Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Հավատում եմ մեր ժողովրդի անմահությանը, նա կվերագտնի իրեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին հաճախ ենք լսում՝ հայտնվել ենք լինել-չլինելու ջրբաժանին: Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանն ասում է՝ շատերին թվում է, թե լինել-չլինելը մոգոնած է կամ չափազանցված, և կարճատեսորեն չեն հասկանում, որ դա վաղն իսկ գոյություն չունենալը չէ, այլ քայքայիչ, բարոյալքող գործընթաց է, որը մի ինչ-որ պահի դառնում է անկասելի և կործանում է պետականությունդ, մշակույթդ ու ազգը:

«Այո, դրա ջրբաժանին ենք, կասեի՝ վիհի եզրին, և մի աննշան ցնցումն իսկ կարող է կործանարար լինել: Տևական ժամանակ թե՛ ներսից՝ ազգի ցեցերի կողմից, թե՛ դրսից՝ մասոնասորոսական ու աշխարհաքաղաքական վերադասավորումների ձգտող ուժերի կողմից, նախ՝ հանրությանը մղեցին մոլի ընչաքաղցության, դրա հետ ազգային արժեքների բարոյալքման, դարավոր հավատքի նկատմամբ դրժողականության: Օգտագործվեցին հանրության վրա մեծ ազդեցություն գործող համակարգեր՝ սորոսական ՀԿ-ների բազմաճյուղ քայքայիչ գործունեություն, աղանդավորության տարածում, «աշխարհի քաղաքացի» լինելու խայծ, որով ներմուծվեց «եվրոպական արժեքներ» աղբը՝ միասեռականություն, անբարո և անարվեստ մշակույթ և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Ընդգծում է՝ 88-ից ի վեր, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երկրորդ պլան էր մղվել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործը, ի լրումն՝ այդ բնագավառում ներմուծվեցին ուսուցման և գնահատման սաղր արդյունքներ տվող համակարգեր:

«Դրանց իրագործմամբ հրատարակվեցին նոր դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ, և այսօրվա հասուն տարիք ունեցողները՝ ակտիվ իրադրության տերերը, դրա զոհերն են կամ, ավելի ճիշտ, դրա հետևանքով անկիրթ, բարոյահոգեբանորեն հաշմանդամ դարձածները: Գունավոր հեղափոխության գաղափարը հասունացվեց կոռումպացված իշխանությունը փոխելու անկասելի ցանկությամբ, «կախարդական փայտիկով» ոսկե սարեր խոստանալով: Կոռումպացված իշխանությունը, որի հենարանները «բիրդան-աղա» օլիգարխներն էին, պատեհապաշտներն ու պաշտոնամոլները, չկարողացավ դիմադրել և զիջեց իր տեղը: Իշխանափոխությունից հետո «կախարդական փայտիկը» դարձավ մուրճ, պետության քայքայումն ու ժողովրդի բարոյալքության գործը շարունակվեց արդեն նորօրյա իշխանիկների միջոցով՝ գրականության, պատմության դասաժամերը պակասեցնելուց, կրոնի պատմության դասավանդումը արգելելուց սկսած մինչև իշխանության, իրավապաշտպան ու դատական համակարգերի ու բանակի քայքայումը: Այս ամենն ուղեկցվեց ժողովրդին սև-սպիտակի բաժանելով՝ միմյանց դեմ թշնամական դիրքորոշում ստեղծելով, նախկին իշխանավորների նկատմամբ մեծ ատելություն սերմանելով, նրանց կողմից երբևէ կատարած դրական գործերը ժխտելով, ճշմարիտ գործիչներին ու մտավորականությանը վարկաբեկելով, դաշնակիցներից երես թեքելով, արտաքին քաղաքականությունը ձախողելով»,-նշում է նա:

Հավելում է՝ դարավոր թշնամին, որ այս բոլոր վերաձևումներում իր գաղտնի մասնակցային դերն ուներ, պատերազմ սանձազերծեց: «Ամոթալի, դավաճանական հայտնի և անհայտ դրվագներով պարտություն կրեցինք՝ տալով հազարավոր զոհեր: Ժողովուրդն ընկճախտի մեջ հայտնվեց: Մասնագիտորեն գիտակից կադրերն ու բարոյահոգեբանական արժեքների նախկին սյուներն արդեն չկան, որոնց վրա հենվելով՝ կարողանանք ոտքի կանգնել: Երկրի տնտեսությունն ու բանակի հզորությունը քայքայված են, և ներքին կարգուկանոնը պահպանելու, ձախողված իշխանությունը պաշտպանելու համար, բնական է, որ ոստիկանական ուժերը պիտի հզորացվեին: Թիվ մեկ դաշնակցի «գլուխը խառն է», բացի այդ, իր շահերը հետապնդելով՝ տարածաշրջանում «իր ոտքի տեղն» արդեն արել է, և նա, ում դեմ մեր արևմտադավանները սկսել են ժխտողական, ատելության ակցիաներ իրականացնել, թքած ունի, թե դու լինել-չլինելու տառապանքի մեջ ես: Երբ հարկ կհամարի՝ կմիջամտի, իսկ առայժմ թույլ է տալիս, որ «վայելես» քո անհեռատեսության ու անխել քության պտուղները: Եվ ահա, այս մթնոլորտում, իշխանությունները պարտադրվա՞ծ, թե՞ ծրագրած քայլերով զիջումների են գնում թշնամուն: Հիմա՝ ջրբաժանի՞ ենք հասել, թե՞ կործանարար վիհի եզրին»,-հավելում է դրամատուրգը:

Կարծիքներ են հնչում մտավորականների կողմից՝ ժողովրդին մի մեղադրեք, հարվածները հաջորդում են իրար, շատերը չեն հասցնում լիարժեքորեն գիտակցել աղետի չափերը: «Ավելի քան 5 հազար զոհ, երկու այդքան վիրավոր ու չգիտեմ ինչքան ու ինչքան գերեվարված, անհայտ կորած ունեցող, ցայսօր էլ զավակներ զոհող, հազարավոր տնավեր-գաղթականներ ունեցող, իր երկրից տարածքներ զիջող ժողովուրդը եթե չի գիտակցում աղետի չափերը, ուրեմն մտագար է: Այդպես մտածող մտավորականներն իրենք իսկ մոլորության մեջ են: Հին իներցիայով վեհերում են կամ ի զորու չեն տեսնելու, որ այս ամենի մեղավորը հենց մենք ենք՝ ժողովուրդը, որի երիտասարդ ստվար մասը՝ անկիրթ ու ճիշտ դաստիարակություն չստացածները, ոտնատակ տալով հենց մտավորականությանն ու նրա հեղինակությունը, լցվեցին փողոցներն ու տարբեր տիպի ամբոխավար ակցիաներով կաթվածահարեցին հասարակական կյանքը:

Մի մասը, որը իրավացիորեն դժգոհ էր իշխանավորներից, լուռ համաձայնությամբ դիտողի դերում էր: Իրենց գործունեության մեջ ձախողակ, չկայացած մտավորականների մի ստվար խումբ էլ, պատեհապաշտների ու պաշտոնամոլների հետ սատարեց ամբոխավարներին, օլիգարխները պահ մտան՝ իրենց թալանած-կուտակածը չկորցնելու վախով ու նորերին հաճոյանալու առիթները չկորցնելով: Ովքե՞ր մնացին… հողին կպած չարքաշնե՞րը, որոնք բոլոր իշխանությունների օրոք հաշտվող կամակատարներ են…»,-ասում է Խալաթյանը:

«Եվ ոչ մեկիս մտքով չանցավ, որ գործ ունենք ոչ թե իշխանություններից դժգոհ, ազգի շահերը գերադասող պետականամետների, այլ արևմտյան քայքայիչ հզոր ուժերի կողմից տարիներ շարունակ վարժված կամակատարների հետ: Իսկ եթե ոմանք փորձեցին այդ մասին բարձրաձայնել՝ այնպես շշպռվեցին, որ ստիպված կրիայի պես գլուխները թաքցրին պատյանի տակ: Իսկ այսօրվա անհուսալի վիճակում համաժողովրդական ընդվզում չկա: Սա ինքնին վկայում է, որ ճիշտ չէ այս ամենի մեղքը բարդել միայն այսօրվա կամ երեկվա իշխանությունների և կամ անձանց վրա: Այս ամենի սկիզբը շուրջ 30 տարվա վաղեմություն ունի, և այս տարիների ընթացքում դարս-դարս խոտորումների նկատմամբ ժողովրդի հաշտվողականությունն ու կամազրկությունն են իրեն հասցրել ներկայիս իրողությանը: Այդ կամազրկությունն այսօր էլ կա, և դա ամենևին էլ ուշքի չգալ չէ: Այդ ուշքն էն գլխից չենք ունեցել»,հավելում է զրուցակիցս:

Ո՞րն է փրկության ելքը: «Իշխանափոխությունն է կամ այս իշխանության հետ այնպիսի կառավարություն կազմավորելը, որը շրջադարձորեն փոխի ներքին և արտաքին քաղաքականությունը: Սակայն դա անհնարին է ոչ միայն այն պատճառով, որ իշխողները չեն զիջում, այլև որ ընդդիմությունը թույլ է և բացահայտ հանդես եկող առաջնորդ չունի: Ունենա էլ, ժողովրդի անտարբերությունն ու կամազրկությունն այն աստիճանի է հասել, որ համաժողովրդականություն չի վայելի: Միով բանիվ, այն, ինչին տասնամյակներով ձգտել են քայքայիչ ուժերը՝ թիրախավորելով Հայաստանը, պսակվում է հաջողությամբ: Այլ պետությունների վրա հույս մի դրեք: Նրանց սրտացավությունը իրենց շահի արշինով է չափվում: Հնագույն, քաղաքակիրթ ազգի կգրանցեն «Կարմիր գրքում», թե մրջյունի անհետացող տեսակի, նրանց համար միևնույնն է: Փրկության միակ դեղատոմսը Չարենցը գրել է դեռևս 1933 թ. մայիսի 9-ին, որը չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև դա էլ այսօր հնչում է որպես ձայն բարբառո հանապատի»,-նշում է մշակույթի վաստակավոր գործիչը:

Վերջին շրջանում վերահրատարակվեց Ս. Խալաթյանի «Թագուհին», նրա ստեղծագործությունների հիման վրա ներկայացումները թատրոնների բեմերում են: «Բախտավոր գրող եմ. հայ եմ, ունեմ ազգային հզոր գրականություն, և ես էլ այդ մեծ ընտանիքի շարքային անդամն եմ: Իմ գրքերն, այո, հրատարակվում և վերահրատարակվում են, շնորհակալություն իմ հովանավորներին: Պիեսներս բեմադրվում և վերաբեմադրվում են, շնորհակալ եմ թատերախմբերին ու հանդիսատեսին: Դա ինձ ոգևորում է, որ իմ ժողովրդի մտքին ու զգացմունքներին հարիր գործեր եմ ստեղծում: Իմ ստեղծագործություններում բացասական հերոսների նկատմամբ չարություն, մաղձ չկա, կա քննադատություն, երգիծում, սարկազմ: Ոչ ոք հանցագործ, դավաճան, ճղճիմ չի ծնվում, դառնում են: Արարքի համար պատժելը չի վերացնում արարքն ու հետևանքները։ Պատճառները պետք է վերացնել: Իմ կռիվը պատճառների դեմ է, արարքի համար պատժելը դատավորների գործն է: Այսօր էլ կիսատ գործեր ունեմ, որոնք հերթով ավարտին եմ հասցնում՝ նայած այդ պահի տրամադրության: Դրանցում մեր ժամանակներն են ու մենք, որ ուղիներ ենք փնտրում անմահանալու և ոչ թե մի կյանք ապրելու կամ գոյություն քարշ տալու համար: Հավատում եմ մեր ժողովրդի անմահությանը, նա կվերագտնի իրեն: Արվեստը մեծ ու ազդեցիկ ուժ է: Արվեստագետներ շատ ունենք, ճշմարիտ, ազգապաշտ արվեստագետներ՝ քիչ: Դրա պատճառներն էլ պետք է վերացնել»,-եզրափակում է Սամվել Խալաթյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME