է կախված նոր ձևավորվող իշխանություններից, նրանց դիրքորոշումից: Այդ գործոն լինելն ինքնանպատակ չէ, այն պետք է զարգացնել:

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները, անմիջական կապերը պետք է օրակարգի առաջնահերթ տեղերում լինեն: Եթե Հայաստանի Հանրապետությունը այդ հարցերի շուրջ չի բանակցում, ուրեմն Արցախի իշխանությունները պետք է բանակցեն Ադրբեջանի հետ, բայց պետք է բանակցեն հստակ հայեցակարգ ու օրակարգ ունենալով: Հետևաբար, այս տեսանկյունից ունենք իրավիճակ, երբ Արցախը լուրջ գործոն դառնալու ճանապարհին է, առնվազն շանսերն ու հնարավորությունները կան այս տեսանկյունից: Ինչ վերաբերում է Ակնայի ճանապարհով հումանիտար օգնություն հասցնելուն, այն շատ քննարկվեց: Չպետք է մոռանանք, որ խոսքը 120 հազար մեր հայրենակիցների կյանքին է վերաբերում, յուրաքանչյուր քննադատող նախ թող հարցին այս տեսանկյունից մոտենա: Երկրորդը՝ բեռնատարը եղել է ռուսական, սա կարևոր է այն տեսանկյունից, որ ՌԴ-ն պետք է ունենա հումանիտար օգնությունը տեղ հասցնելու միջանցք: Ռուսաստանը պետք է ունենա հումանիտար օգնությունը ցանկացած ճանապարհով արցախահայությանը հասցնելու տարբերակ, որովհետև Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունն է, անկախ ամեն ինչից: Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է:

Քննարկվում է Լաչինի միջանցքի բացման հարցը, իրենց կողմից առաջ քաշվող երկու զուգահեռ ճանապարհներից մեկը գործարկվեց՝ ռուսական բեռնատարի գալով, հիմա պետք է բացվի Լաչինի ճանապարհը: Շատ կարևոր է, որ Լաչինի ճանապարհը չի կարող ընկալվել որպես հումանիտար միջանցք ու ճանապարհ: Այս միջանցքի խնդիրը քաղաքական է, և սա բոլորն են հասկանում: Ինչպես Ադրբեջանն իրեն կպահի, ինչպես կդիրքավորվի, դրանից շատ բան է կախված: Չմոռանանք սահմանային լարվածությունը, սրանք իրար հետ փոխկապակցված են: Արցախն այսօր ունի հնարավորություն իր ձայնը տեղ հասցնելու, և եթե ճիշտ մշակված, բոլոր ռիսկերը հաշվարկված քաղաքականություն իրականացվի առաջին հերթին Ռուսաստանի հետ, կարծում եմ՝ կունենանք առիթ խոսելու նաև հնարավորությունների մասին»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program