Շուշան Պետրոսյանը սպառնում է աչքեր հանել կամ Շմայսից առած դասերը (լուսանկար)
ANALYSIS
Մեր հիշողությունների մեջ թարմ է, թե ինչպես 2015-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` «Շմայսը», սպառնում էր հնարավորության դեպքում համատարած «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, որոնք բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Այդ արտահայտությունը նույնիսկ դարձավ Ազգային ժողովի ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի քննարկման առարկա: Պատգամավոր Մովսիսյանի պահվածքի վերաբերյալ դիմումը ներկայացրել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Արդյունքում հանձնաժողովը որոշում կայացրեց և արձագանքեց, որ խախտվել է ԱԺ կանոնակարգի մասին օրենքի 6,1 «է» կետը, այն է՝ պատգամավորին ոչ վայել պահվածքի դրսևորում: Նկատենք, սակայն, որ այս որոշմամբ հանձնաժողովը իրավունք ունի միայն արձանագրել, քանի որ իրավաբանական այլ լիազորություններով օժտված չէ:
Պարզվում է, սակայն, որ Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում ունի ևս մեկ պաշտպան: Բանն այն է, որ երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինվորի վերաբերյալ լուրը համացանցերում բորբոքեց լուրջ կրքեր: Օգտատերերից մեկը՝ Գայանե Շահինյանը, Facebook-ում այդ լուրի մեկնաբանությունների տակ խիստ քննադատել էր իշխանություններին և իր վրդովմունքը հայտնել Սեյրան Օհանյանի արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախարարն ասել էր, որ իրենք չկարողացան պաշտպանեն հայ զինվորին, թող հայոց հողը պաշտպանի նրանց:
Գայանե Շահինյանը, անդրադառնալով այդ արտահայտությանը, մասնավորապես գրել էր. «Չե՞ս ամաչում, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվոների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ էրեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռա՞ն, հա՞, էտ երեխեքի կյանքի հաշվին»: Ի պաշտպանություն Սեյրան Օհանյանի՝ այս անգամ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ թողնելով հետևյալ գրառումը. «Լսի՛, ա՛յ լակոտ , գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադի՛ր լսի , չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր պաշտպանության նախարարի մասին, ուշադի՛ր լսի , աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ՝ աչքերդ կհանեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական երգչուհին, ով Ազգային ժողովում օրենսդրական գործողությամբ երեք տարի է՝ աչքի չի ընկնում, արդեն հասցրել է պատգամավորին ոչ վայել պահված ցուցաբերել նաև նախորդ տարի: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ Շուշան Պետրոսյանը միջանցքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից մեկին վիրավորել էր՝ ասելով, թե բոլոր լրագրողներն անբարոյական են: Հետագայում նա ներողություն խնդրեց« սակայն, միայն այդ լրագրողից: Իսկ այժմ, ահա, Պետրոսյանն անցել է վիրտուալ տարածքի: Նա, երևի ոգեշնչվելով իր գործընկեր Առաքել Մովսիսյանից, որոշել է սպառնալիք հնչեցնել, այն է՝ հանել իր նախարարին վիրավորողի աչքերը: Ենթադրաբար, ռազմահայրենասիրական երգչուհին և համատեղությամբ պետական բարձրաստիճան պաշտոնյա Պետրոսյանը պաթոսի գիրկն ընկնելու ժամանակ այնքան է տարվել, որ մոռացել է, որ իր պաշտոնը իրեն թույլ չի տալիս նման սպառնալիքներ հնչեցնել համացանցում իր ընտրողների հասցեին: Իսկ, թե ինչպես են դրան վերաբերում իր կուսակիցները, դեռ անհայտ է, սակայն այն, որ հանրությունը սկսել է խիստ քննադատել նրա պահվածքը, արդեն իսկ տեսանելի է:
Լիլիթ Լալայան




















































