Կրակոցները դարձել են Բաղանիսի առօրյան. հակառակորդի կրակոցները չեն խանգարի տոնական տրամադրություններին (տեսանյութ)
VIDEOՏավուշի շրջանի սահմանամերձ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներն այս օրերին ավելի հաճախակի են դարձել: Սակայն սա չի խանգարում գյուղում ամանորյա տրամադրություններին:
Բաղանիսի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը ցույց տվեց իրենց բակում քիչ առաջ ընկաճ պարկուճը՝ նշելով, որ իրենց համար կրակոցները սովորական բան են: Երեխաները, նրա խոսքով, անվախ են մեծանում, ամեն օր պարկուճ են գտնում:
Լարիսա Գրիգորյանը Բաղանիսի դպրոցում աշխատում է 1970-ից. «Կրակոցներին մեր ժողովուրդը վաղուց է ընտելացել: Չմոռանանք, որ 90-ականներ են անցել մեր գլխով…. մեզ համար սովորական բան են կրակոցները»:
Նրա խոսքով՝ բաղանիսցիները շատ են սիրում իրենց գյուղը, դրա համար էլ չեն արտագաղթում, մեկնում են արտագնա աշխատանքի և վերադառնում: Բաղանիսցիները երկու շատ սիրելի տոն ունեն, որ մեծ շուքով են տոնում՝ Ամանորն ու Վարդավառը. «Ամանորին մեր ժողովուրդը սրտատրոփ է սպասում»:
Ամուսինները օղի էին թորում, կրակոցներից պաշտպանվելու համար միջոցներ էին ձեռնարկել:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ամփոփեց տարին. 2015-ին Բաղանիսում ծնվել է 12 երեխա: Գյուղապետի խոսքով՝ սա մեծ թիվ չէ, բայց փոքր էլ չէ:
Գյուղապետը բաղանիսցի լինելը համարում է ճակատագիր. «Դա կոչում է, յուրաքանչյուր ծնված երեխա՝ ամենափոքրից մինչև ամենամեծը, անուղղակի սահմանապահ է»:
Նարեկ Սահակյանը նշեց, որ վերջին երկու տարիներին սահմանամերձ գյուղերի նկատմամբ կառավարությունը իր վերաբերմունքը փոխել է:
Նյութի աղբյուրը՝ 1in.am



