Բաղրամյան պողոտայում տեղակայվել է նաև բուժկետ
SOCIETYԲաղրամյան պողոտայում, որտեղ քաղաքացիներն արդեն 6-րդ օրը բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, տեղակայվել է նաև բուժկետ, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերում բժշկական կամավորներ, ովքեր ունեն բժշկական կրթություն:
Կամավոր բուժաշխատողները հրապարակավ ներկայացրեցին, թե ինչ դեղորայք են պահում իրենց մոտ և որ թմրամիջոց պարունակող և վտանգավոր դեղեր չկան:
Կամավոր բուժաշխատող Վահագն Խաչատրյանը նշեց, որ կամավորների կողմից բերված դեղորայքն անվտանգ է և «հատ առ հատ» նայել, ստուգել են: «Հիմնականում առաջին օգնության դեղեր են՝ հակաբորբոքային, ցավազրկող»,-ասաց նա:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ շտապօգնության մեքենան հերթապահում է, սակայն բուժկետի անհրաժեշտությունը մեծ է, քանի որ մարդիկ շատ են և արև է, շատ են իրենց մոտենում և գլխացավի դեղ խնդրում: Նաև, ըստ նրա, ճնշման հետ խնդիր ունեցողներն են գալիս, որոնց ճնշումը չափում են և համապատասխան դեղն անհրաժեշտության դեպքում տալիս:
Նա նշեց, որ ճնշման ապարատը բերել է մի գինեկոլոգ բժշկուհի, մյուսների բերած դեղերը ստուգվում են և ընդունում միայն անվտանգները: «Բոլորը թող համոզված լինեն, որ առկա դեղերը փակ են ու անվտանգ»,-ասաց նա:



