Տեղահանված ընտանիքները նոր աջակցություն կստանան
SOCIETYԱդրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։
Ծրագիրը հնարավորություն կտա տեղահանված 3000-ից ավելի ընտանիքներին ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։ Ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում՝ սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի և տոկոսագումարի վճարում, մասնավորապես՝
Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։
ՀՀ կառավարություն



