Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Սոցիալական ցավագին խնդիրներն առջևում են. եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ապա սոցիալական բունտն իրեն սպասել չի տա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում մոլեգնող գնաճի, սոցիալական դրության ավելի ու ավելի վատթարացման, ինչպես նաև պետության առաջնահերթ խնդիրների շուրջ «Փաստը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, Հայաստանի սպառողական շուկայում գնաճը շարունակվում է: 2022-ի հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ, պաշտոնական տվյալներով, գնաճը կազմել է 7,1 %, թեպետ կան առանձին ապրանքատեսակներ, որոնց գնաճն անցնում է 50 տոկոսը: Ընդհանուր առմամբ, գնաճային ինչպիսի՞ ֆոն ունենք:

-Լավ ֆոն, որովհետև երկու անգամ հավի ձվի գինն իջել է: Սա, իհարկե, դառը կատակ է: Այդ հարցով պետք է զբաղվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, անկախ այն բանից, որ սպառողներն այս առումով որոշ ժամանակ կշահեն: Միևնույն ժամանակ, որոշ արտադրողներ, որոնք կփորձեն հետագայում գների խիստ բարձրացմամբ վերականգնվել, վնասներ կկրեն: Ընդհանուր առմամբ, գների հաճախակի և մեծ ամպլիտուդով տատանումները լավ երևույթ չեն: Գների անկմանն էլ պետք է զգուշավոր վերաբերվել: Օրինակ՝ կարծես, մրգի գները նվազել են, իսկ տավարի մսի գինը չի բարձրացել: Հատկանշական է, որ ներկրվող որոշ արևադարձային մրգատեսակներ էլ այս տարի համեմատաբար ցածր գին ունեն: Ցածր գինը կարող է նաև բնակչության սոցիալական վիճակի վատթարացման ցուցիչ լինել, այսինքն՝ մարդկանց գնողունակությունն ընկել է: Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, որն, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 7,1 %, ապա սա միջինացված ցուցանիշ է, որը ոչինչ չի ասում իրավիճակի մասին: Դա նույնն է, թե ասեն, որ հիվանդանոցում հիվանդների միջին ջերմաստիճանը 36,6 է:

Զարգացած երկրների պարագայում այդ միջին ցուցանիշը որպես ցուցիչ կարող է դիտարկվել, բայց Հայաստանն աղքատ երկիր է, թեպետ ընդգրկված է միջինից բարձր եկամտով երկրների շարքում: Զբաղվածների ավելի քան 60 տոկոսի միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը 2021 թվականին կազմել է 204 հազար դրամ, հավելաճը՝ 7,6%, ինչը նշանակում է, որ իրական հավելաճը կազմել է 0,5% (7,6-7,1): Սա՝ մակերեսային մոտեցմամբ: Այսինքն, աշխատավարձի ձևով բնակչության ստացվող եկամուտների անվանական աճը կազմել է 0,5%, մինչդեռ իրականում այլ է իրավիճակը: Նույնիսկ, եթե ընդունվի, որ զբաղվածների 80 %-ի աշխատավարձը կազմել է 200 հազար դրամ, ապա դրա առնվազն 80 %-ը ծախսվել է սննդի և կոմունալ վճարումների վրա: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 12,2 %-ով:

Հետևաբար, իրականում միջին աշխատավարձը զբաղվածների մեծ մասի համար պակաս է եղել 24,4 հազար դրամով: Այսինքն, իրականում այն կազմել է 175,6 հազար դրամ, ինչը նշանակում է, որ միջին աշխատավարձը 2020 թվականի համեմատ նվազել է մոտ 8 %-ով: Ավելին՝ բնակարանային ծառայությունների¬՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներն աճել են 2,8 %-ով, հագուստինը և կոշկեղենինը՝ 10,8 %-ով: Այո, որոշ ապրանքատեսակներ թանկացել են ավելին՝ համատարած կերպով, սակայն, հանդիպում են տնտեսվարողներ, որոնք, օգտվելով առիթից, բարձրացնում են ինչ-որ ապրանքատեսակների գներ, որոնք տեղական արտադրության չեն (օրինակ՝ սուրճ): Ի վերջո, կարևորն այն է, թե գնաճի ազդեցությամբ որքանով է աճել սպառողական զամբյուղի արժեքը, տնային տնտեսությունների վերջնական ծախսերի մեջ որքան է կազմել սննդամթերքի վրա կատարված ծախսերի մասնաբաժինը:

-Ներկայիս գնաճի ու առկա տնտեսական իրավիճակի պայմաններում սոցիալական ինչպիսի՞ խնդիրների առաջ կարող ենք կանգնել՝ հաշվի առնելով, որ թե՛ ապրանքների, թե՛ ծառայությունների գնաճին զուգահեռ մարդկանց եկամուտները չեն ավելանում:

-Իսկ ինչպե՞ս կարող են աճել մարդկանց եկամուտները, եթե տնտեսության արտադրողականությունը չի բարձրանում, թեպետ նշվածը նախատեսված է կառավարության ծրագրով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տնտեսության բարդության աստիճանի բարձրացմանը: Ծրագրով նախատեսված է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը պետք է մուտք գործի առաջավոր տնտեսությունների շարքեր: Տեսականորեն հնարավոր է: Մինչդեռ գործնականում¬, երբ տնտեսության պատասխանատուները հույսները դրել են զբոսաշրջության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վրա, իսկ սահմանային տեխնոլոգիաների մասին խոսում են զուտ տպավորություն թողնելու համար, ապա նման հավակնոտ նպատակն անիրագործելի է: Որպես օրինակ՝ Հայաստանի տնտեսության բարդության համաթիվը, ըստ Հարվարդի համալսարանի Աճի լաբորատորիայի մեթոդաբանության, -0,27 է: Դրա հիմքում արտահանման զամբյուղն է: Հիմա այդ զամբյուղը ձևավորվում է երկրում թողարկվող արտադրանքից, որի բարդության աստիճանից էլ, ի վերջո, կախված կլինի նշված համաթիվը: Եթե ճամփորդությունը և զբոսաշրջային ծառայությունների բարդության աստիճանը -0,719-ն է, ապա պարզ է, որ դրանով հնարավոր չէ ապահովել բնակչության ընդհանուր բարեկեցությունը, բարձրացնել գնաճի նկատմամբ նրա դիմադրողականությունը: Ասվածը բավարար է, որպեսզի պարզ լինի հետևյալը. սոցիալական ցավագին խնդիրներն առջևում են, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, ապա սոցիալական բունտն իրեն սպասել չի տա:

-Տնտեսական բլոկի ներկայացուցիչները բացառապես համաշխարհային շուկայում առկա գնաճի գործոնն են մատնանշում: Ի՞նչ եք կարծում, ամեն դեպքում, տնտեսական բլոկն ամբողջությամբ օգտագործո՞ւմ է գնաճը զսպելու մեխանիզմները:

-Իզուր են այդպես վարվում, քանի որ իրենք կոչված են մեղմելու արտաքին շոկերի ազդեցությունն ազգային տնտեսության վրա:Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ նշված բլոկը պայմանականորեն երկու մասից է բաղկացած. կառավարություն՝ ի դեմս էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, և Կենտրոնական բանկ: Նրանցից յուրաքանչյուրին օրենսդրորեն վերապահված են որոշակի գործառույթներ, որոնց առնչությամբ էլ, հավանաբար, պետք է հայտարարություններ անել ու ոչ միայն: Գնաճի նպատակային ցուցանիշից էական շեղումների դեպքում կառավարությունը պարտավոր է ինդեքսավորել հասարակության սոցիալապես խոցելի շերտերի եկամուտները: Օրինակ՝ կենսաթոշակառուների կենսաթոշակները, պետական հատվածում ցածր վարձատրվողների աշխատավարձերը: Կառավարություն-մասնավոր հատվածի գործակցությամբ՝ նման քայլեր կարող են ձեռնարկել նաև մասնավոր ընկերությունները: Կենտրոնական բանկին վերապահված է դրամավարկային քաղաքականությունը և այդ համատեքստում գնաճի նպատակադրումը: Փաստորեն, իր գործիքակազմով ԿԲ-ն ի զորու չի եղել զսպելու գնաճը, ինչի արդյունքում մոտ 78 %-ով փաստացի գնաճը գերազանցել է նպատակային ցուցանիշը, այսինքն՝ 4%-ը: Այստեղ խոսքը միայն այն մասին չէ, թե ԿԲ-ն որքանով է հմտորեն օգտագործել իր գործիքակազմը, նշանակալի է նաև երկրի տնտեսության ընդհանուր դիմադրողականության ցածր մակարդակի ազդեցությունը. մասնավորապես՝ հիմնական կապիտալի կուտակման ցածր մակարդակ, արտադրողականություն, ինչպես նաև համախառն խնայողությունների ցածր մակարդակներ, պետական պարտքի հսկայական բեռ, արդեն 2022-ին դրա սպասարկման 200 միլիարդ դրամն անցնող ծախսեր:

Կարող ենք ավելացնել նաև արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի նշանակալի բացասական սալդոները: Մի խոսքով՝ ծայրահեղ հիվանդ տնտեսություն, ինչն ավելի ծանրացել է 2020 թվականի պատերազմի հետևանքով: Համեմատության համար նշեմ, որ, ըստ Eurostat-ի, տարեկան արտահայտությամբ եվրագոտում սպառողական գների աճն արագացել է: Գնաճի արագացման գլխավոր գործոնը մնում է էներգակիրների գների աճը: Նախնական տվյալներով, հունվարին այն կկազմի 28,6 %: Չնայած դրան, սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գները հունվարին աճել են 3,6% -ով: Ոչ էներգետիկ արդյունաբերական ապրանքների գները նվազել են 2,3%-ով: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահն օրերս հայտարարեց, որ տարվա ընթացքում իրենք կհասնեն նպատակային ցուցանիշին՝ 3,5%-ի մակարդակին: Այնպես որ, համաշխարհային գներին հղում անելն այնքան էլ ճիշտ չէ:

-Ջուրը և էլեկտրաէներգիան թանկացան, ապրիլից նաև գազի սակագնի բարձրացում է նախատեսվում: Կոմունալ ծառայությունների գների աճը ի՞նչ ազդեցություն է ունենալու արդեն գոյություն ունեցող և չմեղմվող գնաճի վրա: Գնաճի նոր ալի՞ք է լինելու, թե՞ ավելի մեծ խնդիրների ենք բախվելու:

-Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն անհամեմատելի է եվրոպական թանկացումների հետ: Բայց թույլ ու խոցելի տնտեսություններում, բնակչության զգալի մասի ցածր կենսամակարդակի պայմաններում ցանկացած թանկացում ցավալի դրսևորումներ է ունենում: Այնպես որ, ընթացիկ տարում ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացմամբ գնաճի արդեն իսկ ձևավորված բացասական միտումներն էլ ավելի կուժգնանան: Պայմանավորված այս հանգամանքով՝ երկրում աղքատությունն էլ ավելի կխորանա:

-Ընդհանուր առմամբ, ներկայում ի՞նչ ռիսկերի ու ի՞նչ մարտահրավերների է հանդիպել մեր տնտեսությունը՝ հաշվի առնելով նաև անվտանգային խնդիրները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչվող գործընթացի շուրջ առկա այն մտավախությունները, ըստ որի, Հայաստանի տնտեսությունը կարող է կլանվել թուրք գործարարների և թուրք ներդրողների կողմից։

-Եթե կարճ, ապա տնտեսությունը երկու հիմնական անորոշությունների գոտում է գտնվում: Մեկը կապված է համավարակի ազդեցությամբ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող տեղաշարժերով, մասնավորապես առաքման շղթաների վերադասավորումներով, ինչը թե՛ հնարավորություն է և թե՛ մարտահրավեր: Հայաստանի համար դա մարտահրավեր է, որովհետև ինովացիոն ուժ չունեցող երկիր է և մրցունակության ցածր մակարդակ ունի: Այդ զարգացումների առաջին դրսևորումներից մեկը նաև այն է, որ 2020 թվականին 54 %-ով կրճատվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը: Այսինքն, տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ներդրումների արտաքին աղբյուրը գրեթե փակվեց:

Երկրորդ անորոշությունն աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչի դրսևորումը մեր տարածաշրջանում հանդիսացավ Արցախյան պատերազմը, որով, սակայն, անորոշություններն էլ ավելի մեծացան: Էլ ավելի մեծ են անորոշությունները Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: Ուղղակի անհամադրելի տնտեսություններ են՝ թե՛ կառուցվածքով, թե՛ մասշտաբով: Իսկ ամենակարևորն այն է, որ երկու երկրների միջև գոյություն ունի տեխնոլոգիական մեծ խզվածք, ինչը Հայաստանի օգտին չէ: Եթե դա լիներ եվրոպական երկիր, գուցե այդպես մտահոգիչ չլիներ: Աշխարհի մյուս երկրների ներդրումների խիստ նվազման պայմաններում մեր որոշ գործարարներ, աստղաբաշխական եկամուտների ակնկալիքով, սպասում են, թե երբ Հայաստան կներհոսեն թուրքական ներդրումները: Դասագրքային մի պարզ ճշմարտություն կա, ըստ որի, եթե կոշտ պայմաններ չդրվեն օտարերկրյա ներդրողների առջև, ապա շահագործման ու քաղաքական ազդեցության մակարդակը կբարձրանա: Եթե մոռանանք, թե ում հետ ենք գործ ունենալու, ապա գայթակղությունը կհանգեցնի մի պարզ բանաձևի՝ բարեկեցություն, հարստություն VS արժանապատվություն, ազգային անվտանգություն…

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference