Արմեն Մարտիրոսյանը՝ գլխավոր անձնական հաջողության և անցնող տարվա քաղաքական մարտահրավերների մասին
INTERVIEW
Past.am-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ կապված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի գործունեության հետ և անցնող տարվա քաղաքական ու անձնական իրադարձությունների մասին:
-Ի՞նչ հետաքրքրվածություն եք տեսնում հասարակության կողմից «Նոր Հայաստան»-ի այս շրջանի գործունեության նկատմամբ և Ամանորն Ազատության հրապարակում դիմավորելու նախաձեռնությանը:
-Չեմ կարող ասել: Ամանորն Ազատության հրապարակում դիմավորելով՝ մենք հասարակությանը որոշակի մեսիջ չէ, որ ուղարկում ենք, այլ շարունակում ենք մեր պայքարը: Ազատության հրապարակն է, ըստ էության, մեր քաղաքական պայքարի կենտրոնը: Մենք այնտեղ կլինենք: Այնտեղ լինելը, մեր հանրահավաքները և պայքարի այլ միջոցները, հնարավորություն են, որպեսզի երկիրն այս իրավիճակից դուրս բերենք: Նոր տարվա գիշերն այնտեղ դիմավորելը Նոր Հայաստանի մեր պատկերացումն է: Ազատության հրապարակը համարվում է մեր նորանկախ Հայաստանի խորհրդանիշ, այնտեղ ծավալված պայքարից ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը:
-Պայքարի ալիքն ի՞նչ հաջողություն ունի և ո՞ր կետում է այն գտնվում:
-Չգիտեմ՝ ինչ հաջողություն ունի: Համենայն դեպս, մեր նպատակին և խնդիրների լուծմանը չենք հասել: Բայց ակնհայտ է՝այս պայքարի շնորհիվ էր, որ հասարակությունը միանշանակ «ոչ» ասեց նոր Սահմանադրությանը: Ես կասեի՝ ոչ այնքան նոր Սահմանադրությանը, որքան իշխանություններին: Հաջողության հասել ենք, բայց դա այն մխիթարանքը չէ, որ պետք է, որովհետև մեր նպատակը բոլորովին այլ է:
-Հասարակությունը, այսպես թե այնպես, կասե՞ր այդ «ոչ»-ը, թե՞ դա ընդդիմության պայքարի արդյունքն է:
-Միանշանակ է, որ հասարակությունն իշխանությունների նկատմամբ որևէ վստահություն չունի: Դա իշխանությունների «ձեռքբերումն» է:Բայց կարող եմ ասել՝ ընդդիմադիր պայքարի արդյունքում է, որ որոշակի դրսևորում է ստանում այդ ամենը: Այսինքն՝ քաղաքացիներն իրենց վճռական «ոչ»-ը ասեցին:
-Իսկ տարին ի՞նչ տրամադրվածությամբ եք փակում:
-Անձնական առումով, կարող եմ ասել, որ լավ, պետության առումով՝ վատ: Անձնականը շատ լավ էր, որովհետև երեխա ունեցա այս տարի, բայց պետության առաջ ծառացած խնդիրները ոչ թե նվազում են, այլ խորանում և շատանում են:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի




















































