Խորացրեք իրար, ի խորոց սրտի
ANALYSIS
«Էսօր էլ կպավ», «խորացրի գնաց», «մեկին էրկու կպցրի». նման խոսքեր կարող ենք լսել նախատոնական օրերին, երկրի հարկային քաղաքականությունից տեռորի ենթարկված, իշխանությունների կամ շուկայատերերի կողմից հարստահարված առեւտրականներից, որոնք անկախ բիզնեսի մանր կամ միջին լինելուց, խեղճի դիմակ առած օգտագործում են ամեն առիթ` «քցելու» իրենց նմաններին, հասարակ մարդկանց, խեղճուկրակներին:
Ու սա է մեր կեցությունը` իրար «խորացնելով». հարկայինը` առեւտրականին, առեւտրականը` իր նման չարքաշ գնորդին, գնորդը, որ միգուցե պատշար է, տաքսու վարորդ կամ դեղագործ` իր հաճախորդին:
Մի խոսքով` մեկս մյուսին արժանի ենք: Չկա մի տոն, որ շուկայում չթանկանան մեծ պահանջարկ ունեցող ապրանքները: Կանանց մեծարման միամսյակին ծաղկի վաճառքով զբաղվող զբաղվողներից մեկը խիղճ ունեցավ խոստովանելու, որ այդ օրերին մեծածախ վաճառքի կետերում ծաղիկների գինն իրականում թանկանում է ոչ այնքան, որքան մայթերին կանգնած առեւտրականներն են ավելացնում: Ինչ է ստացվում. առեւտրականները, որ սիրում են ամեն պատահած լրագրողին ներկայացնել իրենց հոգսերը, «մինուսով գնացող» առեւտուրը, սիրում են բողոքել կառավարությունից կամ հարկային քաղաքականությունից, իրենցից ոչ լավ վիճակում գտնվող մեկին մեծ ուրախությամբ խաբելու, «կպցնելու» առիթը չեն կորցնում:
Ու քանի որ մեզ համար կարեւորը միշտ էլ եղել է եղունգ ունենալն ու սեփական գլուխը քորելը` «խորացնելն» ու «կպցնելը» մնում են որպես հայ հասարակական գիտակցության անբուժելի ու անբաժանելի հիվանդություններ: Դե ուրեմն խոստովանենք, որ գոյության պայքարում նպատակն արդարացնում է միջոցները, յուրաքանչյուրը թող խորացնի իր նմանին որքան կարող է: Եթե հասարակ առեւտրականն իրավունք ունի ուրիշի հաշվին իր գրպանը լցնել, ապա նույն իրավունքը երեւի տրված է նաեւ պաշտոնյաներին: Չէ որ նրանք էլ իրենց հացի խնդիրն են լուծում: Ուրեմն խորացրեք իրար. հարկայինը` առեւտրականին, վերջինս` գնորդին, նա էլ` իր հաճախորդին: Խորացրեք միմյանց որքան կարող եք խորը... ի խորոց սրտի...
Գագիկ Աղբալյան




















































