Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Ժամանակի ընթացքում մարդկանց ճնշող մեծամասնությունը մերժելու է այս իշխանությանը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ից գրեթե մեկ տարի անց հայ հասարակությունն արձանագրեց այն, ինչ կատարվեց պատերազմի հետևանքով: Այսինքն, հիմա պատերազմում ունեցած պարտությունն Ադրբեջանը փորձում է կապիտալիզացնել այնքան, որքան հնարավոր է. մենք ականատես ենք, թե ինչպես են կարողանում ձևակերպել իրենց հաղթանակը:

«Փաստի» հետ զույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո առկա իրավիճակին:

«Կապիտուլ յացիայից մեկ տարի անց մենք տեսանք ու հասկացանք, թե պատերազմում պարտությունն ինչ բացասական հետևանքներ է բերում դիվանագիտական ճակատում: Ի վերջո, որպես ժողովուրդ, մենք պետք է հասկանանք, որ, ընդհանուր առմամբ, դիվանագիտական ճակատում հաջողություն ունենալը հնարավոր է այն դեպքում, երբ դու ունես ուժեղ թիկունք՝ ի դեմս ուժեղ տնտեսության, ուժեղ, միասնական հասարակության, էֆեկտիվ քաղաքական համակարգի ու ուժեղ դաշնակիցների: Իսկ ի՞նչ արեց այս իշխանությունը. առհասարակ, երեք տարվա ընթացքում կազմաքանդեց հասարակության միասնությունը, հասարակությանը բաժանեց սևերի և սպիտակների: Նաև փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ ու առնվազն անվստահություն առաջացրեց իր պահվածքով: Մենք ականատես եղանք դետալների, որոնք Փաշինյանի իշխանությունը որպես անկախ դրսևորում էր ներկայացնում՝ ցույց տալու, թե իբր նա նորովի է ուզում ներկայացնել Հայաստանը: Բացի այդ, այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ բանակցային գործընթացը փլուզվի, ինչի հետևանքով Ադրբեջանը և Թուրքիան ագրեսիա սկսելու լեգիտիմ իրավունք ստացան: Այս վերջին մեկ տարվա ընթացքում մենք այս ամենի հետևանքներն ենք տեսնում»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, այս ամենի հետևանքը, մեծ հաշվով, այն սխալ քաղաքականությունն էր, որն իրականացնում էր այս իշխանությունը: «Մյուս կողմից՝ պատերազմից հետո ցանկացած նորմալ երկրում առաջանում է փոփոխության պահանջ, այն է՝ իշխանությունը չի կարող երկար շարունակել պաշտոնավարումը, քանի որ պատերազմի պարտությունն իր վրա է գրվում, քանի որ այդ իշխանությունը դառնում է ոչ լեգիտիմ»,- ասաց Բոզոյանը՝ շեշտելով, որ մեկ տարվա ընթացքում, ցավոք, իշխանափոխության չհասնելը մեծագույն մինուս է:

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր եռակողմ հանդիպմանն ու նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման շուրջ մտահոգություններին՝ քաղաքագետը նշեց. «Մտահոգությունների պատճառն առաջին հերթին այս իշխանությունների նկատմամբ առկա անվստահությունն է: Այս իշխանությունը նախ՝ թույլ բանակցող է, երկրորդ՝ անընդհատ սուտ է խոսել: 44-օրյա պատերազմի ընթացքում այս իշխանությունը փաստացի ամեն ինչ ճիշտ հակառակ ձևով էր ներկայացնում: Վերջում հասարակությունը հաղթանակ էր սպասում, պարզվեց՝ խայտառակ պարտություն էր:

Սուտ խոսելն ու թույլ բանակցային գործընթաց տանելը հասարակության մոտ իշխանության նկատմամբ խոր անվստահություն է առաջացրել, այդ պատճառով անընդհատ կա վատ սպասում առ այն, որ այս իշխանությունն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու, որը ճակատագրական հետևանք է ունենալու Հայաստանի և Արցախի համար: Հիմա թե իրականում ինչ փաստաթուղթ են ստորագրելու, ինչ գործընթաց կա, դժվար է խոսել այդ ամենի շուրջ, քանի որ ամեն ինչ ասեկոսեների մակարդակով է: Բայց մեկ բան է պարզ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, փաստորեն, պետք է առաջ տանեն սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը: Սա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Բայց մյուս կողմից՝ հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որ դա չվտանգի Արցախի խնդիրը: Եթե Արցախի խնդիրը վտանգվի, լուրջ հարված կլինի հայության համար:

Այսինքն, այստեղ դիլեմայի խնդիր կա. ինչպե՞ս տանել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը, որ միաժամանակ չվտանգենք Արցախի խնդիրը: Թեպետ կան շրջանակներ, որոնք ասում են, որ Ադրբեջանի հետ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի ընդհանրապես չարժե գնալ, բայց մյուս կողմից՝ դա պահանջում են հիմնականում բոլոր խաղացողները, այսինքն՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ԵՄ-ն: Պահանջում են, որ սահմանագծում, սահմանազատում լինի՝ հետագայում հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար: Այս առումով սա կարևոր գործոն է»:

Երվանդ Բոզոյանի խոսքով, իշխանությունը պետք է այնպես անի, որ այդ գործընթացի հետևանքով վնասներ ու կորուստներ չլինեն. «Մինչդեռ, քանի որ իշխանության հանդեպ վստահություն չկա, դժվար է ասել՝ կկարողանա՞ն լուծել այդ խնդիրը, թե՞ ոչ, կամ որքանո՞վ էֆեկտիվ կլուծեն: Դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն իրականում բարդ է: Մինչ օրս Հայաստանի և Վրաստանի սահմաններն ընդամենը մոտ 62 տոկոսով են ճշգրտված, նույնը կարելի է ասել Ադրբեջանի և Վրաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի սահմանների մասին: Չկան երկրներ, որոնք 100 տոկոսով ճշգրտել են իրենց սահմանները:

Մեր պարագայում ՀՀ սահմաններն էլ հնարավոր չէ 100 տոկոսով ճշգրտել, նույնիսկ եթե որպես հիմք ընդունեն Խորհրդային Միության քարտեզները, ինչին հղում են անում իշխանության ներկայացուցիչները: Իրականում խնդիրը հետևյալն է. պետք է հասկանալ՝ դրանից հետո այդ երկու երկրների միջև ի՞նչ զարգացում է լինելու՝ պատերա՞զմ, սառը պատերա՞զմ, թե՞ համագործակցություն: Եթե այդ գործընթացն ավարտվի այնպես, որ նորից պատերազմի վտանգ առաջանա, ապա տարածաշրջանն այս անգամ կարող է հայտնվել լուրջ ցնցումների մեջ, կվերածվի երկրորդ Սիրիայի, իսկ Երևանն ու Բաքուն պատերազմի թատերաբեմ կդառնան»:

Նրա խոսքով, սակայն, այս պահի դրությամբ նման սցենարի զարգացման հնարավորությունը շատ հեռու է իրականություն դառնալուց. «Նման սցենար չեն ուզում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Իրանում: Երկրորդ տարբերակը ջերմ հարաբերությունների հաստատումն է, կոմունիկացիաների բացումը, ինչին ևս չեմ հավատում:Երկարաժամկետ ու սառը հարաբերությունները, չլուծված խնդիրները, կոշտությունը, ի վերջո, զոհերն այնքան շատ են, որ միանգամից ջերմ հարաբերություններ չեն հաստատվի, կոմունիկացիաները միանգամից չեն աշխատի: Կարծում եմ՝ ավելի շատ դանդաղ գործընթաց կլինի, որտեղ անընդհատ կխոսեն սահմանագծման, սահմանազատման մասին, նույնիսկ չեմ բացառում, որ որոշակի ճանապարհներ փորձնական սկսեն աշխատել: Դրանից հետո արդեն դժվար է ասել, թե ինչ գործընթաց է լինելու, ինչ տրամադրություններ են լինելու Հայաստանում, Ադրբեջանում, և, ի վերջո, երկրները երկարաժամկետ պատերազմի՞, թե՞ երկարաժամկետ խաղաղության են պատրաստ լինելու»:

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն առնվազն պետք է 10, 15, 20 տարի ժամանակ շահի, արդիականացնի իր տնտեսական, քաղաքական համակարգերը. «Նաև նորմալ, ժամանակակից բանակ ձևավորելուց ու լուրջ երկիր դառնալուց հետո կկարողանանք մեր շահերը պաշտպանել:Օրինակ՝ Արցախի խնդիրը հիմա լուծելու դեպքում ի վնաս մեզ կլուծենք, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, թույլ խաղաթղթեր ունենք: Մենք պետք է ժամանակ շահենք: Այդ տեսանկյունից կարելի է գնալ ցանկացած քայլի, որը, սակայն, չի վտանգի մեր ռազմավարական նպատակները: Մեծ հաշվով, Արցախի հարցը ֆիքսելով՝ պետք է փորձենք որոշ հատվածներում դեմարկացիայի ու դելիմիտացիայի խնդիր լուծել: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը սխալ է, նույնիսկ անիմաստ է դրա մասին խոսել»:

Երվանդ Բոզոյանի խոսքով, միևնույն ժամանակ, պարտված դեմքով իշխանությունը անգամ չի կարող այդ ժամանակը շահել: «Եթե անգամ ենթադրենք, որ այս իշխանությունները կարող են խելքի գալ, հասկանալ, իրենք, միևնույնն է, պարտվել են: Իրենք այնքան են խաբել, այնքան տարածքներ են կորցրել, որ ժողովրդի առնվազն 30 տոկոսի մոտ կայուն անվստահություն ունեն: Մնացած 70 տոկոսն էլ պարզապես «էրոզիայի» է ենթարկվում ու ժամանակի ընթացքում մարդկանց ճնշող մեծամասնությունը մերժելու է այս իշխանությանը: Հայաստանում սպասվում է այդ գործընթացը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients