Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և ՀՀ-ն շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյան

INTERVIEW

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին:

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները:

Պատասխան․ Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։

16-րդ դարից ի վեր հայերը զգալի ներկայություն են ունեցել Ագրայում, Սուրատում, Չեննայում, Կալկաթայում և այլ առևտրային կենտրոններում։ Նրանք այստեղ բարգավաճել են գլոբալիզացիայի սկզբնական փուլից ի վեր, և այժմ մեր ժառանգությունը Հնդկաստանում, որը գալիս է այդ ժամանակահատվածից, խնամքով պահպանվում է, ինչը մենք բարձր ենք գնահատում:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից:

Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում:

Եվ, ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարօրություն կերտող:

Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։

Հարց․ Ապրիլի վերջին այցելել եք Հնդկաստան։ Ո՞րն էր Ձեր այցի հիմնական նպատակը: Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարն էր այցելել Ձեր երկիր:

Պատասխան․ Նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին։ Այնուհետև նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։

Մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որը, ի դեպ, այս տարի արժանացել է հատուկ համաշխարհային ուշադրության, լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը և նախարար Ջայշանկարի հետ միասին գնահատելու արդեն կատարված աշխատանքն ու նախանշելու նոր հավակնոտ նշաձողեր: 

Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց:

Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է։

Հարց․ Ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում հարաբերություններից: Սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդակցությունների ժամանակ։

Պատասխան․ Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները։ 

Հարց․ Կոմունիկացիաների մասով ինչպե՞ս եք գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյոք կմիանա՞ք Չաբահար նավահանգստի նախագծին:

Պատասխան․ Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի։ Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։

Հարց․ Ինչպե՞ս է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ակնկալիք ունե՞ք։

Պատասխան․ Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։

Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը։

Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։

Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել:

Հարց․ Ինչ վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ապա տեղեկություններ կային, որ պակիստանցի վարձկանները աջակցում են Ադրբեջանին։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

Պատասխան․ Այո, եղել է նման տեղեկատվություն: Վարձկանների մեծ մասը տեղափոխվել էին Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները։ Վարձկանների ցանկացած ներգրավում ավելի է սրում իրավիճակը, քանի որ այն ավելի լայն տարածաշրջանային ասպեկտ է հաղորդում լոկալ հակամարտությանը և իր բնույթով արկածախնդիր է ու անօրինական: Նման գործողությունները միշտ երկարատև և բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է։

Հարց․ Պակիստանը աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը hնդկական Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է: Ինչպե՞ս եք տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում:

Պատասխան․ Ահաբեկչությունը տեղ չունի ժամանակակից աշխարհում և դատապարտելի է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք աջակցել ենք Հնդկաստանին Ջամուի և Քաշմիրի հարցում ու կշարունակենք աջակցել:

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Ի՞նչ կարող եք ասել մեզ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: 

Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year