Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում
CULTURE
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Հունվարի 15-ին կունենանք համերգ Սերգեյ Խաչատրյանի հետ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ամենապրոֆեսիոնալ ձևաչափի փառատոններից մեկն է: Փառատոնի մեկնարկային համերգն է: Սերգեյ Խաչատրյանը մեր ամենալավ երաժիշտներից մեկն է, սիրով սպասում ենք նրան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին: Հունվարի 15-ի համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Մարտիրոսյանի գործերը:
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը բնակվում է Գերմանիայում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի մոտ: Հետագայում ուսումը շարունակում է Վյուրցբուրգ քաղաքում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ`որպես մենակատար։ Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում: Որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:




















































