Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Ասում էր՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ. չթողեցին, բոլոր երազանքները կիսատ մնացին». ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե Արթուրն ինչպես ու երբ է զոհվել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Երբ Արթուրն իրեն հաճելի շրջապատում էր հայտնվում, աշխույժ էր, կատակասեր: Ցանկացած միջավայրում գիտեր՝ իրեն ինչպես պետք է պահեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասատրյանի մայրիկը: Նա Արթուրին ավելի հասուն տարիքում է լույս աշխարհ բերել, մեծ քույրիկը եղբորից մեծ է ինը տարով:

«Իմ զգացողություններն այլ էին, չեմ զգացել նաև, թե ինչպես է մեծացել: Երբեք չեմ ասել, թե խանութում, բակում կամ էլ այլ միջավայրում իրեն ինչպես պահի, կարծես այդպիսին էր ինքը ծնվել՝ զուսպ, հավաք, կազմակերպված: Երբեմն հայրիկն ասում էր՝ շատ խեղճ է: Բայց իրականում խեղճ չէր: Անգամ ուսուցչուհին մի անգամ ասաց՝ Արթուրը սեփական սահմանն ու կանոններն ունի, ով խախտում է դրանք, լավ չի լինում: Հասկացա՝ բնավորություն ունի»,-նշում է զրուցակիցս:

«Իսկ նկարները տեսե՞լ եք»,-հարցնում է Արթուրի մայրիկը: Դրական պատասխանից հետո արձագանքում՝«իմ գեղեցկադեմ տղան է»: «Իրեն միշտ ասել եմ՝ երբեք չհպարտանաս, որ արտաքնապես գեղեցիկ ես, կարևորը քո ներքին գեղեցկությունն է: Չէի պատկերացնի, որ իմ այս խոսքերը տպավորված կլինեին Արթուրիս մեջ: Իր բանակային ընկերը նրա զոհվելուց միայն մեկ տարի հետո մեր տուն եկավ, երևի չէր կարողանում գալ, տրամադրվել: Պատմեց, որ իմ խոսքերն Արթուրիս համար նշանաբանի պես են եղել: Այնպես չէ, որ որդուս չեմ ճանաչել, բայց բաներ կան, որ հիմա եմ բացահայտում: Իրեն միշտ ասում էի՝ անչափ հպարտ եմ, երբ փողոցում քո կողքով քայլում եմ»,-հավելում է տիկին Աշխենը:

Դպրոցում Արթուրը գերազանց է սովորել, ավագ դպրոցի տարիներին հաճախել է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր, մայրիկն էլ նույն դպրոցում ուսուցչուհի է: «Դպրոցում անցկացվող որևէ միջոցառումից անմասն չէր մնում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում ցանկացած միջոցառման ժամանակ արքայազն էր, նաև կազմակերպչական ջիղ ուներ: Չորս տարեկանից հաճախել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, հինգ տարեկանում արդեն Հայաստանի չեմպիոն էր: Իրեն միշտ մեծի պես էր պահում, երբեք չէր դժգոհում ու բողոքում որևէ դժվարությունից: Անում էր իրենից պահանջվող ցանկացած բան: Հետաքրքիր մի զգացողություն էր. երբ ավագ դպրոցում էր սովորում, սկզբում բոլորն ասում էին՝ ինչ սիրուն տղա ունես, մեկ ամիս հետո՝ ինչ խելացի տղա ունես: Սովորելու տարիներին օր չի եղել, որ չմոտենային ու գովեստի խոսքեր չասեին: Երբեմն անգամ միջնեկ աղջկաս ասում էի՝ այնքան են գովում, վախենում եմ աչքով տան»,-վերհիշում է նա:

Չնայած տարիքային տարբերությանը, Արթուրը յուրահատուկ կապ է ունեցել քույրիկների հետ՝ ջերմությունն ու ծիծաղն անպակաս էր իրենցից. «Խորհուրդներ կարող էր տալ ինձ ու քույրերին, ամեն մեկի հետ յուրովի էր շփվում, արդեն հստակ գիտեր, թե ինչ է ուզում: Ամեն տեղ լույս էր տալիս, մեր լուսավոր տղան էր» : Արթուրը 2019 թ.-ին է զորակոչվել բանակ և ծառայության ժամանակ իմացել, որ արդեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, չի հասցրել գեթ մեկ օր ուսանողական կյանքը վայելել: Քննությունները հանձնելուց մեկ շաբաթ հետո կանչել են զինկոմիսարիատ: Մայրիկն է Գյումրիում ծառայող որդուն հայտնել ուրախալի լուրը՝ ընդունվել ես: Վերհիշում է՝ «Հայոց լեզու», «Անգլերեն» և «Մաթեմատիկա» էր պարապում:

«Մաթեմատիկան ես էի պարապում, այդ տարի իր տարիքի դիմորդ չունեի: Շաբաթվա մեջ երեք օրվա փոխարեն մեկ օր էինք պարապում, ամեն անգամ մի բան խանգարում էր: Ասում էի՝ ինձ խայտառակ ես անելու»,-տիկին Աշխենի՝ հուզմունքից թռթռացող ձայնի մեջ ժպիտի թույլ նշույլներ եմ որսում, իսկ նա շարունակում է. «Ասաց՝ մա՛մ, ի՞նչ միավոր ստանամ, որ քեզ վատ չզգաս: Պատասխանեցի՝ գոնե 12 պիտի ստանաս: Արձագանքեց՝ դու ինչքա՞ն կուզես ստանամ: Քանի որ սիստեմատիկ չէինք պարապել, ասացի՝ գոնե 14 միավոր հավաքեիր: Այդ միավորն էլ ստացավ»,-ասում է մայրիկը և ափսոսում՝ որդին չհասցրեց հասկանալ, որ ավարտել է դպրոցը, ընդունվել համալսարան, ոչինչ չհասցրեց... Արթուրը հակատանկային դասակում էր ծառայում, սերժանտ էր, ֆագոտի հաշվարկի պատասխանատու:

Վեց ամիս Գյումրիում ծառայելուց հետո տեղափոխվել էր Արցախ. «Երբեք չէր պարծենում ունեցածով, ձեռք բերածով: Հայրիկն ասում էր՝ զենքի հետ մի նկար ուղարկիր, տեսնենք, այդպես էլ նկար չուղարկեց: Գլուխ գովել չէր սիրում»: Պատերազմից հետո ամիսներ շարունակ Արթուրն անհետ կորած է եղել: Մայրիկի խոսքով, այդ օրերին դարակներն անընդհատ դասավորում էր, բայց նամակներին ձեռք չէր տալիս: «Հետո որդուս մասունքները փոխանցեցին, փորձաքննության ուղարկեցինք, դա մեր վերջին հույսն էր, այն չէինք կորցնում, հրաշքի էինք սպասում: Բարկացած դարակը բացեցի ու սկսեցի նորից դասավորել: Աչքիս ընկավ մի թուղթ՝ «Նամակ թանկագին Ֆրունզ պապիկիս»: Խոսքն իմ հայրիկի մասին է, մահացել է, երբ Արթուրը 6 տարեկան էր: Բանակից նամակ էր գրել պապիկին՝ «գիտեմ, որ ինձ տեսնում ես, լսում, աղոտ քո տեսքն եմ հիշում ու քո կարդացած գիրքը, սիրում եմ քեզ շատ, հուսով եմ՝ հպարտ ես, որ ծառայում եմ»:

Ամիսներ հետո, երբ «Փոքրիկ Իշխանում» իր անունով դասասենյակ պիտի բացեին, մոտեցան ինձ ու ասացին՝ գիտե՞ս, որ Արթուրը դպրոցին նամակ է գրել: Չգիտեի: Հետո արդեն ընկերներն են պատմել, որ ծառայելու ընթացքում բոլորին նամակ է գրել ու ստիպել, որ իրենք էլ իրեն նամակով պատասխանեն: Դպրոցին ուղղված նամակը, որն ընթերցվեց իր անվան դասասենյակի բացման օրը, կարծես շնորհակալություն լիներ: Նամակը տվել էր իր մոտ Գյումրի այցի գնացած ընկերոջը և ասել՝ որևէ մեկին չտաս, կգա օրը և բոլորի ներկայությամբ այն կկարդաս: Եվ, փաստորեն, այդ օրը եկավ»,-ասում է մայրիկը:

Գյումրիում ծառայող որդուն ծնողները երկու անգամ այցի են գնացել: Տիկին Աշխենն ասում է՝ որպես լավ զինծառայողի՝ պատվո տախտակին իր նկարը փակցրել էին, մեդալ էր ստացել, որը մշտապես կրծքին էր կրում: «Բայց իրենից որևէ բան մեզ չի հասել: Ընկերը բլոկնոտ է նվիրել, որտեղ Արթուրն իր պատմվածքներն է գրել, դա էլ մեզ չի հասել: Մեզ իրենից ոչինչ չի հասել»: Սահուն կերպով հասնում ենք պատերազմի թեմային: «Հոկտեմբերի 27-ին զանգեց վերջին անգամ, մի քանի օր չէր զանգել, զայրանում էր, երբ լացելով էինք խոսում: Հոգնած ձայն ուներ, ասացի՝ հանգստացի, ի՞նչ իմանայի, որ վերջին անգամ եմ որդուս հետ խոսում: Մի երկու օր չզանգեց, մի կերպ կապվեցինք հրամանատարի հետ, ասաց՝ անհետ կորած է»:

Տիկին Աշխենը հիշում է նաև հոկտեմբերի 28-ին իրեն հայտնված նշանը. «Դպրոցում էի, հեռախոսը՝ սեղանին, էկրանը մի տեսակ լուսավորվեց՝ իմ ու Արթուրի նկարն էր: Գուցե տիեզերական ուժ էր, որն ինձ հասկացնում էր՝ վերջ...»: Մեր զրույցն ընդհատվում է արցունքներով ու լռությամբ: Մեկս լալիս է, մյուսս՝ լռում: Իսկ ի՞նչ ասես, բառարանում վաղուց արդեն համապատասխան բառեր չեն մնացել ցավի ու զայրույթի մասին պատմելու: «Արթուրիս փնտրելու ամիսներին աղջիկներս անընդհատ ասում էին՝ մի լացի, մեր ապերը ողջ է, կգա: Բայց չեկավ... Մի տարի անընդհատ ուխտի էի գնում, պատարագների մասնակցում: Բայց հիմա նախանձում եմ մարդկանց, որոնք իրենց հավատը չեն կորցրել: Իրեն ամեն ձև էի սպասում: Պատերազմի օրերին զանգում էր՝ մա՛մ ջան, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամուսնուս ասացի՝ կարո՞ղ է Արթուրը չգիտի, որ պատերազմ է, ինչո՞ւ է այսպես հանգիստ: Մի օր էլ իրեն ասացի՝ ծիտ լինեի, գայի մոտդ, պատասխանեց՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ: Ինքն ուզում էր գար, բայց չթողեցին, բոլոր երազանքները կիսատ մնացին: Շատ դժվար է»,այսպես ենք եզրափակում Արթուրի մասին մեր զրույցը, մինչդեռ այնքան ասելիք կա:

Ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե Արթուրն ինչպես ու երբ է զոհվել: Որպես մահվան օր նշել են նոյեմբերի 1-ը, իսկ գուցե հոկտեմբերի 28-ին է զոհվել: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց դիրքերը ռմբակոծել են: Ժպտերես, կենսուրախ, անթիվ երազանքներ ունեցող Արթուրի մասունքները պատերազմից մեկ տարի անց ամփոփվել են Եռաբլուրում: Հ. Գ. Արթուր Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program