Երիտասարդական նվագախումբը անցնող տարվա ընթացքում 66 համերգ է ունեցել
CULTURE
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար անցնող տարին դժվար էր և լի համերգներով: Այս մասին դեկտեմբերի 25-ին նշեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«2015-ը կարևորագույն տարի էր բոլորիս համար, և մենք անմասն չենք մնացել, եղել ենք ամենաակտիվ կոլեկտիվներից մեկը, փորձել ենք հնչեցրել այն, ինչ մտածել ենք, որ կարելի է հնչեցնել: Այն հաջողությունները, որ ունեցանք 2015-ին, շատ էին: Ունենք շատ մեծ արդյունքներ: Նվագախումբն ունի երկու կայացած փառատոն: Խաչատրյանի փառատոնը վերջերս ավարտվեց, 2016-ին ենք սպասում: Այս տարի ունեցանք 66 համերգ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում` այդ թվում ամենակարևոր համերգային դահլիճներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը տեղեկացրեց, որ այդ 66 համերգներին մասնակցել է 65 հազար հանդիսատես:
«Ակտիվ ենք եղել նաև մարզերում: Դեռ շատ քիչ կոլեկտիվներ և արտիստներ են տեսնում իրենց համերգային գործունեության մեջ մեր մարզերը: Այս տարի 7 համերգ ենք ունեցել մարզերում, հաջորդ տարի ոչ պակաս քան 7-ը կանենք»,-նշեց նա:
Սերգեյ Սմբատյանը հատուկ շեշտեց, որ 2015-ին երիտասարդականը գործուն մասնակցություն է ունեցել 24/04 համաշխարհային նվագախմբի կազմավորման, ապրիլի 24-ի համերգի կայացման գործում, որը, նրա բնորոշմամբ, տարվա ամենակարևոր համերգներից էր, և դեռ երկար կմնա բոլորի հուշերում:
«Հայաստանում երևի թե ամենասիրված կոլեկտիվներից է: Մեր համերգները լեփ-լեցուն են անցնում ,այս տարի մեզ հետ ելույթ են ունեցել Դմիտրի Խվորոստովսկին, Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը և այլ արտիստներ»,-շեշտեց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: 2008-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ: Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և դրա սահմաններից դուրս:




















































