Նախագահի նստավայրի պատվավոր հյուրերն այսօր Արցախյան ազատամարտի և ՀՀ զինծառայողների երեխաներն էին
SOCIETYԱրցախյան ազատամարտի վետերանների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայողների և երկրապահ կամավորների երեխաներն ու թոռնիկները դեկտեմբերի 24-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալվեցին ՀՀ նախագահի նստավայրում: Արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող ամանորյա այս միջոցառումներն իրականացվում են երեխաներին խրախուսելու ու ոգևորելու համար` հնարավորություն տալով նրանց տեսնել նախագահական նստավայրը: Հեքիաթների սիրված հերոսները, խաղավարները և Ձմեռ պապն օրն իսկական տոն են դարձնում հարյուրավոր մանուկների համար:
11-ամյա Դավիթ Ղազարյանը Արցախյան ազատամարտին մասնակցած, ազգային հերոս Սարգիս Ղազարյանի որդին է: Արդեն երրորդ անգամ է հյուրընկալվում Նախագահի նստավայրում, այստեղ ձեռք է բերել նոր ընկերներ: «Շատ զգացված եմ, որ ինձ ամեն անգամ հրավիրում են, այստեղ շատ ուրախ է անցնում»,- ասում է Դավիթը: Նա պատմում է, որ Արցախի ազգային ազատագրական պայքարի տարիներին հայրը կռվել է Շուշիում, հետո վիրավորում ստացել: Հայրը միշտ հետաքրքրվում է Դավիթի գործերով, պատմում պատմություններ կռվի տարիներից: Ղազարյանների ընտանիքում հաճախ են հանդիպում պատերազմական ընկ երներով: «Մի քանի օր առաջ էլ հավաքվել էին, երգում էին, պարում քոչարի»,- «Արմենպրես»-ին պատմեց Դավիթը:
Իսկ 2-րդ դասարանցի Սյուզաննան, իմանալով ՀՀ նախագահի նստավայր գնալու լուրը, շատ է ուրախացել: Ձմեռ պապիկին էլ խնդրել է շախմատ բերել իր համար: Իր խոսքով` դասարանում ինքն ամենալավն է շախմատ խաղում և բոլորին հաղթում է:
Նախագահի նստավայրի հյուրն էր նաև հինգ տարեկան Ռաֆայել Ղազինյանը, ով «փերիին» տեսնելով, ինքնամոռաց վազեց նրա մոտ` մոռանալով, որ մեզ խոստացել էր պատմել իր մասին:
Ուրախ տոնակատարությունն ամփոփվեց «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակ Միկայի «LOVE» երգի կատարմամբ. երեխաների ոգևորությանն ու ցնծությանը չափ չկար:



