Վահես վերածնվեց․ այսօր իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչն ու ծիծաղը (լուսանկարներ)
INTERVIEW
«Փոքրիկս նորից ապրելու հույս ու իմաստ բերեց մեր ընտանիք, իր ծնունդով կյանքս փոխեց 180 աստիճանով ու օգնեց զգալ Վահեիս ներկայությունը։ Հենց նրա շնորհիվ է, որ ես ամեն օր զգում եմ, որ նորից գրկում եմ Վահեիս»,- այսպես սկսեց 44-օրյա պատերազմի հերոս Վահե Բաղդասարյանի մայրը՝ տիկին Ստելլան, իր երկու զավակների պատմությունը:
Մայրն առաջինն է եղել, որ ոգեւորել է որդուն, երբ իմացել է, որ տղային կանչել են զինկոմիսարիատից. «Վահեին կանչեցին զինկոմիսարիատ․ 30 րոպե հետո զանգահարեց ու ոգեւորված ասաց` մամ ջան, ես բանակ եմ գնում, ինձ պովեստկա են տվել: Հիշում եմ` շատ էր ուրախացել, շատ հպարտ էր, որ պետք է ծառայեր Հայոց բանակում։ Ես նրան այդ օրն էլ ասացի, որ բանակը տղայի համար է, տղան պետք է ծառայի, որ լինի հայրենասեր ու արժանի զավակն իր հայրենիքի»:
Վահեն, կամ ինչպես ծառայակից ընկերներն էին անվանում` «Կյաժը», ծառայության է անցել 2019 թ. հունվարի 18-ին։ Առաջին 6 ամիսը ծառայել է Մատաղիսում, հետո` տեղափոխվել Թալիշ:
«Միշտ հպարտությամբ էր պատմում իրենց զինվորական անձնակազմի մասին: Չի եղել մի օր, որ դժգոհեր կամ բողոքեր ծառայությունից: Իսկ երբ արդեն լրացավ ծառայության 1 տարին, նորակոչիկներ եկան իրենց զորամաս, ինքն էլ՝ որպես դեմբել, շատ էր օգնում մալադոյներին, ասում էր, թե ինքն էլ է մալադոյ եղել եւ գիտի, թե ինչ է դա»:
Որդու վերջին զանգը միշտ մոր ականջներում է․ մոտ 1 ժամ տեւած զրույցը կարծես մինչ այսօր էլ չի ավարտվել.
«Ուշ երեկո էր, զանգեց Վահես, մոտ մեկ ժամ խոսեցինք, խոսակցության վերջում էլ ասաց՝ դե լավ, հաջող, գանձերս, ձեզ բարի գիշեր, վաղն առավոտյան էլի կզանգեմ, բայց էլ ո՛չ ձայնը լսեցինք, ո՛չ զանգը ստացանք»:
Սեպտեմբերի 30-ին Թալիշի անտառներում թուրքական ԱԹՍ-ն նկատել էր Վահեին խրամատ փորելիս ու հարվածել, իսկ երբ ընկերները փորձել էին օգնության հասնել` 2-րդ հարվածն էր եղել.
«Տղաս գլխից վիրավորվել էր, երբ իրավիճակը խաղաղվել է, ընկերները կանչել են՝ Կյաժ, Կյաժ, բայց երբ մոտեցել են, տեսել են՝ Կյաժը էլ չկա․ 2-րդ հարվածին Վահեն չէր դիմացել։ Զոհվեց սեպտեմբերի 30-ին»։
Ընդամենը երեք օր տեւեց շարքային Վահե Բաղդասարյանի կռիվը։ Բաղդասարյանների ընտանիքը որդու զոհվելու բոթն իմացավ հոկտեմբերի 4-ին` Մատաղիսի զորամասերից մեկում աշխատող մի կնոջից․
«Սկզբում ես վերցրի հեռախոսը, ասացին կներեք, կտա՞ք հեռախոսը Ձեր ամուսնուն, ասացի ի՞նչ է եղել, ինձ ասեք, ասացին չէ, տվեք ամուսնուն, տվեցի ամուսնուս, վերցրեց․ կներեք, ցավակցում եմ, Ձեր տղան զոհվել է»։
Ընտանիքը ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ չարաբաստիկ լուրին։ Համոզվելու համար տղայի հայրը գնացել է Մուրացան հոսպիտալ, որտեղ Վահեի վիրավոր ծառայակիցն էր բուժում ստանում․
«Այդ տղան վիրավորվել էր Վահեիս օգնելիս, ամուսնուս ասել էր՝ Վահեն իմ ձեռքերի մեջ է զոհվել, ես ներկա եմ եղել, կներեք, որ չկարողացանք փրկել»։
Որդու զոհվելուց հետո ծնողների համար ապրելը շատ ծանր էր, բայց երկար մտածելուց հետո մայրը միանշանակ որոշել է՝ ամենը պետք է անի, իրենց տունը նորից երեխայի ճիչով լցնելու համար․
«Որոշեցի, որ Վահես պետք է վերածնվի ու այդպես էլ եղավ։ Նորից գրկում եմ Վահեիս, այսօր իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչն ու ծիծաղը»։
Աննա Չիբուխչյան




















































