Նաիրիտ, պարտքի մարում». նախագահականի դիմաց տեղի ունեցավ նաիրիտցիների երեքշաբթիօրյա բողոքի ակցիան
SOCIETYԻնչպես յուրաքանչյուր երեքշաբթի, այսօր նույնպես ՀՀ նախագահի նստավայրի դիմաց «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները ակցիա էին անցկացնում՝ «Աշխատավարձի պարտքի մարում», «Գործարանի վերագործարկում» կարգախոսներով: Շատերը եկել էին սպիտակ տրիկոտաժե շապիկներով, որոնց վրա գրված էր` պարտքի մարում:
Գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը Tert. am-ի հետ զրույցում ասաց.«Առայժմ ոչինչ չի փոխվել,պահանջները մնում են նույնը. աշխատավարձի վճարում, գործարանի վերագործարկում: Եվ մեր բողոքի ակցիաներն էլ շարունակվելու են այնքան, քանի այդ խնդիրները լուծված չեն»:
Նաիրիտցիների վերջին հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի ժամանակ խոստացել էր հանդիպել մայիսի վերջին: «Մայիսը վերջացել է, մենք չենք հանդիպել, այս խոսակցությունից հետո որևէ նորություն չկա»,- արձանագրեց Անուշ Հարությունյանը:
Նաիրիտցիներից ոմանք հուսախաբված էին: «Այս անօրեն կառավարությունից ի՞նչ հույս» ,-ասաց սպիտակահեր մի տղամարդ:
«Մեր պայքարը արդարացի պայքար է: Զավոդը թալանում են…»,- ասաց գործարանի աշխատակից Գարուշ Աղամալյանը, որը եկել էր նաև հոսանքի թանկացմանը վերաբերող «թանկացումը մահացու է» պաստառով: «Մի ձեռքով մի քանի ձմերուկ ենք ուզում բռնել: Երիտասարդությունը միշտ էլ պետք է պայքարի իր իրավունքների համար»,- նկատեց տղամարդը:



