Ավետիսյանների սպանդից մեկ տարի է անցել. ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահում է դատական համակարգին
INTERVIEW
Այսօր լրացավ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդի մեկ տարին: Ինչպես հայտնի է, հարազատներն ու լրատվամիջոցները հնարավորություն ունեցան առաջին անգամ հանցագործությունից հետո մտնել այն տունը, որտեղ բնակվում էին Ավետիսյանները: Հարազատները նշում էին, որ հանցագործության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչև հիմա իրենց պատասխանները չեն ստացել:
Past.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից փորձեց ճշտել՝ ինչ վստահություն ունի դատական համակարգի հանդեպ: Պարոն Ավետիսյանն ասաց, որ կասկածելու հիմքեր չի տեսնում: Ավետիսյանը համաձայն չեղավ մեր այն դիտարկմանը, թե այսօր հանցագործության մասին հայտնի է գրեթե այնքան, որքան մեկ տարի առաջ:
«Իմ կարծիքով՝ ամեն ինչ պարզ է: Փաստաբանները շատ լավ գիտեն, թե ինչ է, հանրությունն էլ շատ լավ գիտի: Իսկ անցած տարի ոչինչ չգիտեինք»,- ասաց նա:
Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ դատավարության անցկացումը ռուսական ռազմաբազայում, պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար էական չէ այդ հարցը: Դատավարությունն անցնում է Գյումրիում: Այնպես չէ, որ տարել են Ռուսատան:
Կարող է նաև հաջորդ դատական նիստը Գյումրիի դատարաններից մեկում լինի: Միևնույն է, թե որտեղ կլինի: Մեղադրյալ Պերմյակովը կստանա ծայրագույն պատիժը»:
Լևոն Փանոսյան




















































