Արտակարգ և ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը ծննդատանը սպանել է կնոջը, այնուհետ՝ ինքնասպան եղել. shamshyan.com
SOCIETYՔիչ առաջ արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել:
Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը:
Այս պահին ժամանել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Ասատրյանը օրեր առաջ է ծննդաբերել նշված ծննդատանը: Մանրամասները՝ քիչ ուշ:



