Տնտեսական իրավիճակը, ռուբլու արժեզրկումը շատ մեծ զսպում կլինի ՌԴ-ի արտագնա զբոսաշրջության համար
INTERVIEW
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ցանկացել են իրենց գործունեությունը ժամանակավորապես ծավալել Հայաստանում, իսկ տուրիզմի ոլորտի փորձագետներն էլ ակնկալում են ՌԴ-ից զբոսաշրջային այցելությունների հնարավոր աճ:
Այս թեմայով զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կդառնա այլընտրանքային այն ուղղությունը, որը կնախընտրեն Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության մեկնող քաղաքացիները` մասնագետն ասաց. «Միանշանակ ակնկալել, որ Հայաստանն այլընտրանքային ուղղություն կլինի, պետք չի, քանի որ առկա են փոխադարձ զսպող գործոններ. մի կողմից՝ ռուբլու արժեզրկումը, մյուս կողմից՝ ՌԴ-ից զբոսաշրջային ուղղությունների ոչ մեծ այլընտրանքը: Մենք պետք է հաշվի առնենք, որ տնտեսական իրավիճակը, ռուբլու արժեզրկումը շատ մեծ զսպում կլինի ՌԴ-ի արտագնա զբոսաշրջության համար: Դրա համար ակնկալել, որ՝ տեսեք, ինչքան զբոսաշրջիկներ են ՌԴ-ից գալու մեզ մոտ, միանշանակ չէ: Բացի դրանից՝ այս իրավիճակում ռուսաստանցիների համար ճանապարհորդելու ցանկությունն էլ մեծ չի լինելու: Որոշակի այցելություններ, իհարկե, կունենանք. չէի ասի՝ շեշտակի ավելացում, բայց, համենայն դեպս, կունենանք»։
Սոնա Գիշյան




















































