Կրասնոդարում սրճարանի վրա հարձակում գործելու համար հային 13 տարվա ազատազրկման են դատապարտել
SOCIETYՀարձակման կազմակերպիչ Ավանես Արզումանյանը առավելագույն խիստ պատիժն է ստացել՝ 13 տարվա ազատազրկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունը:
Հետաքննության տեղեկություններով՝ անցյալ տարվա մայիսի 11-ի գիշերը տրավմատիկ ատրճանակներով, փայտե մականներով, մետաղական մահակներով զինված մի խումբ մարդիկ՝ Ավանես Արզումանյանի գլխավորությամբ հարձակվել էին սրճարանի աշխատակիցների եւ այցելուների վրա: Հարձակումից տուժել էր 8 մարդ, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էր:
«Հարձակումը կազմակերպած Ավանես Արզումանյանին, ով անձամբ փայտե մականով մի քանի անգամ հարվածել էր Տիմուր Աշինովին, եւ վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր, դատապարտել են 13 տարվա ազատազրկման: Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմով գաղութում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Խմբի մյուս անդամները, գործած հանցանքի ծանրությունից եւ հարձակման մեջ իրենց ունեցած դերից կախված, դատապարտվել են 8 ամսից մինչեւ 4 տարվա ազատազրկման:



