Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորմանն ու շարունակությանն ենք ականատես լինում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի քայլերի տրամաբանությունը բովանդակային տեսանկյունից չի փոխվել, փոխվել է գործիքակազմը:

Անդրադառնալով վերջին շրջանում լարվածության մեծացմանն ուղղված Ադրբեջանի քայլերին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը:

«Ի սկզբանե Արցախը շրջափակելը Ադրբեջանի համար մի քանի խնդիր էր հետապնդում, որոնցից մեկն Արցախի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն էր, Արցախի հայաթափման համար հող նախապատրաստելը: Մյուս խնդիրն էր թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախն, իբրև թե, ադրբեջանական տարածք է, և, հետևաբար, Ադրբեջանն Արցախի հանդեպ ցանկացած գործողություն իրականացնելու լիազորություն ունի:

Եթե սկզբում Բերձորի միջանցքի շրջափակմամբ նաև հոգեբանական քայլեր էին գործադրում Արցախի նկատմամբ, հետո տեսան, որ շրջափակման ազդեցությունն այն աստիճան չէ, ինչ ցանկանում էին, հետևաբար փոխեցին գործիքակազմը»,-նկատեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շրջափակման ազդեցության առումով համոզվեցին, երբ մեկնարկեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը:

«Այդ ժամանակ տեսան, որ, չնայած բոլոր ճնշումներին, այնուամենայնիվ, Արցախը պատրաստ չէ ինտեգրման շուրջ որևէ երկխոսություն վարել Բաքվի հետ: Ու Բաքուն որոշեց էլ ավելի խստացնել թե՛ հումանիտար իրավիճակը՝ վերահսկողություն հաստատելով նաև գրունտային ճանապարհի նկատմամբ, թե՛ նաև ռազմական գործողությունների միջոցով անընդհատ ցույց տալ, որ նույնիսկ խաղաղապահները չեն կարող պաշտպանել Արցախի բնակչությանը, և Ադրբեջանի իշխանությունը կարող է ցանկացած գործողություն կատարել Արցախի նկատմամբ: Հետևաբար, այսկերպ իրենք մի կողմից փորձում են Արցախին դրդել ավելի զիջող, իրենց պահանջները կատարող լինել, մյուս կողմից՝ հանգեցնել մի իրավիճակի, որ ճանապարհը բացվելուց հետո Արցախի բնակչությունն Արցախը լքելու էլ ավելի մեծ մոտիվացիա ունենա, տեսնի, որ դիմադրելն անիմաստ է»,-ընդգծեց Ա. Կարապետյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ պաշտոնական Ստեփանակերտը կրկին մերժեց Բաքվում հանդիպելու և ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ադրբեջանի առաջարկը, մյուս կողմից՝ դիտարկելով նաև այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, առաջ է մղվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեզը, նա շեշտեց. «Նախ պետք է հասկանալ, որ երկխոսությունը կարող է լինել տարբեր թե՛ ֆորմատի, թե՛ բովանդակության տեսանկյունից: Երբ ասում ենք՝ Արցախը մերժում է, պետք է հասկանալ, թե ինչն է մերժում Արցախը, կամ ինչին է համաձայն Բաքուն: Նախ՝ կարող է լինել երկխոսություն հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ միջազգային միջնորդությամբ, ինչը և պահանջում է Արցախը, այդ պարագայում նաև հավասարը հավասարին բանակցություն Արցախի ապագայի վերաբերյալ՝ Արցախի և Ադրբեջանի միջև:

Բացի այդ, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները արդեն բարձրաձայն են ասում, որ չեն պատրաստվում Արցախին առնչվող որևէ հարց քննարկել, որևէ երկխոսություն վարել Ադրբեջանի հետ, հասկանալի է, որ Արցախը ստիպված է ինքնուրույն փորձել գոնե ինչ-որ կերպ իր հումանիտար իրավիճակը թեթևացնել, հասնել Բերձորի միջանցքի բացմանը: Հենց այդ տրամաբանությամբ էլ Արցախի իշխանությունները ռուսական միջնորդությամբ Բաքվի հետ երկխոսության մեջ ներգրավվեցին, սակայն գնացին ոչ թե ինչ-որ քաղաքական, այլ այսօրվա իրավիճակը ուղղելու, միջանցքը բացելու հարցեր քննարկելու»:

Իսկ Ադրբեջանը, Կարապետյանի խոսքով, ուզում է առկա երկխոսությունը որպես արդեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն ներկայացնել, որը, ըստ Ադրբեջանի, լուծում է բոլոր խնդիրները, և որևէ այլ ձևաչափերով այլ հարցերի քննարկման կարիք չկա. «Ադրբեջանն այս երկխոսությունը ցանկանում է օգտագործել որպես Արցախի ինտեգրման գործընթաց և դրանով վերջնականապես փակել հակամարտության էջը: Այդ պատճառով էլ տեսնում ենք, որ առկա պայմանավորվածությունները չեն կատարվում, և որ այսօր, փաստացի, նաև երկխոսությունն է խափանված, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել, կողմերը տարբեր ձևով են մեկնաբանում, իսկ ապագայի վերաբերյալ մոտեցումները չեն համընկնում»:

Ինչ վերաբերում է անկախ ամեն ինչից ուղիղ երկխոսության գնալու շարունակական կոչերին ու այդ թեզն առաջ տանելուն, մեր զրուցակիցը նշեց, որ այս տեսանկյունից բարդ իրավիճակ կա: «Եթե Հայաստանում նորմալ իշխանություն ունենայինք, որը կպաշտպաներ ազգային, պետական շահերը, մենք Հայաստանից չէինք կարող լսել մեսիջներ, թե «չենք զբաղվում Արցախի հարցերով», «թող Արցախն իր ճակատագիրը լուծի»: Այսօրվա իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու համար, ցանկանում է ցեղասպանություն իրականացնել, մյուս կողմից՝ ասում են, որ ամեն ինչ կախված է նրանից՝ արցախցիները կմնան, թե չեն մնա Արցախում:

Զուգահեռ հրաժարվում են Արցախին առնչվող որևէ հարց քննարկել Բաքվի հետ: Այս իրավիճակում Արցախին այլ բան չի մնում, քան փորձել ինքնուրույն լուծել սեփական հարցերը: Ինչ վերաբերում է արտաքին դերակատարներին, ապա միջազգային հանրությունը, միջնորդները լավ հասկանում են, որ Արցախին Ադրբեջանի հետ միայնակ երկխոսության թողնելը նշանակում է Արցախին բախտի քմահաճույքին թողնել, ըստ որի, Ադրբեջանը, ստիպելով, այսպես ասած, կինտեգրի Արցախին, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա ինտեգրվել, կլքեն Արցախը: Այսինքն, այս դեպքում Ադրբեջանը կստանա իր ուզածը՝ Արցախն առանց արցախցիների: Հասկանալի է, որ միջազային հանրության ու կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից սա աննորմալ մոտեցում է, և բնական է, որ թե՛ ռուսական կողմը, թե՛ այժմ նաև արևմտյան կողմն առաջ են քաշում այն հանգամանքը, որ պետք է երկխոսություն լինի, բայց միջազգային միջնորդությամբ և ոչ թե այն, ինչ ցանկանում է տեսնել Բաքուն»:

Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները՝ Աննա Կարապետյանը նշեց, որ իշխանության տրամաբանությունը շատ պարզ է: «Փաշինյանը ժամանակին ասում էր՝ «այսինչը պետք է այսինչ բանը հայտարարի», հետո՝ «չհայտարարեց, դրա համար պատերազմ եղավ»: Հիմա էլ է նույն սցենարը կիրառվում: Ասում է՝ աշխարհը պետք է հայտարարի, որ էսկալացիա չի լինելու, այլ լինելու է խաղաղության պայմանագիր: Հետո էլ կասի՝ տեսեք՝ աշխարհը չհայտարարեց, դրա համար պատերազմ եղավ: Սա մանիպուլ յացիոն և պոպուլիստական դաշտի հերթական ու նույն ձեռագրի դրսևորումն է: Իսկ այս իշխանությունների ընդհանուր տրամաբանությունը բավականին պարզ է: Նրանց ցինիզմն այն աստիճանի է հասել, որ շատ բարձրաձայն և ուղիղ հայտարարում են, որ իրենց քաղաքական գծի մեջ Արցախյան հարց, Արցախի ճակատագիր, Արցախին առնչվող խնդիրներ գոյություն չունեն: Իրենք իրենց ընկալմամբ ամբողջ պատասխանատվությունը դրել են Արցախի ժողովրդի, մյուս կողմից՝ ռուսական խաղաղապահ առաքելության կամ Ռուսաստանի վրա:

Փաշինյանը վերջերս հայտարարեց նաև, որ մենք այլևս Արցախի անվտանգության երաշխավորն էլ չենք: Իրենց «առաքելությունն» էլ կատարում էին՝ միայն հայտարարելով, թե «Արցախի և Բաքվի միջև երկխոսությունը թող միջազգային ինչ-որ մեխանիզմների ներքո լինի»: Զուգահեռ բացահայտ հայտարարում են, որ «էսկալացիա, պատերազմ չլինելու, անվտանգ, երջանիկ, հարուստ, խաղաղ երկրում ապրելու համար մեզ պետք է պայմանավորվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, սահմանները բացել, կոնֆլիկտ չունենալ ու համերաշխ ապրել»: Փաշինյանը ժամանակին անկեղծ է եղել՝ հայտարարելով, որ «ինչքան զիջենք, այնքան ավելի շատ են պահանջելու»: Չնայած նշվածին, միևնույնն է, գնում է Ադրբեջանի պահանջների բավարարմանը և ցանկացած գնով պայմանագիր կնքելուն, հարաբերություն կարգավորելուն»,-ասաց Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ այս իշխանության քաղաքականությունը հենց նկարագրված տրամաբանության մեջ է:

Աննա Կարապետյանի խոսքով, այսօր, ամեն դեպքում, կան բանակցություններ:«Պարբերաբար ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ կողմերն առաջարկներ են միմյանց ուղարկում: Ունենք երկու շատ ակտիվ շահագրգիռ, միմյանց հետ մրցակցող միջնորդ, որոնք փորձում են հենց իրենց միջնորդությամբ հասնել այդ պայմանագրի կնքմանը, որպեսզի իրենք լինեն երաշխավորը, ինչի արդյունքում իրենց ազդեցությունը տարածաշրջանում կմեծանա: Իսկ էսկալացիայի վտանգի և այլնի վերաբերյալ այս իշխանությունների հայտարարությունները հարկադրանքի քաղաքականության հերթական դրսևորումն են: Հենց իրենք են հայտարարում, որ հերթական անգամ բանակցային գործընթացում ինչ-որ համաձայնությունների են գալիս, բայց մնում են հարցեր, որոնց շուրջ չեն կարողանում պայմանավորվել: Արդյունքում Ադրբեջանը զենքի ուժով է փորձում Հայաստանին ստիպել գնալ այդ զիջումներին ու լիարժեք, իր պայմանների հիման «խաղաղության պայմանագիր» կնքել:

Վերջերս Ալիևը հայտարարեց, որ խաղաղություն չի լինի, եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները: Դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին հայտարարել հնարավոր ռազմական էսկալացիայի մասին: Սա հարկադրանքի քաղաքականության շարունակությունն է. այսօր Թուրքիային և Ադրբեջանին նոր պահանջներ հորինելու ու դրանց ամեն դեպքում հասնելու պատմական հնարավորություն է ընձեռվել, և այս քաղաքական գծով էլ առաջ են ընթանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference