Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի իշխանությունը հետևողականորեն բավարարում է Ադրբեջանի պահանջները»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում։ Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29800 քառ. կմ) ու Ադրբեջանի (86600 քառ. կմ) տարածքային ամբողջականությանը։ Բացի այդ, Շառլ Միշելն Ադրբեջանին «հորդորել է ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։

«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում հանդիպմանն անդրադարձել է՝ դիտարկելով նաև նախորդ գործընթացները։ «Բրյուսելում արձանագրվեց, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի տարածքային ամբողջականությունն այն պայմանով, որ Հայաստանը, փաստացի, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. Ադրբեջանի տարածքի վերոնշյալ ամրագրումը հենց դրան էր ուղղված։ Դեռ Պրահայի հանդիպումից հետո, երբ հղում էր կատարվում Ալմա-Աթայի հռչակագրին, այդ ժամանակ բազմաթիվ մեկնաբանություններ կային։ Մասնավորապես, որ Հայաստանն Արցախի հետ կապված վերապահում է կիրառել, կամ որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախի հարցն առանձին է։ Այս անգամ հստակ գնացին թվերի ամրագրմանը, որպեսզի նաև ամրագրվի, որ Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։ Հասկանալի է, որ իշխանությունը փորձելու է 29 800 քառակուսի մետրը որպես իր մեծագույն ձեռքբերում ներկայացնել՝ ցույց տալու, թե՝ տեսեք, կարողացել ենք հասնել նրան, որ Ադրբեջանը գոնե ճանաչի ՀՀ տարածքի այդ ամբողջականությունը»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս առումով, սակայն, մի կարևոր դրույթի պետք է ուշադրություն դարձնել։

«Փաշինյանն այսօր դիսկուրսի և քննարկման բովանդակության մակարդակն այնքան է իջեցրել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը դարձրել է քննարկման առարկա, չի էլ խոսում Արցախի ինքնորոշման մասին։ Բայց նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, կարևորում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելուն զուգահեռ լինի միջազգային մեխանիզմ, որով Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն լինի, որով, իբրև թե, Արցախը հնարավորություն ստանա իր իրավունքները, հակամարտության կարգավորման իր տարբերակը պաշտպանել։ Փաշինյանը խոսում էր նաև Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների ապահովման մասին։ Շառլ Միշելի վերջին հայտարարությունը, սակայն, այդ մեխանիզմների երաշխավորումը կամ այդ իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի ապահովում։ Շառլ Միշելն անգամ չխոսեց միջազգային մեխանիզմի մասին՝ ընդգծելով միայն «թափանցիկ երկխոսության» անհրաժեշտության մասին»,-նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Շառլ Միշելի՝ Ադրբեջանին ուղղված վերոնշյալ հորդորին՝ Աննա Կարապետյանը նշեց, որ հորդորը պայմանավորվածություն չէ։ «Տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն է պայմանավորվածություն, իսկ Արցախի հետ երկխոսությունը կամ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու անվտանգության մասին հայտարարությունն ընդամենը հորդոր է Ադրբեջանին։ Շառլ Միշելի հայտարարության տեքստից ելնելով՝ այդ առումով Ադրբեջանը որևէ պարտավորություն չի ստանձնել։ Բացի այդ, հաշվի առնենք, որ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ չի անդրադառնում Արցախի շրջափակմանը, ներկա իրավիճակին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը։ Չի անդրադառնում նաև այն հանգամանքին, թե Ադրբեջանն ինչ հռետորաբանությամբ է այսօր խոսում Արցախի հետ։ Հետևաբար, այս ամենը լեգիտիմացնում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը, և, ըստ էության, ինչպես հազարավոր հորդորներ, այս հորդորը ևս կարող է մնալ օդում»,-շեշտեց նա։

Աննա Կարապետյանը նկատեց՝ եթե Պրահայի հայտարարությունը համատեղ էր, որին իր համաձայնությունը տվել էր նաև Հայաստանի վարչապետը, ապա այս դեպքում գործ ունենք բանակցությունների արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի կողմից արված հայտարարության հետ։ «Այսինքն, Հայաստանի իրավապայմանագրային դաշտի տեսանկյունից այս հայտարարությունն իրական արժեք, որպես այդպիսին, չունի։Այս հայտարարությունն ընդամենը ցույց է տալիս քաղաքական գործընթացի բովանդակությունը։ Հանգամանքների փոփոխման պարագայում հնարավոր է այս հայտարարության մեջ ամրագրված դրույթների փոփոխման գնալ, եթե, իհարկե, դրա համար բավարար քաղաքական կապիտալ կամ քաղաքական կամք լինի։

Հետևաբար, ուղղակի պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը հետևողականորեն գնում է իր բոլոր պահանջների կատարմանը, մոտեցումների լիարժեք իրացմանն այն պարագայում, երբ Հայաստանի գործող իշխանությունն «իջեցված նշաձողերի» պարագայում չի կարողանում անգամ իր մինիմալ պահանջների բավարարումն ապահովել։ Փոխարենը հետևողականորեն բոլոր ուղղություններով բավարարում է Ադրբեջանի պահանջները։ Հարցին անդրադառնանք նույն 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի համատեքստում։ Աբսուրդի ժանրից է, որ մենք այսօր հասել ենք մի կետի, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, ու ոչ թե ինչ-որ միջազգաին մեխանիզմներ ենք կիրառում Ադրբեջանի նկատմամբ՝ պարտադրելու դուրս գալ ՀՀ տարածքից, ոչ թե պահանջողի դերում ենք, այլ փորձ է արվում պայմանավորվել և ինչ-որ զիջումների գնալ, որպեսզի գոնե ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչվի»,-նշեց Աննա Կարապետյանը՝ շեշտելով նաև Շառլ Միշելի այն հայտարարության մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ պետք է սահմանագծման, սահմանազատման հետ կապված բանակցություններ լինեն։

«Այսինքն, չի բացառվում, որ Ադրբեջանը ոչ թե ուղղակի լքելու է Հայաստանում զբաղեցրած տարածքներն, այլ փորձելու են բանակցել, պայմանավորվել, ինչ-որ նոր զիջումներ կորզել և հենց այդ տրամաբանության մեջ վարել այդ բանակցությունները»,հավելեց նա։ Խոսելով բանակցություններ ինտենսիվության մասին ու հաշվի առնելով, որ առաջիկայում Մոսկվայում, հետո Քիշնևում ևս հանդիպումներ են սպասվում, Աննա Կարապետյանը նշեց. «Մենք Արևմուտքի կողմից ջանքերի ակտիվացում ենք տեսնում։ Եղել են փուլեր, երբ Արևմուտքն ակտիվ ջանքեր է գործադրել, և հետո, ինչ- ինչ հանգամանքներով պայմանավորված, գործընթացը դանդաղել է։Հիշենք, որ ժամանակին հայտարարվում էր, թե մինչև հունվարի 1-ը խաղաղության պայմանագրի ստորագրումը չի բացառվում, ինչը տեղի չունեցավ։ Փաստացի, գրեթե կես տարի բանակցային գործընթացը կանգ էր առել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շրջափակման պայմաններում։ Բայց այսօր բանակցությունները վերսկսվեցին՝ անգամ անդրադարձ չկատարելով Արցախում ու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, ինչը ցավալի է։

Այսինքն, Ադրբեջանը սա ևս մարսեց, ինչպես մարսել է շատ բաներ, այդ թվում՝ գերիների վերադարձի խնդիրը չլուծելը։ Եվ հիմա Արևմուտքն արդյունքներ ցույց տալու առումով շատ ինտենսիվ ջանքեր է գործադրում։ Բայց այստեղ խնդիրը միայն արդյունքները չեն, որովհետև նույն Շառլ Միշելի հայտարարությունը ցույց է տալիս, որ չկա ակնկալիք, որ այսօր կամ վաղն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, որովհետև խոսվում է նույնիսկ հոկտեմբերին պլանավորված հանդիպման մասին։ Այսինքն, պարզապես կա գործընթացը սեփական ձեռքերում հավաքելու պրոցես՝ Ռուսաստանի հետ շարունակվող մրցակցության պայմաններում, որովհետև այս հանդիպման տրամաբանությունը, Շառլ Միշելի հայտարարությունը ցույց էին տալիս, որ Վաշինգտոն-Բրյուսել կոնտեքստը մեկ միասնական ձևաչափ, մեկ միասնական գործընթաց է։ ԱՄՆ-ն, ըստ էության, այս փուլն ակտիվացրեց և փոխանցեց Բրյուսելին, որպեսզի բանակցությունները հիմնական ու նոր կայացվող ձևաչափով ընթանան»։

Նա շեշտեց, որ զուգահեռ տեսնում ենք Ռուսաստանի ոչ անտարբեր մոտեցումն այս ամբողջ գործընթացին. «Պատահական չէ այն հայտարարությունը, որ Մոսկվայում ևս հանդիպում է կայանալու։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հենց մայիսի 14ին վերահաստատեց այն, որ, միևնույնն է, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն են կարգավորման հիմքը։ Այսինքն, այդ մրցակցության գործընթացը շարունակվում է, և միջնորդներից յուրաքանչյուրը սեփական ազդեցության ու սեփական դերի պայքար է մղում»։ Անդրադառնալով հօգուտ մեզ որոշակի փոփոխությունների հնարավորությանը նույն մոսկովյան կայանալիք հանդիպման շրջանակներում՝ Աննա Կարապետյանը նշեց, որ խնդիրը Մոսկվայում կամ Բրյուսելում հանդիպելը չէ։

«Խնդիրն այն է, թե ով է հանդիպում։ Երբ ես նշեցի քաղաքական կապիտալի կամ կամքի առկայության մասին, առաջին հերթին դա վերաբերում էր Հայաստանում իշխանության փոփոխությանը և նոր բանակցողի հանգամանքին, որը, եթե նման բան տեղի ունենա, կկարողանա նման հարց բարձրացնել։ Իսկ այս իշխանության պարագայում նման բան ակնկալելը շատ դժվար է։ Հիշենք նախորդ տարվա ավարտին տեղի ունեցած Պրահայի հանդիպումը, որից հետո տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը։ Հայաստանի իշխանությունը Պրահայում դրել էր իր ստորագրությունն այն տեքստի տակ, ըստ որի, Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, մենք նույն տեքստի կրկնությունը տեսանք նաև Սոչիում։ Սա խիստ հասկանալի է միջնորդների տեսանկյունից, որովհետև միջնորդը կողմերից մեկին ավելի շատ սիրելու կամ մյուսին չսիրելու ու նրա շահերից բխող ինչ-որ հնարավորություններ ընձեռելու խնդիր չունի։ Տվյալ դեպքում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը սեփական միջնորդությամբ գործընթացն առաջ մղելու խնդիր են հետապնդում։ Եթե կողմերը համաձայն են բովանդակությանը, եթե կողմերից մեկին որևէ ֆորմատում պարտադրվել է, կամ ինքն իր կամքով ինչ-որ պարտավորություններ է ստանձնել, զիջումների է գնացել, միջնորդը որևէ կերպ արդարություն վերականգնելու խնդիր չի հետապնդում։ Այս համատեքստում մեզ չի փրկում հանգամանքը՝ հանդիպումը կլինի Մոսկվայում, թե Բրյուսելում»,-եզրափակեց Ա. Կարապետյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference