Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողունակության ու թուլամորթության մասին. Արտակ Զաքարյան
BLOG
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայրենիքի ռազմավարական տարածքները թշնամուն հանձնած, պետության տարածքային ամբողջականությունը խաթարած, ժողովրդի թիկունքում կեղտոտ խաղեր խաղացող և ստորացուցիչ քաղաքականություն վարող կապիտուլյանտ կառավարությունը որոշել է, որ այսուհետ ինքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ:
Սովորաբար քաղաքական ուժերի համար սա բարոյական նորմ է, սրբազան կանոն: Նորմալ երկրներում նման օրենսդրության կարիք չկա, որովհետև այնտեղ հայրենիքը հանձնելուց հետո, լկտիաբար չեն ասում «Շուշին դժգույն քաղաք էր, կամ ձնապատ սարի կամ լճի 30%-ի համար հո չէի՞նք կռվելու և այլն»: Իսկ այս անբարո իշխանությունն այնքան է կասկածում ինքն իր վրա, որ նման որոշում է կայացնում:
Դե եթե այդպես է, ուրեմն առավել քան տեղին է օրենքով սահմանել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքից հրաժարվելու համար նախատեսվում է 15-18 տարի ազատազրկում: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար` 10-12 տարի ազատազրկում: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար` 5-8 տարի ազատազրկում: Ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքը ձախողելու, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչների դեմ զրպարտություն անելու, հասարակությունը պառակտելու, պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծրագրերով մսխելու և նմանատիպ վնասարարությունների համար նախատեսել 6-8 տարի ազատազրկում:
Կապիտուլյանտ իշխանության պարագայում այս ցանկը կարելի է շարունակել: Իրավաբանները սրանց գործողությունները բնութագրող ավելի շատ հանցակազմեր կարող են թվարկել:
Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անքննելի և անսակարկելի արժեքներ են, անկախ այն բանից սանկցիա կա՞, թե՞ ոչ:
2018թ. թավշյա իշխանազավթումից հետո Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնիշխան քաղաքականությունը` ընկնելով իշխանափոխության օտարերկրյա տերերի ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ: Արդյունքում` պատերազմ, կորուստներ, անվտանգության զրոյական մակարդակ, սուբյեկտայնության անկում և այլ քաղաքական ձախողումներ:
Կառավարության երեկվա որոշումը խոսում է այն ընդունողների ողորմելի անկարողունակության ու թուլամորթության մասին: Նրանք դրսում ոչ մի կողմի չեն կարողանում «ո´չ» ասել, դրա համար էլ ցանկանում են օրենք ընդունել, որպեսզի թաքնվեն այդ իրավական նորմի հետևում:




















































