Մեզ խնդրում են «կարմիր գոտի» համարվող Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշն ու Գեղարքունիքը հանել զբոսաշրջային ուղղությունների ցանկից. Մեխակ Ապրեսյան
VIDEOՏարածաշրջանում առկա լարվածության ու գնաճի ֆոնին, ինչպես նաև դրամի արժևորմանը զուգահեռ, Հայաստանը շարունակում է պահպանել իր զբոսաշրջային գրավչությունը: Առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է այցելել մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Միեւնույն ժամանակ, Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը եվրոպական երկրներում իբրև վտանգավոր գոտի են դիտարկվում, ավելին, օտարերկրյա զբոսաշրջային ընկերությունները հայ գործընկերներին խնդրում են ծրագրերից հանել այդ մարզերը:
Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետությունը, մասնավոր հատվածն ու Սփյուռքը պետք է կարողանան փոխել այդ կարծրիքը: Ապրեսյանի համոզմամբ կարմիր գոտի ճանաչված հայկական բնակավայրերը զբոսաշրջության համար վտանգավոր չեն:
«Պետությունը, մասնավոր հատվածն ու Սփյուռքը պետք է կարողանան փոխել այդ կարծրիքը, որն ավելի շատ կարծրատիպ է և հեռու է իրականությունից», -համոզված է Ապրեսյանը: Ապրեսյանը իր ասածը հիմնավորում է այսպես. « Սիսիանում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը՝ «Նավասարդ» խորագրով: Հրաշալի լուսաբանվեց, տասնյակ հազարավոր մարդիկ կային: Բոլորը տեսան, որ մարդիկ անհոգ ու ապահով շրջում են Սյունիքում: «Վտանգավոր» Սյունիքում փառատոնը վառ վկայությունն էր, որ այդ գոտին զբոսաշրջության համար ապահով է»:
Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ պատերազմից և կորոնավիրուսից հետո զբոսաշրջության ոլորտը սկսում է կամաց-կամաց վերականգնվել: Պետությունը մարքեթինգի համար հատկացվող բյուջեն հնգապատկել է, արդյունքը կերևա գալիք տարիներին:
«Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, աճ ենք արձանագրում, դեռևս չենք հասնում 2019-ի՝ մինչև կորանավիրուսի ժամանակ ունեցած ցուցանիշին»,- ասում է Ապրեսյանը և հավելում՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կիսամյակային տվյալներով արդեն իսկ գերազանցել է 2019-ի ցուցանիշը:
Ավելին՝ այստեղ




















































