Եթե ձերբակալում են քաղաքական, պետական դեմքերի, լավ կլիներ, որ հասարակությունը մի քիչ ավելի շատ տեղեկացվեր. Արամ Կարապետյանը՝ Շիրխանյանի ձերբակալության մասին
INTERVIEW
Ինչպես հայտնի է, երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝ Վահան Շիրխանյանին երկու ամսով կալանքի ենթարկելու մասին:
Պաշտպանության նախկին փոխնախարարին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել:
Մեր զրուցակցը ցանկանում է հետևել ԱԱԾ-ի կոչին, ըստ որի, որոշ ժամանակ հետո կլինեն պարզաբանումներ: Այնուհանդերձ, պարոն Կարապետյանը հավելեց. «Եթե ձերբակալում են քաղաքական, պետական դեմքերի, լավ կլիներ, որ հասարակությունը մի քիչ ավելի շատ տեղեկացվեր:
Այդպես կարելի է ողջ քաղաքական դաշտը հավաքել, խնդիրներ լուծել, հետո ասել՝ էդ մարդիկ մեղավոր են: Գորիկ Հակոբյանն իր հարցազրույցում ասաց, որ սպասենք մինչև դատ, իսկ եթե դատը լինի երեք տարի հետո, այդ ընթացքում հարյուրավոր մարդիկ ձերբակալվեն, հասարակությունը չպե՞տք է իմանա՝ ինչ է կատարվում:
Հո 37 թիվը չի՞, որ գան գիշերը տանեն ու բան չիմանանք: Ես կողմնակից եմ չմիջամտել և սպասել, միևնույն ժամանակ, տեղեկացված լինել: Դա կրիմինալ խմբավորում չէ, դա քաղաքական հարց է, իսկ քաղաքական հարցերը պետք է լինեն հանրային տեղեկացվածության բարձր աստիճանում:
Պետք չէ՝ ասեն, թե այս մարդն ինչում է մեղադրվում, բայց կարելի է միջանկյալ տեղեկություններ տալ: Հասկանում ենք, որ կան նախաքննության գաղտնիքներ, բայց որոշակի ինֆորմացիա անհրաժեշտ է»:
Լևոն Փանոսյան




















































