Արդեն 4 տարի է Նոր տարին դիմավորում ենք առանց զավակներիցս մեկի. 2 տղաների ծնողներն անհամբեր սպասում են կրտսեր զավակի զորացրվելուն (տեսանյութ)
SOCIETY1in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում բնակվող Հակոբյանների ընտանիքը երկու արու զավակ ունի: Կրտսեր որդին՝ Սերյոժան, արդեն մեկուկես տարի է՝ ծառայում է Ղարաբաղի Ջիբրայիլի զորամասում, ավագ որդին ծառայել է Հադրութում: Եղբայրները ծառայությունից հետո երկու օր են իրար տեսել. մեկը զորացրվել է, մյուսը՝ զորակոչվել բանակ։
Հայրը՝ Գագիկը, պատմում է, որ երկու որդիներն էլ շատ են ցանկացել գնալ բանակ, ասում է՝ իսկական հայ տղան պետք է, անկախ դժվարություններից և վտանգից, անպայման ծառայի:
Թեպետ Հակոբյանների տանն արդեն ամանորյա պատրաստություն էին տեսնում, մայրը հուզմունքով է նշում, որ այս Նոր տարին առանց որդու են դիմավորելու: Միաժամանակ ընդգծում է, որ զորամասում ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Ամանորը տոնելու են:
Մայրը պատմում է, որ որդին ընկերուհի ունի: Ասում է՝ շատ լավ աղջիկ է, անհամբեր սպասում է ընկերոջ վերադարձին։
Հայրը նշում է, որ ապրիլին եկել է արձակուրդ, պատմել է, որ ծառայությունը լավ է ընթանում, նույնիսկ նշում է՝ դիրքերում ավելի լավ է, քան պարզապես զորամասում։



