Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձրացել է 8 սմ-ով
SOCIETYՍևանա լճի մակարդակն այսօր կազմում է 1900.21մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բարձրացել է 8սմ-ով, իսկ տարեսկզբի համեմատությամբ բարձրացել է 8 սմ-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 23-ին տարվա ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Ժամանակ առ ժամանակ տարբեր մարդկանց կողմից հնչում է կարծիք, որ Սևանի վիճակը լավ չէ, սակայն դրանք սիրողական բնույթի խոսակցություններ են: Սևանի մակարդակը 2002 թվականից բարձրացել է 3.89մ-ով, ինչը 0.87մ-ով բարձր է օրենքով նախատեսված 3.02մ-ից», - նշեց Արամայիս Գրիգորյանը:
Այս տարի ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումները սկսվել են հունիսի 2-ին և ավարտվել են 2015թ. սեպտեմբերի 12-ին: Բացթողնված ջրաքանակը կազմել է 167.743 մլն մ3՝ սահմանված մինչև 170մլն մ3 ջրառի չափաքանակին փոխարեն: 2014թ. բացթողումներն ավարտվել են հոկտեմբերի 1-ին, իսկ ջրաքանակը կազմել է 269.633 մլն մ3: 2015թ.-ին բացթողնված ջրաքանակը 101.89 մլն մ3-ով պակաս է 2014թ-ի համեմատությամբ:
«Տեղեկացնեմ, որ այսօրվա վիճակով Արփա-Սևան թունելի կառուցումը խնդիրներ է առաջացնում, որպեսզի մենք ավելի մեծ քանակությամբ ջուր կարողանանք տեղափոխենք դեպի Սևանա լիճ: Բայց կարճ ժամանակ անց վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կկարողանանք հասնել սահմանված 19003,5մ նիշը», - հայտնեց Արամայիս Գրիգորյանը:
Շարունակելով խոսել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ՝ բնապահպանության նախարարն ավելացրեց, որ բարձրացել է Սևանի թափանցելիությունը 8-16մ-ի, ինչը խոսում է ջրի մակարդակի բարձրացման և լճի ինքնամաքրման ընթացքի արդյունավետության մասին:
«Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 605 հազար 447 մանրաձուկ, որից 366 հազար 667 հատը՝ պետական բյուջեի միջոցների: 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմանադրամի կողմից անհատույց տրամադրվել և Սևանա լիճ է բաց թողնվել 2.5-50 գրամանոց շուրջ 238 հազար780 հատ մանրաձուկ», - տեղեկացրեց Արամայիս Գրիգորյանը:
Նախարարը հավելեց, որ ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակում 2015թ. հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են 142,5 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներ Նորատուսում և Վարդենիսում: Իսկ «Սևան» ազգային պարկի հարակից Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 9 հա հողամասը առանձնացվել է N 8 հանրային լողափի կազմակերպման համար:



