Էլերկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ հանրահավաքը շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Հույսերով և նպատակներով լի երիտասարդության կողքին շարունակում են մնալ նաև հայտնի մարդիկ: Life.panorama.am-ին այսօր այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը:
«Ես ինքս շատ մեծ կամքով և հպարտությամբ եմ մասնակցում հոսանքի սակագնի թանկացման դեմ ընթացող խաղաղ ցույցին, ընդ որում մասնակցում եմ ոչ թե որպես ճանաչված մարդ, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ, որպես մարդ, ով իրեն համարում է այս ամենի մասնիկներից մեկը, որովհետև գտնում եմ, որ դա է ճիշտը: Առհասարակ, յուրաքանչյուր քաղաքացի, ով հնարավորություն ունի թեկուզև կարճ ժամանակով մասնակցելու, պետք է պարտադիր ներկա գտնվի այնտեղ և իր լուման ներդնի այս գործում, որովհետև սա շատ արդար պայքար է և անպայման պետք է լինի արդար լուծում ու արդար հաղթանակ: Նստել կրիայի պես սպասել, որ ուր որ է կլուծվի այդ հարցը, սխալ կլինի, եթե յուրաքանչյուրը խաղաղ կերպով կանգնի ոտքի և պաշտպանի իր շահերն ու իրավունքները, մենք շատ ավելի մեծ արդյունքների կհասնենք: Երևի թե մեր ազգովի բացթողումներից է եղել, որ մինչ այսօր այսպես չենք վարվել, այսօր փառք ու պատիվ մեր երիտասարդությանը, ովքեր խթանող ուժ հանդիսացան»,- նշեց Արտյոմ Մարկոսյանը:
Հումորիստը այսօրվա հայ երիտասարդ ցուցարարների մասին ընդգծեց. «Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ այսօր ձևավորվում է շատ ամուր հասարակություն՝ հիմնականում ի դեմս երիտսարդության: Շատ լավ սերնդափոխություն է տեղի ունեցել, դրա մի պարզ վկայություն է այս ամենը, այսօր մեծանում է մի սերունդ, ով ունակ է խաղաղ պայքարելու: Հանրահավաքում ամենաշատը ուրախացնում է այն, որ ոչ մի քաղաքական ուժ կամ լիդեր չկա»:
Իսկ ահա ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն էլ նկատեց, որ ոչ միայն ներկա է գտնվում հանրահավաքին, այլև Բաղրամյան պողոտայում գրեթե ամեն օր գիշերում ցուցարարների հետ միասին. «Շատ եմ կարևորում ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր քաղաքացու ներկայությունը հանրահավաքին, որովհետև սա այն հարցերից է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի և պետք է արտահայտի իր կարծիքը այս կամ այն երևույթի վերաբերյալ, որ տեղի է ունենում մեզ հետ: Իմ օբյեկտիվ և սուբյեկտիվ կարծիքով՝ հոսանքի թանկացումը համարում եմ անիմաստ և անհիմն ու, բնականաբար, ինչպես բոլորը իմ պահանջն եմ ներկայացնում, որ հոսանքը չթանկանա»,- նշեց Արտյոմ Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



