«Պայքարը ապազգային ուժերի դեմ է, իսկ ազգային ուժերի վարչապետի անունը Արցախ է, ազգանունը՝ Հայաստան»
BLOG
Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.
Արդեն մի քանի շաբաթ է՝ հասարակությունը ընդդիմադիրների հետ միասին պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բնական է, որ հանրության մեծ մասի մոտ հարց է առաջանում, թե ով է լինելու նոր վարչապետը: Սակայն այսօր Ֆրանսիայի հրապարակում լուծվում է ոչ թե վարչապետի կամ իշխանության փոփոխության հարցը, այլ Հայաստանը զավթած ապազգային, անգլո - սաքսերի կողմից ղեկավարվող ուժերի մնալ - չմնալու հարցը: Բնական է, որ պայքարը ծանր է լինելու և այն ճակատագրական է՝ թերևս նոր Սարդարապատ: Ոչ միայն տեսանյութերով, այլ նաև սեփական աչքով և դիտարկումով՝ ոստիկանական բրիգադների մեջ կան ոչ հայկական դիմագծերով տիպեր, որոնք կարծես բնազդներով հարձակվում են ցուցարարների, երթերի մասնակից մարդկանց վրա: Չի բացառվում, որ ոստիկանական ուժերի մեջ ներդրվել են ահաբեկիչներ, որոնց առջև խնդիր է դրվել առանց մարդկային խոսքի, զուտ բռունցքի ուժ գործադրելով իշխանության հրաժարականը պահանջող ժողովրդին «հավաքել» հրապարակներից և փողոցներից: Սա ևս մի ապացույց է, որ 2018թվականի իշխանազավթումը նախագծվել եւ ֆինանսավորվել էր դրսից: Որպես փորձառու և տարբեր երկրներում գունավոր իշխանազավթում կատարած ուժեր՝ սրանք շատ լավ հասկանում են, որ երկրում սոցիալական հենարանի կորուստը բերելու է իրենց վախճանին, որքան էլ օգտագործեն ոստիկանական ուժեր, քանզի լինելով ուժային հենարան, այդ ուժերը չեն վերածվում սոցիալական հենարանի: Իսկ առանց սոցիալական հենարանի սրանք ոչինչ չեն կարող անել: Հենց այս տարբերակով է հնարավոր Նիկոլի հեռացումը՝ նա պետք է գնա այնպես, ինչպես եկել է: Հենց իրենց կանոններով խաղի մեջ պետք է իրենք պարտվեն: Իսկ հաղթելու միակ միջոցը ժողովրդական լայն մասաների հուզումներն են: Պետք է շուտ ոտքի կանգնենք և համախմբվենք,որպեսզի րոպե առաջ ազատվենք այս իշխանություններից և հնարավորինս փորձենք խուսափել աղետալի և կործանարար սցենարներից, որի համար սրանք եկան 2018 թվականին: Այս պարագայում քննարկել թե ով է լինելու նոր վարչապետը, կամ նոր կառավարությունը, դառնում է երկրորդական՝ պայքարը ապազգային ուժերի դեմ է, իսկ ազգային ուժերի վարչապետի անունը Արցախ է, ազգանունը՝ Հայաստան:
Հ.Գ. Հենց հիմա, Նիկոլը փորձում է ցույց տալ, թե իբր Գյումրի ճանապարհին ինքը սոցիալական հենարան ունի:




















































