Էրդողանի դուստրը բողոքել է Ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին Բելգիայի խորհրդարանից հեռացնելու դեմ
POLITICSԲելգիայի խորհրդարանի անդամ, թուրք Մահինուր Օզդեմիրի' Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար կուսակցության շարքերից հեռացումը հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել Թուրքիայում: Այս առնչությամբ Ստամբուլում Բելգիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը:
Ցույցի մասնակիցների թվում է եղել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը' Սումեյյե Էրդողանը: Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Մահինուր Օզդեմիրին և մեղադրել են Արևմուտքին «երկակի ստանդարտների» ու «խոսքի ազատությունը սահմանափակելու» մեջ:
Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը' հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայում նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն:



