Բողոքողներն արդեն նաև ՀՀԿ-ականներն են
POLITICSԵՏՄ-ի՝ որպես տնտեսական միության անարդյունավետության մասին արդեն սկսում են փաստել նույնիսկ ՀՀԿ-ական գործարարները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ իր գործարանի արտադրանքի արտահանման ծավալը 2015-ին նվազել է 50 տոկոսով, և ինքը ոչ մի ակնկալիք չունի, քանի որ չգիտի, թե ինչ կլինի ռուսական ռուբլու հետ:
Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը շատ է տուժում ռուբլու անկումից, և վնասներն արդեն այն աստիճան են, որ նույնիսկ ՀՀԿ-ականները չեն կարողանում իրենց զսպել և արտահայտվում են: Այնինչ խոստացվել էր իրականում հակառակը, որ մեր արտադրողներն իրենց արտադրանքի ծավալները կավելացնեն, քանի որ մեր տրամադրության տակ կլինի «170 միլիոնանոց շուկան»:
Այդ ամենը չեղավ, և այլևս հնարավոր չէ թաքցնել, որ իշխանություններն իրենց բոլոր հաշվարկների մեջ սխալ են եղել, քանի որ բողոքողներն արդեն ոչ միայն ընդդիմադիրն են, այլ նաև հենց իրենց թիմակից գործարարները:
Կարեն Վարդանյան



