Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Երբ լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե ճիշտ է, որ ժողովուրդներին ու ազգերին փորձություններն ու տառապանքներն են բերում խոհեմություն ու իմաստություն, ապա պետք է որ ամենաիմաստուն ազգը հայը լիներ: Բայց արի ու տես՝ հայը եկավ ապացուցելու այդ «փիլիսոփայության» սնանկությունը, քանի որ տառապանքը, հայրենիքի ու պետականության բազմակի կորուստը, դավաճանությունը, նվաստացումը, Ցեղասպանությունն ու պատմության դաժան այլ դասերը այդպես էլ ոչինչ չսովորեցրեցին մեզ և ամենևին էլ շրջահայաց ու իմաստուն չդարձրեցին:

Այդպես էլ ժամանակն ու փորձությունները չդարձան մեր դատավորն ու ուսուցիչը: Պատմության ընթացքում էլ մեր բոլոր ձախողումներն ու ողբերգությունները մեր խելքից են եղել, մեր անիրատեսության պատճառով են եղել, և անընդհատ կորցրել ենք, որովհետև կտրվել ենք իրականությունից, որովհետև ճկուն ու հեռատես չենք եղել, որովհետև հույսներս մեզ վրա չենք դրել, իսկ անհաջողություններն ու դժբախտություններն էլ ուրիշների մեջ ենք փնտրել և միշտ սպասել ենք, թե օտարը կգա ու մեզ կփրկի: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի կարողանում տարբերել իր լավն ու վատը, իրականությունն ու պատրանքը: Աշխարհին գունավոր ակնոցներով է նայում, հավատում է հրաշքներին և չի կարողանում օբյեկտիվորեն տեսնել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները, մտածում է, թե բոլորը պարտք են իրեն, նախ և առաջ իր շահերով պետք է առաջնորդվեն, և որ իր դժբախտությունների ու անհաջողությունների համար բոլորը մեղավոր են, բացի իրենից: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի կարողանում տարբերել բարեկամին թշնամուց, թուրքին՝ իրեն ցեղասպանողին բարեկամ է որակում և նրա հետ անիրատեսական խաղաղության է գնում, իսկ բարեկամին հաճախ թշնամի է որակում: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի տարբերում լավը վատից, բարոյականին՝ անբարոյականից, ձևը՝ բովանդակությունից, կեղծ արժեքները՝ իրական արժեքներից, անամոթին առաքինիից: Գլխատում է արժանիներին՝ հերոսներին ու տաղանդներին, և պաշտում է փողոցից եկած անարժաններին, իսկ գահին բազմեցնում է պարտվողին, խեղկատակին ու ազգուրացին և սեփական պետությունը սեփական ձեռքերով դաժանաբար ավիրում: Հ ույն հին փիլիսոփա Անտիսֆենը գտնում էր, որ «պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն տարբերում հիմարներից»: Իսկ տաղանդավոր ռուս գրող Ա. Ս. Պուշկինն էլ այն կարծիքն է հայտնել, թե «դժբախտություն է այն երկրում, որտեղ ստրուկն ու ստորաքարշն են մոտ գահին...»: Ահա այդպես մենք մաս-մաս հայրենիք ենք կորցրել, պետականությունից ենք զրկվել, ցեղասպանության ենք ենթարկվել, հիմա էլ մեր խելքից ազգովի հայտնվել ենք ողորմելի ու խղճուկ վիճակի մեջ: Գրեթե մշտապես պարզունակ սխալներ ենք թույլ տվել, մեզ միշտ խաբել են թե՛ ներսում, թե՛ դրսում: Դա, հավանաբար, բարոյական դեֆորմացիայի՝ արժեհամակարգի այլասերման արդյունք է: Բոլորն են սխալվում, սակայն նույն սխալները կրկնում են անխոհեմ ազգերն ու ժողովուրդները: Մեծ հայագետ Ջորջ Բայրոնը օբյեկտիվորեն փաստել է, որ «հայի առաքինություններն իրենցն են, իսկ թերությունները ձեռքբերովի են և հետևանք են ասպատակությունների ու կեղեքման»:

Ամեն ինչ մեր ներսում պետք է փնտրենք, մենք չենք կարող հայրենիք, պետականություն, անկախություն ու ազատություն ունենալ, քանի դեռ հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը մեզ համար գերագույն արժեք չեն, քանի դեռ քաղաքականապես հասուն չենք և չունենք պետական մտածողություն, իմաստուն դիվանագիտություն, քանի դեռ մեր կյանքից առավել չենք սիրում մեր հայրենիքը, իսկ անձնական շահն ու փառքն էլ գերադասում ենք հայրենիքից ու պետականությունից, քանի դեռ համերաշխ չենք, քանի դեռ հանդուրժում ենք այս իշխանություններին, նվաստացումը, անպատվությունը, գորշությունը, պարտությունը, անբարոյականությունը, քանի դեռ չենք պախարակում և օրենքի ողջ խստությամբ չենք պատժում սրիկայությունն ու հայրենադավությունը: «Ողջամիտ մարդն իրեն հարմարեցնում է աշխարհին, անխոհեմը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Մարդիկ միշտ մեղադրում են հանգամանքներին: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին։ Այս աշխարհում հաջողության հասնում է միայն նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, և եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք: Ամենակարևորը՝ պահպանեք երեք կարևոր հանգամանք. մի՛ բողոքեք, մի՛ մեղադրեք, մի՛ արդարացրեք»,-ժամանակին գրել է Բեռնար Շոուն: Պատմության ընթացքում մենք երբևէ չենք արժևորել ու գնահատել մեր մեծերին, հաղթողներին, հերոսներին, երախտավորներին ու տաղանդներին, ապերախտ ենք գտնվել նրանց նկատմամբ: Իսկ արդեն 4 տարի է, որ հանրապետության նախկին բոլոր նախագահները, կաթողիկոսը, վարչապետները, քաղաքական գործիչները, գիտական-մտավորական հանրությունը զգուշացնում են այս իշխանությունների ազգակործան մտադրության մասին, բայց մենք այդպես էլ մնում ենք անդրդվելի և գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով: Չլսեցինք մեծ հայրենասեր, ռազմական գործիչ ու մտածող Գարեգին Նժդեհի պատգամները, և հիմա հայտնվել ենք այն անբարոյական միջավայրում, որ կանխատեսել էր Նժդեհը:

Թումանյանն էլ, առաջին Համաշխարհային պատերազմի և հայերի ցեղասպանության ազդեցության տակ, 1921 թվականին Արևմուտքից հույսը կտրած իր ժողովրդին պատգամել է կողմնորոշվել դեպի Արևելք և ամբողջ մարդկության փրկությունը որոնել «աստվածային» Արևելքում. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու, Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…»: Մինչդեռ մենք ականջալուր չեղանք մեր իմաստունին ու հանճարին և մինչև հիմա դեռ չենք ուզում դուրս գալ Արևմուտքի ճիրաններից: Այն Արևմուտքի, որի հովանավորությամբ կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ մարդու իրավունքների ու ժողովրդավարության կեղծ ու շինծու արժեքների անվան տակ ապականում ու կործանման են տանում Հայաստանը, որի լուռ համաձայնության ներքո հայը նորից ենթարկվում է հայրենազրկման ու ցեղասպանության:

Այն Արևմուտքի, որի նպատակը ընդամենը մրցակից բոլոր երկրներին քայքայելն ու թուլացնելն է, աշխարհում խտրական, շահեկան ու արտոնյալ վիճակում հայտնվելն ու ողջ մարդկությանը իրեն ծառայեցնելն ու շահագործելն է: Հայաստանում Արևմուտքի շահերը ընդամենը Հայաստանը Ռուսաստանից պոկելն ու թուրքի երախը գցելն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որտեղ Արևմուտքը մուտք է գործում. վառ օրինակ՝ Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ուկրաինան, Հարավսլավիան, Վրաստանը և այլն: Իսկ ո՞ւր էր Արևմուտքը, երբ 44-օրյա պատերազմում հայը կանգնած էր նոր ցեղասպանության շեմին: Ամեն ինչից զատ, այնուամենայնիվ, մենք պետք է, անշուշտ, բարիդրացիական հարաբերություններ հաստատենք բոլոր երկրների հետ: Չնայած Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից պատմության ընթացքում եղել են անարդար մոտեցումներ, բայց չպետք է մոռանալ, որ դա նաև մեր ոչ ճկուն դիվանագիտության արդյունքում է եղել, իսկ հայկական երկու պետությունները նաև ռուսների արյունով են ստեղծվել: Եթե իրատես լինենք, ապա Հայաստանում անկեղծ շահեր այսօր կարող են ունենալ Ռուսաստանն ու Իրանը:

Իսկ ընդհանրապես, բավ է անընդհատ կողմնորոշումներ փնտրել, պատրանքների հավատալ և միշտ օտարների մեջ փնտրել մեր փրկությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը: Մենք պետք է ունենանք մեկ՝ հայկական կողմնորոշում և իմաստուն դիվանագիտություն, հայկական շահին ծառայեցնելու համար: Այս կապակցությամբ իր «Արի հայկյան առավոտ» ստեղծագործության մեջ Գևորգ Էմինն ասել է• «Ո՛չ պարսկական, ո՛չ թուրքական, Հայի հայկականն եմ ուզում, Ո՛չ տարագիր, ո՛չ գաղթական, Հայ ազգը` իր տանն եմ ուզում, Իմ վաղեմի ազնիվ հայցին Արդար դատաստան եմ ուզում, Հոգնել եմ ես «Հայոց հարցից» «Հայոց... պատասխանն» եմ ուզում: Հ այաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ փաստում են, որ Արցախն ու Հայաստանը դրված են զոհասեղանին, և առավել քան երբևէ կանգնած ենք անդառնալի ողբերգության՝ հայրենիքի կորստի ու ցեղասպանության՝ մեր տեսակի վերացման իրական վտանգի առաջ:

Ուստի, պետք է ավելի խոհեմ ու իրատես լինենք, պետք է վեր կանգնենք ամբիցիաներից, անձնական, խմբային ու կուսակցական շահերից և անցյալի ու նախկինների բարդույթից: Իսկ համաժողովրդական շարժման առաջնորդի ու պետության ղեկավարի ընտրության հարցում պետք է մի կողմ դնել անձնական համակրանքը, կուսակցական ու աշխարհագրական ծագումը, քանի որ սխալվելը ճակատագրական ու անդառնալի կարող է լինել: Այլևս պետք է քաղաքական հասունություն հանդես բերենք:

Պետությունը, պետություն կառավարելը կատակ բան չէ, և տեսանք, թե ինչ աղետ ու արհավիրք բերեց փողոցից եկած պատահական մարդկանց պետություն ու երկիր վստահելը: Իսկ պետությունն արդյունավետ կարող է կառավարել ազգի ընտրանին, որն օժտված է մարդկային բարձր որակներով և մտավոր ու կառավարչական անհրաժեշտ ունակություններով: Ինչպես Շիրազը կասեր. «Ծովի երեսն է փրփուրը ելնում... Մինչ մարգարիտը խորքում է լինում, Խորքից է ծնվում գանձը ճշմարիտ, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում»: Այս բարդագույն իրավիճակում Հայաստան-Արցախ խորտակվող նավն էլ կարող է անվտանգ ափ հասցնել միմիայն խոհեմ, տարիների պետական կառավարման փորձառություն, ազնվական ծագում, գիտելիքների մեծ պաշար, վճռականություն, պատերազմելու և երկիրն արտակարգ իրավիճակներում կառավարելու հմտություններ, միջազգային ճանաչում ունեցող հասուն, շրջահայաց մեկը:

Իսկ գործելու համար ունենք շատ քիչ ժամանակ ու միգուցե վերջին` ոչ այդքան մեծ հնարավորությունը պետականությունն ու հայրենիքը, հայի տեսակը մեր պատմական հողի վրա պահպանելու համար: Դժբախտաբար, հայը օրհասական պահին ուշացումով, ծանր կորուստներ ունենալուց հետո է ինքնակազմակերպվում: Վերջին հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ հայը դուրս է գալիս ընկճախտից, պարտվողի հոգեվիճակից, մոլորությունից և վճռական է տրամադրված երկրում իրավիճակ փոխելու համար: Պետք է մեկընդմիշտ հիշենք և կարևորենք, որ պետությունն ուժեղ է զանգվածների գիտակցությամբ, նրա բարոյական կեպարով ու մտավոր մակարդակով: Քաղաքական գործիչներին ու մտավորականներին մնում է խոհեմ ու կազմակերպված ձևով առաջնորդել ժողովրդին՝ որքան հնարավոր է շուտ ազատվելու այս ապազգային ու ապաշնորհ իշխանություններից. բարոյական սկզբունքներ չունեցող մարդիկ չեն կարող ծառայել ժողովրդին:

Վերջին օրերի ռազմական գործողություններն էլ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ զինվորը չի հուսահատվել, չի կոտրվել 44-օրյա պատերազմի պարտությունից, որ հայ զինվորին չի կարելի հաղթել, եթե նրա թիկուքը հուսալի ու անդավաճան լինի: Այնպես որ, երկրի ու պետության համար այս օրհասական պահին յուրաքանչյուրիս հապաղելն ու անտարբերությունը հավասարազոր է ծանրագույն հանցագործության՝ հայրենադավության:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California