Գերմանիայի Լեեր քաղաքում հայկական խաչքար տեղադրած Ալբերտ Թովմասյանի խնդրանքը՝ Երեւանի քաղաքապետին (լուսանկար)
SOCIETYԳերմանիայի Լեեր քաղաքի քաղաքային խորհուրդը թույլատրել է քաղաքի Կենտրոնական այգում տեղադրել Լեերի ու Երեւանի բարեկամությունը խորհրդանշող նստարաններ, որոնք այսօր նորաձեւ են Հայաստանում: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց գերմանաբնակ Ալբերտ Թովմասյանը, որի ջանքերով այս տարվա հոկտեմբերի 10-ին Լեերում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարի օծման արարողությունը:
«Լեերը տեւական ժամանակ պատրաստվում էր նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ այն նշանավորելով Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարով: Թուրքիան պարբերաբար բողոքի նոտա էր հղում Լեերի քաղաքապետարան՝ փորձելով խափանել հայկական նախաձեռնությունը: Սակայն մենք կարողացանք հաղթել ոչ միայն թուրքական կառավարությանը, այլեւ անգամ Էրդողանի գրասենյակին՝ ստանալով խաչքարը տեղադրելու մասին եվրոպական առաջադեմ երկրի թույլտվությունը»,- ասաց Ալբերտ Թովմասյանը, որի ընտանիքը միակ հայկական ընտանիքն է Լեերում:
Հայկական ներկայությունն ընդլայնելու նպատակով Ալբերտ Թովմասյանը ցանկանում է, որ Հայկական խաչքարն ընդգրկող այգին մի օր կրի «Հայկական պուրակ» անվանումը: Ահա թե ինչու նա կարեւոր է համարում նաեւ Լեերի քաղաքային խորհրդի որոշումը՝ նստարաններ տեղադրելու թույլտվության մասին:
«Շատ կցանկանայի, որ Երեւանի քաղաքապետարանն այս հարցում աջակցեր մեզ: Գերմանական այս քաղաքն էլ ունի զբոսաշրջային մեծ նշանակություն, այստեղ գալիս են աշխարհի տարբեր երկրներից: Նրանց կանգառներից մեկն անշուշտ Կենտրոնական այգին է, որտեղ վեր է հառնում հայկական խաչքարը, որի փորագրված է «Հայոց ցեղասպանություն, մեկուկես միլիոն զոհեր, հայ»: Սա կարող է ունենալ քարոզչական մեծ նշանակություն: Նստարանների տեղադրումը եւս մեկ քայլ է, որով մենք կմոտենանք մեր ծրագրի իրականացմանը»,-նշեց Ալբերտ Թովմասյանը:






