Միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ պիտի ներկայացվի Ադրբեջանին. Ռուբեն Վարդանյան
ANALYSIS
Միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ պիտի ներկայացվի Ադրբեջանին։ Նախկին պետնախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախում ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը։
Նախկին պետնախարարը զարմացած է, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։ Ըստ Վարդանյանի, պետք է ճնշում լինի պետությունների վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ «Անհրաժեշտ է օդային միջանցք բացել, և տարբեր միջոցներով՝ կլինեն օդապարիկներ, դրոններ, դեղորայք և սնունդ հասցնել այստեղ: Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական կազմակերպությունների կողմից, որոնք անհանգստացած են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող հումանիտար դեպքերով: Սա ևս այդպիսի դեպք է. 120 hազար մարդ է այստեղ ապրում, մարդկային ամեն կյանք, ամեն երեխայի կյանքն անգին է»,- նշել է նախկին պետնախարարը։
Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկման մասին՝ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, թե փաստը, որ այդ մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ «Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ, այլ միջազգային հանրության խնդիրն է։ Երկրորդը՝ այն պարտավորությունները, որն Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝ եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն»,- նշել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգողը՝ հույս հայտնելով, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։
Անդրանիկ Խաչատրյան




















































